2018 թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2-3 ամսում հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ դրանից երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ընտրությունները պետք է կայանան կա՛մ մայիսի վերջին, կա՛մ հունիսին։ Ավելին, նույն Փաշինյանը նշում էր, որ մինչեւ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք, եւ փոփոխություններ կատարվեն «Կուսակցությունների մասին» օրենքում, եւ այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պայմաններում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, եւ քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։ Ընտրությունները տեղի ունեցան հին Ընտրական օրենսգրքով եւ այն նույն ռեյտինգային ընտրակարգով, որին Փաշինյանի իշխանությունը դեմ էր: Ստացվում է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իր հակասական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, ու նրա այդ վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում:
«Վերջին ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին, եւ չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Երաշխավորումը բյուջեով փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները, մեծ հարց է»,- սա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2014-ին տված հարցազրույցից մի հատված է, որտեղ նա, անդրադառնալով այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից երեւան բերված, կուտակային կենսաթոշակների ծրագրին, ահազանգում էր՝ կուտակայինը կարող է ձախողվել, քաղաքացիների միջոցները՝ կորչել անվերադարձ: Կուտակային կենսաթոշակների դեմ նաեւ մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում։ Ժամանակների հետ նրանց դիրքորոշումներն էլ փոխվեցին, ու, ի տարբերություն նախագծի կնքահայր Տիգրան Սարգսյանի, Փաշինյանի կառավարությունը կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը տարածեց բոլորի վրա: Այսինքն՝ եթե մինչեւ 2018-ը պարտադիր կուտակայինի համար հավելյալ հարկ միայն պետական համակարգի աշխատողներն էին վճարում, Փաշինյանի իշխանութունն այդ պարտականությունը նաեւ մասնավոր հատվածի վրա դրեց: «Ակնհայտ է, որ համակարգը ռիսկային է ու ծառայում է ֆինանսավարկային համակարգի օլիգարխների շահերին: Կուտակային միջոցներն անընդհատ ֆինանսական շուկայի ռիսկերի տակ են գտնվելու, եւ որեւէ երաշխիք՝ այդ գումարների ապահովության մասով, չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Կուտակային կեսնաթոշակները 2014-ից ի վեր պահ են տրված երկու ոչ հայկական կազմակերպությունների: Դրանք Հայաստան են եկել Տիգրան Սարգսյանի իրականացրած լոբինգի արդյունքում: Այդ կազմակերպությունների հետ, ըստ Պարսյանի, Կենտրոնական բանկը մի շարք պայմանագրեր ունի կնքած, որոնք, սակայն, մինչ օրս հրապարակված չեն:
Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուշագրավ է, որ դատական համակարգի՝ մշտապես աղմուկ բարձրացրած, ճնշումների մասին խոսող դատավորները չեն եղել երեկվա ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ չկային Զարուհի Նախշքարյանը, Մխիթար Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին եւ այլք, այսինքն՝ մշտապես դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները բոկոտել էին նիստը: Հետաքրքիր է, որ չէին եկել նաեւ աղմկահարույց գործեր քննող դատավորները: Նրանց թվում են դատավորներ Արման Դանիելյանը եւ Մնացական Մարտիրոսյանը: Ըստ էության, դատական համակարգը բաժանվել է երկու մասի, եւ այդ մասերի բաժանված դատավորների խմբերը ներկա չէին ժողովին. չէին եկել ե՛ւ ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները, ե՛ւ ճնշումների ենթարկված, աղմկահարույց գործեր քննող դատավորները: Գուցե վերջինների դեպքում պատճառն այն է, որ լրագրողների հնարավոր հարցերից խուսափեն: Ամեն դեպքում, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգում կրկին մտահոգիչ իրավիճակ է, եւ ոլորտի կարեւորագույն իրադարձությանը ոչ բոլորն են ներկա գտնվում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես որոշել է վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը: Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ վարորդներ, որոնք իրենց ավտոմեքենաներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, բայց չեն վերահսկվում եւ չեն հարկվում։ Ըստ ՏԿԵ-ի՝ ստացվում է, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը կսահմանվի ծանուցման ենթակա գործունեություն։ Սահմանվելու են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները: Օրինակ՝ եթե էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր փոխադրման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով եւ կարգով պետական տուրքի գանձումը չապահովեն, ապա կարող են 300 հազար դրամով տուգանվել: Իսկ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար պատվերի ուղեւորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ: Իսկ թե ով եւ ինչպես է վերահսկելու նրանց իրականում, դժվար է ասել, քանի որ տասնյակ այսպիսի օրենքներ մնացել են թղթի վրա: