ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ցանկից դուրս են մնացել ՀՀ պետական գերատեսչությունները:

 

Օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է եղել, իսկ երկրորդ եռամսյակում այն բացակայում է, մինչդեռ պետական այս կառույցն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում գլխավորել է հազար խոշոր հարկատուների ցանկի 3-րդ տեղը: Պարզվում է, որ երկրորդ եռամսյակում այն ցանկից դուրս է մնացել:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ցանկում մնացել է ՀՀ կենտրոնական բանկը, որը, հայտնվելով 129-րդ տեղում, պետական բյուջե կատարել է 911 մլն 891 հազար դրամի չափով հարկ ու տուրք:

Այն ժամանակ, երբ պետական գերատեսչությունները հայտնվեցին հարկատուների ցանկում, Պետական եկամուտների կոմիտեն շտապեց հայտարարել, որ պետական հատվածի մարմինների հայտնվելը խոշոր հարկատուների ցանկում պայմանավորված է բացառապես վճարումների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ։ Այսինքն՝ նոր մեթոդաբանության համաձայն՝ հրապարակվող ցանկերում ներառվել էին նաեւ պետական հատվածի հարկ վճարողները։

Բայց ավելի ուշ ՊԵԿ-ն առաջարկել էր ՀՀ կառավարությանը 1000 խոշոր հարկատուների ցանկից հանել պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները։ Ըստ ՊԵԿ-ի՝ այս կառույցներն իրականում ոչ թե բյուջետային մուտքեր են ապահովում, այլ բյուջեից ստացած ֆինանսավորման մի մասը` հարկերի տեսքով, նորից վերադարձնում են բյուջե։ Ստացվում է, որ կառավարությունն ընդունել է ՊԵԿ-ի առաջարկը, եւ խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել միայն տնտեսվարողներն ու հարկ վճարողները։

Իսկ, ընդհանուր առմամբ, նկատենք, որ հարկատուների ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որի 15 տոկոս բաժնետերը, ի դեպ, կառավարությունն է: Այս ընկերության հարկային վճարումները կազմել են 104 մլրդ 777 մլն 628 հազար դրամ: Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 33 մլրդ 58 մլն 796 հազար դրամ հարկ ու տուրքով:

«Գազպրոմ Արմենիա»-ին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 20 մլրդ 16 մլն 185 հազար դրամ: Իսկ հազար խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ վճարած 10 մլրդ 803 մլն դրամ հարկ ու տուրքով:

Այս ընկերությանը հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Թեղուտ» ընկերությունը, որի կողմից կատարվել է 8 մլրդ 903 մլն 200 հազար դրամ: Ի դեպ, «Թեղուտ» ընկերությունը չշահագործվելու պատճառով հազար խոշոր հարկատուների ցանկից դուրս էր եկել, հետո հայտնվեց:

Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների հնգյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում: Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կա՛մ ծխախոտ արտադրող է, կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրող, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցող: Արի ու տես, որ Փաշինյանի՝ դեռեւս 2018-ին խոստացած բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսությունից հեռու ենք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՊՂՊՋԱԿԻ ՊԵՍ ՊԱՅԹԵԼՈՒ Է

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա6 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը կազմել է 11,8 տոկոս։ Այս աճը հիմնականում ապահովվել են շինարարության, առեւտրի եւ ծառայության ոլորտները։

 

2022 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ոլորտն աճել է 5,8 տոկոսով, շինարարությունը՝ 12,7  տոկոսով, առեւտուրը՝ 10,7 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 26,9 տոկոսով։ Արդյունաբերության ոլորտի համեստ աճը պայմանավորված է Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման եւ դոլարի արժեզրկմամբ պայմանավորված ոչ հանքահումքային արտադրատեսակների արտահանման կրճատմամբ։

Առաջին հայացքից թվում է, որ երկնիշ աճը Հայաստանի տնտեսության համար անսպասելի եւ մեծ ձեռքբերում է, սակայն իրականում այն պայմանավորված է արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների ժամանակավոր հոսքով եւ տրանսֆերտների աճով, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում մետաղների բարձր գներով։

