Ազգային Անվտանգության Ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հուլիսի 13-ին հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերամշակված տաբերակը, որով առաջարկում են արդիակացնել այն: Հանրային քննարկման ժամկետը երեկ ավարտվել է եւ ստացվել են ընդամենը երկու կողմ եւ երկու դեմ ձայներ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետևյալ սահմանումները.
1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ)` ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,
2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր: Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.