ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՀԻՄՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-ին ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ այն ժամանակ նաեւ մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում: Հայտնի ասացվածքի նման, սակայն, «փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ»: Քաղաքացիներից շատերն այժմ ահազանգում են՝ կուտակած կենսաթոշակի գումարները նվազել են: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ օրենքի ընդունումից 8 տարի անց արդեն արձանագրում ենք. «Այս համակարգի ընդդիմախոսները ճիշտ էին, ու մենք բավական ռիսկային կուտակային կեսաթոշակային համակարգ ունենք, որ մեծ կախվածություն ունի ֆինանսական համակարգի վայրիվերումների հետ»:

 

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կեսաթոշակների ֆոնդերում կուտակած գումարները ոչ միայն եկամուտ չեն բերել քաղաքացիներին, ասում է Պարսյանը, դեռ մի բան էլ նվազել են միջինում մինչեւ 5-7 տոկոսի չափով: Ստացվել է մի իրավիճակ, որ ավելի շատ գումար կուտակածները այժմ ավելի շատ են վնաս կրել:

Տնտեսագետը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի կաբինետը 2018-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, նախկինում ունեցած դիրքորոշումից հրաժարվեց ու պարտադիր կուտակայինն ամբողջ ծավալով ներդրեց՝ պատճառաբանելով, թե կուտակայինի «պարտադիր» բաղադրիչի ներդրումն ուղիղ համեմատական է իշխանության նկատմամբ ունեցած վստահության հետ: «Գործող իշխանությունները, չնայած իրենց նախկինում կատարած հայտարարություններին, այս համակարգը ներդրեցին՝ պատճառաբանելով, թե մենք անցել ենք անվերադարձելիության կետ: Վստահեցրին նաեւ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների կայությունը կապված է իշխանության նկատմամբ ունեցած վստահելիությամբ: Իրականության մեջ երկու միտքն էլ, սակայն, սխալ էին»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Որպես օրինակ միջազգային փորձն է ներկայացնում, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Դանիան, Սլովակիան, Ռուսատանը, հասկանալով, որ կուտակայինը կենսաթոշակների հաաքագրման լավագույն մեթոդը չէ, ընդունել, այնուհետ հրաժարվել են պարտադիր կուտակային համակարգից: «Այս համակարգի կայությունը կապված է համաշխարհային, ինչպես նաեւ ներքին տնտեսական, ֆինանսական վիճակով: Եթե համաշխարհային տնտեսությունն այս պահին ճգնաժամի մեջ է, ապա մեր գումարները, որ ներդրվել են նաեւ օտարերկյա պարտատոմսերի կամ ներդրումների մեջ, պարզ է, մեծ ռիսկի տակ են»,- ավելացնում է նա:

Տնտեսագետի փոխանցմամբ՝ մեր գումարների 30 տոկոսը Հայաստանից դուրս են հանել կուտակայինի կառավարիչները, որոնք գումարները տարբեր երկրներում տարբեր պարտատոմսերում են ներդրել: Այժմ նրանք ճգնաժամի մեջ են, իսկ արժետոսմերը, անշուշտ, արժեզրկվել են, ինչի հետեւանքով մեր կուտակած միջոցները քչանում են: Ու եթե հենց հիմա գնանք թոշակի, ահազանգում է Պարսյանը, բավական ցածր թոշակ ենք ստանալու:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հորդորում է չշտապել նման վերլուծություններ անելիս: Այս ամենը, ասում է, պետք է երկարաժամկետ կտրվածքով քննարկել: «Սա նորմալ երեւույթ է, որովհետեւ ֆինանսական շուկան տանատողական համակարգ է, ու նման հարցերը պետք է ավելի երկարաժամկետ հատվածում քննարկենք»,- իր կարծիքն է ներկայացնում փոխնախարարը:

Տնտեսագետ Պարսյանի հավաստիացմամբ՝ եթե այս գումարները քաղաքացին հայաստանյան բանկերից մեկում որպես ավանդ ներդներ, ապա տարեկան շատ ավելի մեծ տոկոսային եկամուտ կունենար, ու ինքը կորոշեր՝ ինչպես տնօրինել իր կուտակած գումարը: Փոխնախարար Խաչատրյանը, սակայն, այդպես չի կարծում: «Կուտակային համակարգի շահավետությունը ռիսկերի կառավարումն է-, ասում է ու հավ?լում:- Կառավարիչները մեր ներդրած ակտիվները ռիսկերի դիվերսիֆիկացնելու համար ներդրումները  տարբեր ուղղությամբ են կատարել»:

Հայաստանում կուտակային կեսաթոշակների գումարները երկու ֆոնդերի են պահ տրված, դրանցից եւ որեւէ մեկը հայաստանյան ընկերություն չէ. մեկը գերմանական է, մյուսը՝ ֆրանսիական: Ֆոնդերից մեկի ներկայացուցիչը մանրամասնում է՝ 2022-ի առաջին կիսամյակի եկամտաբերությունը, այո, նվազել, սակայն չի նվազել մասնակիցների համար տարիների ընթացքում աշխատած եկամուտը:

Վնասը վերագնահատման արդյունք է, բացատրում է Հայաստանի կենտրոնական դրամատան ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը: Ըստ նրա՝ եթե արտարժույթների փոխարժեքը բարձրանա, ապա դրանք՝ կուտակայինի եկամուտները, նորից շատ ավելի մեծ չափով վերականգնվելու են: Դրանք անվերադարձելի կլինեին, եթե քաղաքացին արդեն կենսաթոշակի անցներ: Հարցին՝ այսինքն սարսափելի որեւէ բան չի կատարվում, պատասխանում է. « Ոչ, չի կատարվում, ու մեր ուղերձը միշտ այն է եղել, որ կարճաժամկետ փոփոխություններով կատարողակնները չպետք է դատել»:

