Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդներ կարևոր էր առաջին հերթին քաղաքական առումով՝ ցույց տալու երկու երկրներին, որ Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդների Թագավորությունը շփումներ և կապեր ունեն ամենաբարձր՝ վարչապետերի մակարդակով: Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:
Ըստ դեսպանի՝ այցի ընթացքում նաև ընդգծվել է, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները ամրապնդելու նրա ջանքերում:
«Անշուշտ, մենք նաև արձանագրել ենք Հայաստանի բարդ վիճակը վերջին տարիների ընթացքում, և այդ համատեքստում վարչապետ Ռյուտեն կարևոր ուղերձ հղեց հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առնչությամբ՝ շեշտելով, որ Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ նրանց վերադարձնելու համար», – հավելել է դեսպան Նիկո Սխերմերսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում էր մայիսի 10-11-ը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ էր ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների, ինչպես նաև՝ Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել էր «Արարատի ստվերի ներքո. հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Իսկ Հաագայի Խաղաղության Պալատի այգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցել էր Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին: 2022 թվականին Հայաստանը և Նիդերլանդները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի շրջանակներում արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել: