
Կառավարությունը որոշել է փոխհատուցում տալ 44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների սեփականատերերին: Նշենք, որ ռազմական դրության ժամանակ ավտոմեքենաների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ նախագիծը պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել:
Տեղեկացնենք, որ 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավվել են ավտոմեքենաներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս:
Ի դեպ, «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացության համաձայն՝ թվով 11 անձանց փոխհատուցում կտրվի ընդհանուր 53 մլն 922 հազար դրամի չափով: Նշենք, որ 11 ավտոմեքենաներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 7-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:
Այս նպատակով 2022 թվականի պետական բյուջեում առաջանալու է լրացուցիչ 53 մլն 922 հազար դրամ չափով ծախսերի կատարում, որը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու համար:
Ս.Հ.