2023 թ. ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որը, 2022 թ. համեմատ, ավելի է մոտ 21,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ու 2023 թ. բյուջեի նախագիծը:
«Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ նախարարության համակարգման ոլորտներում նախատեսվում է բացի ընդհանուր ու բնականոն գործունեությունն ապահովող միջոցառումներից իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ՝ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ»,- նշել է փոխնախարարը, ապա ոլորտ առ ոլորտ ներկայացրել իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, գալիք տարում, այս տարվա համեմատ, հանրակրթության ոլորտում նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների, բացառությամբ մաթեմատիկայի, հավելյալ վարձատրությանը՝ 30.000 դրամի չափով: Կշարունակվեն նախադպրոցական եւ դպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգումն ու կառուցումը՝ ներառելով նաեւ գյուղական փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները:
«Ընդհանուր առմամբ նախատեսվում է նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան երեխաների համար համախառն ընդգրկվածությունը 61,3 տոկոսից 2025 թ. հասցնել 85 տոկոսի»,- ասել է նա: Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին: Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի բանաձեւերում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի վերաբերյալ:
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը ներկայացրել է խորհրդի 2023 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրն ու միջոցառումները: Մասնավորապես, ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման համար եկող տարի նախատեսված է հատկացնել 7 մլրդ 683 մլն 978 հազար դրամ, որը, 2022 թ. համեմատ, ավելի է 49 մլն դրամով: Հանրային հեռարձակողի խորհրդի կառավարում, համակարգում եւ մշտադիտարկում ծրագրի համար կհատկացվի 174 մլն 52 հազար դրամ: Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալը նշել է, որ գրասենյակի կողմից իրականացվելիք «Հայաստան-Սփյուռք գործակցության» եւ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրերի կատարման համար նախատեսվում է հատկացնել 698 մլն 39 հազար դրամ: «2023 թ. նախատեսվում է երկշաբաթյա ուսումնաճանաչողական «Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ 400 սփյուռքահայ պատանու եւ երիտասարդի մասնակցություն, սակայն ընդունվել է 955 հայտ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք 400-ը դարձնել 600»,- ասել է նա:
Ս.Հ.
ԿԱՊԻԿԻ ԾԱՂԿԻ 17000 ԴԵՊՔ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաեւ Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։
Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է Կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տեւում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից եւ ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատեւ սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաեւ վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի եւ անկողնային պարագաների միջոցով:
Այսպիսով, վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն Կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են Բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաեւ Կապիկի ծաղկի վարակի դեմ:
Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների եւ իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
Ճամփորդելիս անհրաժեշտ է՝
-խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,
-խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,
-դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որեւէ մասի վերքեր)՝ ջերմությամբ եւ դողով կամ առանց դրա, եւ խուսափել ուրիշների հետ շփումից, ինչպես նաեւ անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչեւ մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է Կապիկի ծաղկի դեպք, կամ եղել է շփում Կապիկի ծաղիկով վարակված անձի հետ: