Արցախի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակած փամփուշտները և հրադադարի ռեժիմի այլ խախտումները վերջին օրերին հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեսանելի ապագայում չի փոխելու հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ դրսևորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական բռնության իր քաղաքականությունը: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում են Արցախի խաղաղ բնակիչների՝ ադրբեջանական գնդակոծության հետևանքով վնասված տները:
«Ինչքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղություն և քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ հայերին Արցախից վտարելու և հայկական պետականությունն ու ողջ հայությանը նվաստացնելու նպատակով: Հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն, քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանապատիվ երկխոսության ու խաղաղության: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և պաշտպանությունը այլընտրանք չունի, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերը մեր Հայրենիքում, և դա միակ ձևն է աշխարհում մի նոր ցեղասպանություն կանխելու», – գրել է Արցախի պետնախարարը: