ՌԻՍԿԵՐ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Գլոբալ տնտեսության հեռանկարների հուլիսյան կանխատեսումները։ Այս մասին նշել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

 

«Մռայլ եւ ավելի անորոշ – Gloomy and More Uncertain. ահա այսպես է կոչել նոր տնտեսական իրավիճակը, որի ներքո տնտեսական աճի իր կանխատեսումները վատացրել է՝ ապրիլյան կանխատեսումների համեմատ։ Ընդ որում՝ ԱՄՀ-ն կարծում է, որ 2023թ-ը ավելի թույլ տարի է լինելու՝ հիմնականում պայմանավորված ներկայիս գործոնների լագային էֆֆեկտով (Չինաստանում Քովիդի համավարակ, անշարժ գույքի շուկայի խնդիրներ եւ տնտեսության թուլություններ, տրասպորտային խնդիրներ, էներգակիրների դեֆիցինտ եւ գների աճ, բարձր գնաճ եւ այլն) եւ, հատկապես, աշխարհի ԿԲ-ների տոկոսադրույքների ագրեսիվ աճերի արդյունքում։

Այսպես, աշխարհի տնտեսական աճը 2022 եւ 2023թթ-ին վատացրել է -0,4 եւ -0,7 տոկոսային կետերով՝ սահմանելով 3,2% եւ 2,9%: ԱՄՆ, Եվրոպա եւ Չինաստանի տնտեսություններում կանխատեսումների պատկերը հետեւյալն է՝

ԱՄՆ – 2022-ին 2,3%, 2023-ին 1,0%, վատթարացումները համապատասխանաբար -1,4 եւ -1,3 տոկոսային կետ,

ԵՄ – 2022-ին 2,6%, 2023-ին 1,2%, վատթարացումները համապատասխանաբար -0,2 եւ -1,1 տոկոսային կետ,

Չինաստան – 2022-ին 3,3%, 2023-ին 4,6%, վատթարացումները համապատասխանաբար -1,1 եւ -0,5 տոկոսային կետ:

Հետաքրքրական է, որ ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումները 2022թ-ի համար բարելավել է, սակայն վատացրել 2023թ-ի համար՝

ՌԴ – 2022-ին -6,0%, 2023-ին -3,5%, բարելավումը համապատասխանաբար 2,5 տոկոսային կետ եւ վատթարացումը -1,2 տոկոսային կետ։

Փաստացի ՌԴ տնտեսության համար կուտակային երկու տարիների համար աճը բարելավել է, եւ սա հերթական փաստարկն է լինելու Եվրոատլանտիկ բլոկի կողմից կիրառվող սանկցիաների ջատագովների օպոնենտների համար, որ սանկցիաները ցանկալի արդյունք չեն տալիս. փաստացի ավելի շատ վնասում են Եվրոատլանտիկ բլոկի տնտեսություններին, քան ՌԴ-ին։ Ինքս կարծում եմ, որ կարճաժամկետում թերեւս կարելի է դա ասել (թեեւ ամեն դեպքում ՌԴ-ում անկում է կանխատեսում ԱՄՀ-ն), սակայն երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու եւ կորցնելու է տնտեսական պոտենցիալ։

Ինչ վերաբաբերում է Հայաստանին, ապա գլոբալ զարգացումները եւ այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր: Այն հիմնականում արտածին գործոնների՝ այցելուների աճի եւ ֆինանսական ներհոսքի արդյունք է, եւ երբ դրանք թուլանան կամ կանգ առնեն, մեր տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների հետ։ Երբ է դա լինելու՝ դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ, դա փաստ է, որը վտանգավոր է»,- մանրամասնել է Արամյանը։

 

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ԽԱԽՏՎԵԼ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրով հաստատված տեխնիկական եւ հրդեհային անվտանգության բնագավառում 2-րդ եռամսյակում պլանավորված ստուգումների շրջանակներում Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից Ա/Ձ Ա. Սիրականյանին, Ա/Ձ Հ. Սուվարյանին եւ Ա/Ձ Գ. Պետրոսյանին պատկանող բենզալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս բենզալցակայանները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում եւ չունեն տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացություններ։

Խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ԱՎՕ շահագործողը խախտել է նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից երեք տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

 

 

 

ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման եւ խտրականության բացառման նպատակով իրականացվում են վերահսկողական գործողություններ։

Ծառայության կողմից 2022 թվականի 1-ին կիսամյակում մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: 84 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն:

Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում տրվել են կնքված պայմանագրերի լուծման եւ պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ: Մասնավորապես, 7 դեպքով՝ գնումների գործընթացներին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով՝ 2 դեպքով լուծվել են արդյունքում կնքված պայմանագրերը, իսկ 5 դեպքով պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

ՀՀ ոստիկանության կողմից, որպես ոլորտի լիազոր մարմին, կասեցվել են թվով 3 պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին տրված հատուկ թույլտվությունները (լիցենզիա), իսկ թվով 3-ի մասով հայտ է ներկայացվել դատարան:

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ եւ Չորաթան գյուղերում:

Ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման եւ բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները եւ պայմանները եւ բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ։

Այցերի ընթացքում արձանագրվել են խնդիրներ՝ կապված հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, առողջության պահպանման իրավունքի, ուսումնական հաստատություններում մասնագետների վերապատրաստումների ոչ բավարար լինելու, կոնկրետ դեպքերում՝ համայնքահեն ծառայությունների սղության կամ բացակայության հետ։ Համակարգային խնդիրներ են արձանագրվել՝ կապված խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ։

Արձանագրված խնդիրները քննարկվել են նաեւ համայնքապետարանների, ուսումնական հաստատությունների եւ վարչական շրջաններում բուժօգնություն եւ բուժսպասարակում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների հետ։

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաեւ ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները եւ ՀՀ ոստիկանությունը։

Նշենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն եւ կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:

«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձեւակերպումների եւ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ եւ ռեսուրս։ Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

 




Լրահոս