2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը Արցախի հանրապետությունում խաղաղարար առաքելություն է իրականացնում: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության համաձայն՝ հակամարտության գոտում ծառայության է անցել 1960 ռուս զինծառայող։ Հավաքակազմի հիմքը 15-րդ մոտորաձգային Ալեքսանդրիա բրիգադի զինվորականներն են (տեղակայված Սամարայի շրջանում)։ Հակամարտության գոտում ուժերի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե երեք կողմերից որեւէ մեկի կողմից առարկություններ չլինեն։ 2020-ի նոյեմբերից ի վեր ականազերծման աշխատանքներ իրականացնելիս ռուս 1 սպա է զոհվել:
Ռուս խաղաղապահ զորքերը խորհրդային միության կազմաքանդումից հետո առաջին առաքելությունը ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի շրջանակներում նախկին Հարավսլավիայի տարածքում են իրականացրել: Ռուս խաղաղապահները Բոսնիայից դուրս են բերվել 2003-ին: 1999-ին ավելի քան 4 հազար խաղաղարար զինվորականներ Կոսովո են ուղարկվել, առաքելությունն ավարտվել է 2003-ին: Ռուսական կողմը 4 տարվա ընթացքում 12 զոհ է ունեցել Կոսովոյում:
1992-ի հուլիսին Սոչիում Ռուսաստանի ու Վրաստանի մինչեւ կնքված պայմանագրի համաձայն՝ միացյալ խաղաղապահ ուժեր մտցվեցին վրաց-օսական հակամարտության գոտի։ Ռուսաստանից խաղաղապահ գործառույթներն իրականացնում էին Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի 58-րդ բանակի կազմավորումներն ու զորամասերը։ Խաղարար առաքելությունը շարունակվել է մինչեւ 2008 թվականի օգոստոս՝ վրաց-օսական պատերազմ: Հարավային Օսիայի բնակիչներին պաշտպանելու նկատառումներով, ռուս խաղաղապահներից բացի, պաշտոնական Մոսկվան պատերազմի ժամանակ ավելացրեց զինվորականների թիվը: Հնգօրյա ռազմական գործողությունների ընթացքում ռուս զինվորականների կորուստները, տարբեր տվյալներով, 64-ից 74 են եղել: Օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Վրաստանից պոկված երկու շրջանների՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հանրապետություններն ու հակամարտությունները լուծված համարեց:
1992-ի Մոլդովան եւ Ռուսաստանը Մերձդնեստրի զինված հակամարտությունը կարգավորելու նպատակով են պայմանագիր կնքում: Թեեւ ներկայումս հակամարտությունը սառեցված է, բայց ավելի քան 3000 խաղաղապահների առաքելությունը շարունակվում է։
1993 թվականի սեպտեմբերին ԱՊՀ անդամ պետությունները խաղաղապահ ուժերի կոալիցիա են կազմում՝ կարգավորելու համար Տաջիկստանում տիրող իրավիճակը: Երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը սաստելու գործողություններում Ռուսաստանից մոտ 6 հազար մարդ էր ներգրավված:
ԱՊՀ անդամ երկրները կոլաիցիոն նմանատիպ հուշագիր նաեւ 1994-ին են ստորագրել, ինչից հետո Ռուսաստանը մոտ 1800 զինվորական է գործուղել Աբխազիա:
Ռուսական զորքերն այժմ էլ շարունակում են համագործակցել ՄԱԿ-ի հետ: Ռուսաստանը ներկայացնող զինվորականները ներգրավված են Կոնգոյում, Արեւմտյան Սահարայում, Կոսովոյում, Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբերում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
Հայաստանի անկախության պատմության մեջ կանցկացվի երրորդ մարդահամարը. այն կտեւի 10 օր, կհավաքագրվեն տվյալներ նաեւ մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ, արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:
«Մարդահամարը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդահամարը 2 անգամ հետաձգվեց. պետք է անցկացվեր 2020-ին, հետաձգվեց 2021-ին, եւ վերջնական որոշվեց անցկացնել 2022 թվականին: Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ, սրանից առաջ Հայաստանում անցկացվել են 2001 եւ 2011 թվականներին:
Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը: Հիմնական կարեւոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, սեռ, թեեւ այդ հարցերը հետո ուղղվելու են նաեւ հարցվողներին: Հարցերը նախորդ մարդահամարների համեմատությամբ շատ չեն փոխվել, ավելացել են որոշակի հարցեր, օրինակ՝ առողջության վիճակի եւ այլնի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու 39 հիմնական հարց եւ տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ եւս 5 հարց:
Եթե Հայաստանում անցկացված նախորդ մարդահամարների արդյունքում տվյալները մուտքագրվել են համակարգ, որի համար հատուկ մուտքագրողների են վարձել, ապա հիմա, երբ հարցաթերթիկներն էլեկտրոնային են, դա արվում է միանգամից էլեկտրոնային ձեւով, այսինքն՝ լրացված հարցաթերթն ավտոմատ կերպով ուղարկվում է սերվեր: Այսպիսով, կհրապարակվեն տվյալներ մշտական բնակչության, առկա բնակչության, ժամանակավոր բացակայության, բնակչության սեռի, տարիքի, կրթության, սոցիալական, առողջական վիճակի եւ այլնի վերաբերյալ ընդհանրացված կերպով. չի հրապարակվելու անհատական ոչինչ:
ՍՈՉԻՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպանը կարող են քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայում, սեւծովյան տարածաշրջանում եւ Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թեհրանում կայացան Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդների երկկողմ բանակցությունները։ Երկկողմ հարաբերություններից բացի Պուտինը եւ Էրդողանը քննարկեցին Ուկրաինայում տիրող իրավիճակը, «հացահատիկային խնդիրը», սիրիական կարգավորումն ու արցախյան հարցը։
ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղը 1990-ական թվականների առաջին կեսին հերոսական տարեգրություն գրեց: Գյուղը դիմակայեց խորհրդային զինուժի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի ոտնձգություններին: Ոսկեպարի գրեթե ողջ բնակչությունը կամավորագրվեց գյուղի ինքնապաշտպանությանը։ 2021թ. Ոսկեպարի 7 բնակչի եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ուղարկվել, սակայն 7-ից միայն 2-ն է մասնակցել այդ հավաքին։ Ոսկեպարի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեզ տեղեկացրին, որ այդ տարի գյուղի 7 բնակիչների եռամսյա զինվորական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ուղարկվել, սակայն ոչ ոք դրան չի մասնակցել։ Ոսկեպարի բնակիչները չեն ցանկացել թեկուզ 3 ամսով հեռանալ իրենց տներից, կտրվել առօրյա գործերից եւ մասնակից դառնալ եռամսյա հավաքի, իսկ այդ հավաքներին պարտադրումն էլ նախկին տարիների նման չի կիրառվում։
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
Երեւանի բնակիչ, 1983թ. ծնված Անի Մասիսի Խաչատրյանը 2017թ. հոյեմբերի 21-ից Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնում աշխատել է որպես ընդհանուր մանկավարժության եւ հոգեբանության տեսուչ։ Նրա եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրինության միջեւ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվել։ 2022թ.-ին հաստիքի կրճատման պատճառաբանությամբ Անի Խաչատրյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է։ 2022թ. մարտի 21-ին Անի Խաչատրյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի՝ աշխատանքի ազատման հրամանն անվավեր ճանաչելու, մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, իրավունքը խախտող գործողությունները կանխելու եւ վերացնելու, ԵՊՀ ԻՄ-ում իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը հատուցելու պահանջներով։ Մարտի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու եւ պատասխանողից ապացույցներ պահանջելու մասին: Ապրիլի 18-ին քաղաքացիական գործով պատասխանողը՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, դատարան է մուտքագրել դիմում՝ քաղաքացիական գործով ապացույցներ ներկայացնելու մասին: Հունիսի 22-ին դատարան է մուտքագրվել հայցվոր Ա. Խաչատրյանի միջնորդությունը՝ հայցի առարկան փոփոխելը (լրացնելը) թույլատրելու մասին, դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։ Հուլիսի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը որոշում է կայացրել նշված գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին։ Դատական հաջոդ նիստը նշանակված է սեպտեմբերի 13-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