Ուշագրավ է, որ այս տարվա ընթացքում 36,3 տոկոսով ավելացել են արտահանման ծավալները այն դեպքում, երբ արտահանողները, գործարարները պարբերաբար դժգոհում են դոլարի արժեզրկման բացասական հետեւանքներից։ Դեռեւս պաշտոնապես հրապարակված չեն արտահանման կազմն ու կառուցվածքը, սակայն ակնհայտ է, որ այդ աճը հիմնականում ապահովել է հանքահումքային արտադրանքը։ Միաժամանակ ներկրման ծավալների 48,7 տոկոսով աճի պատճառով էլ ավելի է խորանում Հայաստանի արտաքին առեւտրի սալդոն. ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ ներկրում է, քան արտահանում։ Անշուշտ, ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է արժեզրկվող դոլարը. ներկրվող ապրանքների աճը մեծ վնաս է հասցնում տեղական արտադրողներին՝ նրանց դուրս թողնելով նաեւ ներքին շուկայից։ Համադրելով արդյունաբերության ոլորտի համեմատության մեջ համեստ 5,8 տոկոս աճի, ներկրման եւ արտահանման ծավալների երկնիշ աճի ցուցանիշները՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանն ունի  որոշակի ծավալի վերաարտահանումը, այսինքն՝ տնտեսական պատժամիջոցների պատերազմի պայմաններում արգելքի տակ գտնվող որոշ ապրանքներ ներկրվել են Հայաստան, այնուհետեւ արտահանվել այլ երկրներ։

Ուղղակի տեղի է ունեցել գումարների շրջապտույտ։

 

 

 

ՏՆՕՐԵՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մ. Ղուշչյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ավետիք Խորենի Ադամյանի եւ «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ի՝ 9 միլիոն 192 հազար 181  ՀՀ դրամ գումար բռնագանձելու եւ  բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջներով: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. մայիսի 5-ի   որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: 2022թ. հունիսի 30-ին քաղաքացիական հայցի   պատասխանող Ա. Ադամյանի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:

2022թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում դատավոր Աշոտ Ջավախյանը որոշել է  այդ քաղաքացիական հայցով  2022թ. օգոստոսի 16-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում նշանակել նախնական դատական նիստ: Ավետիք Ադամյանը Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենն է, նրա եւ այդ անտառտեսության այլ պոշտոնյաների, ընդհանուր թվով 7 անձանց վերաբերյալ վերաբերյալ 2018թ.-ին  քրեական գործ էր հարուցվել ։ Այդ քրեական գործով  2018թ.  հունիսի 12-ից մինչ այժմ՝ ավելի քան 4 տարի,  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում դատական նիստեր են կայանում: Քրեական գործի հարուցումից հետո Ա. Ադամյանն ազատվել է պաշտոնից, 2022 թվականից նա նորից զբաղեցնում է նույն անտառտնտեսության տնօրենի պաշտոնը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Ադամյանը 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստուգում իրականացնող Բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով դրդել է պաշտոնական կեղծիք կատարելուն՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալները նվազացնելուն:

Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, 38-314 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 2-րդ մասով եւ 315 հոդվածի 2-րդ մասով:  2019թ. փետրվարի 2-ին  Տավուշի մարզի Բերդ  համայնքի Չինչին գյուղում գտնվող   Ավետիք Ադամյանի ճագարաբուծական  ֆերմայում բռնկված հրդեհի հետեւանքով խորհրդային տարիներին գործած ճագարաբուծական  ֆերմային պատճառված վնասը ՀՀ կառավարության  2019 թվականի որոշմամբ մասնակի փոխհատուցվել է` ֆերմայի սեփականատիրոջը հատկացնելով մոտ 24 միլիոն դրամ: Այդ  հրդեհի հետեւանքով Ա. Ադամյանի ճագարաբուծական ֆերմային պատճառվել է 31 միլիոն դրամի վնաս:

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս