Կրակոցները կապված են նաև Փաշինյան-Ալիև մոտակա հանդիպման հետ. ինչ իրավիճակ է Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դա կարելի է համարել կայուն, ուրեմն համեմատաբար կայուն է, քանի որ կրակոցներ այսօր չեն եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ես չեմ ուզում ասել, որ սովորել ենք կրակոցների տակ ապրելուն, քանի որ դա կլինի հանձնվել: Ուղղակի մենք շատ լավ հասկանում ենք, որ հիմա այն իրավիճակում ենք, որ նոյեմբերի 9-ից հետո որեւէ արցախցի այն մտքով չի ապրում, որ Արցախում խաղաղություն է, քանի որ շատ լավ գիտակցում ենք, որ մեր հայրենիքի այն մեծ հատվածը, որ հիմա թշնամին օկուպացրել է, մինչև չվերադարձվի, մեզ համար խաղաղության օրակարգ լինել չի կարող: Սա ժամանակավոր լռություն է, որը ժամանակ առ ժամանակ թշնամու կողմից խախտվում է: Եվ զարմանալի չէ, որ քոչվոր ցեղի ղեկավարը հենց իր ստորագրությունը չի հարգում, եւ հրադադարը չի պահպանում:  Այս ագրեսիան կապված է նաեւ մոտակա Փաշինյան-Ալիև հանդիպման հետ: Սա արվում է, որպեսզի Արցախում վախի և պարտողականության մթնոլորտ ստեղծվի, բայց մենք այդ հարցում արդեն կոփվել ենք և ապրիլի 14-ին մեր դիրքորոշումը հայտնել ենք: Բացարձակ չենք պատրաստվում որեւէ բան զիջել թշնամուն»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ երեկ Արցախի Կարմիր Շուկա համայնքի մի բնակիչ ոստիկանություն է դիմել՝ հաղորդելով, որ նույն օրը հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել են իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն՝ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հայտնել է, որ կրակոցներն արձակվել են ժամը 11:45-ի սահմաններում: Շահնազարյանի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:

Լիդա Եղիազարյան

 

 




Լրահոս