Կուտակային կեսաթոշակների համար պատասխանատու պետական բոլոր գերատսչությունների՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Կենտորնական բանկի, ինչպես նաեւ ֆոնդերի կառավարիչների ներկայացրած պարզաբանումները տնետսագետ Սուրեն Պարսյանի համար, այնուամենայիվ,  հիմնարար չեն: Ու եթե անգամ մեր գումարի ճակատագիրը որոշող ֆոնդերը լուծարվեն, ապա պետությունը երաշխավորում է դրա միայն կեսը վերադարձնել: Ի դեպ, այդ երաշխավորության տակ որեւէ հիմք չկա:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՕՆԼԱՅՆ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես որոշել է վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը: Այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել ՏԿԵ-ն: Չէ՞ որ բազմաթիվ վարորդներ կան, որոնք իրենց ավտոմեքենաներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, բայց չեն վերահսկվում եւ չեն հարկվում։ Ստացվում է, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին։ Արդյունքում ուղեւորափոխադրումների ոլորտում ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը կսահմանվի ծանուցման ենթակա գործունեություն։ Այսինքն՝ հարկային պարտավորություններ կսահմանվեն տնտեսական գործունեություն իրականացնողների համար, եւ կկիրառվեն նոր մեխանիզմներ։ Նախ՝ վերանայվելու է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնավոր ուղեւորափոխադրումների արտոնագրի տրամադրման գործընթացը: Սահմանվելու են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները: Օրինակ՝ եթե էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր փոխադրման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով եւ կարգով պետական տուրքի գանձումը չապահովեն, ապա կարող են 300 հազար դրամով տուգանվել: Իսկ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար պատվերի ուղեւորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ:

Բացի այս, տեսադաշտում են հայտնվելու նաեւ 6-8 նստատեղով թեթեւ մարդատար ավտոմոբիլով ֆիզիկական անձինք, որոնք միջմարզային ուղեւորափոխադրումներ են իրականացնում ցածր սակագներով: Սա հանգեցնում է կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում գործունեություն իրականացնողների դժգոհությունը: Բանն այն է, որ ուղեւոր չունենալու պատճառով կազմակերպությունները հրաժարվում են կանոնավոր երթուղիների սպասարկել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԲԱՔՈՒՆ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ Է

Ադրբեջանն Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում է լայնամասշտաբ ճանապարհների, թունելների ու կամուրջների կառուցումը: 44-օրյա պատերազմից ի վեր պաշտոնական Բաքուն մտահոգվում է ոչ միայն իր կողմից օկուպացված բնակավայրերի վերականգման ու վերազինման, այլ նաեւ դրանք մեկը մյուսին կապելու ճանապարհային հանգույցների մասին:

Ավելի քան մեկուկես տարվա ընթացքում ճանապարհաշինարարություն է իրականացրել Ադրբեջանը: Լրատվամիջոցը, օգտվելով արբանյակային լուսանկարներից, ադրբեջանական ու թուրքական մամուլի հրապարակումներից եւ այլ բաց աղբյուրներից, ուսումնասիրել է իրականացվող աշխատանքներն ու պարզել՝ այս պահին նախատեսվում եւ իրականացվում է առնվազն 35 թունելի, 10 ավտոճանապարհի ու 2 երկաթուղու կառուցում։ Վերանորոգվում են նաեւ նախկինում առկա ճանապարհները:

Իսկ ArmLur.am-ն ավելի վաղ էր հայտնել, որ Բաքուն ադբեջանական Գյանջան Քարվաճառին կապելու համար մոտ 12 կմ-անոց թունել է կառուցում, որ շահագործման կհանձնվի 2025-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ լրանում է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության ժամկետը։

 

 

 

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԸ ՉԷ

ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը՝ նշելով, որ իրավական գնահատականը կտա հարուցված քրեական գործը. «Հարուցված գործի արդյունքներով ամեն ինչ կորոշվի: Դա քրեական գործ է, եւ ես իրավունք չունեմ դրա մասին որեւէ դիտողություն կամ կարծիք հայտնելու»։

Դիտարկմանը, որ ինքը այդ հանդիպման միջնորդն է, Միքայելյանն ասաց, որ դա միջնորդություն չէ, Վարդազարյանն ու Ջհանգիրյանն իր ընկերներն են, եւ փորձել է հարթել լարվածությունը. «Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Դա իմ ցանկությունն է եղել, որ իմ ընկերները, որ իրար հետ որոշակի լարվածություն ունեին, հարթվեր»:

Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ ԲԴԽ֊ն կասեցրեց, ապա դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, համապատասխան որոշումը հրապարակվեց հունիսի 23-ին, իսկ հունիսի 20֊ին Վարդազարյանն ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրությունը, որտեղ Ջհանգիրյանը Վարդազարյանին համոզում էր հրաժարական տալ։

Բացի այդ,  զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել էր, որ Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը կայացվել է հունիսի 16֊ին, այսինքն` նախքան ձայնագրության հրապարակումը։ Այս ամենին հաջորդեց Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը. ԲԴԽ֊ն դեռ նախագահ չի ընտրել։

 




Լրահոս