ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 58

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020-ին, երբ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանափակումներ էին, ՀՀ Ազգային ժողովը կառավարության հետ քննարկում էր լոքդաունի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հիմնականում տնտեսությանն ու տնտեսվարողներին էին վերաբերում: 7-րդ գումարման խորհրդարանի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հենց այդ ժամանակ առաջարկում էր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ առանց տոկոսների հաշվառման մարդկանց առնվազն 3 ամսով վարկային արձակուրդ տրամադրվի:

«Մի որոշում արձակեք, որ մարդիկ իմանան՝ եթե չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը, հասկանան՝ ինչ լուծում է լինելու նրանց համար: Ենթադրենք՝ տոկոսների սառեցում լինի կամ այլ լուծում լինի»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասում էր Ուրիխանյանը:

Պատգամավորի առաջարկին, սակայն, վարչապետ Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ ու կտրուկ էր. «Ես ուղիղ ասեմ, էդ ո՞նց եք…Եկեք հարկերից, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում, հո ըտենց չի՞: Եկեք օրենսդրական նախաձեռնություն անենք ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, ընդ որում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով:  Ընդունե՛ք բա: Նախաձեռնություն բերեք, խորհրդարանում կոնսեսուս ձեւավորեք, քաղաքացիներին 10 հազար չէ, 50 հազար դոլոր բաժանեք՝ ՍՈՋՊՏՎց.. Նստում, նստում՝  հարկերը թողեք, վարկերը թողեք…է՜, ձե՞ռ եք անում: Տենց տպավորություն է, թե դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք, ձեր շրջապատի, ձեր մարդկանց հարստությունը բաժանե՛ք մարդկանց, հերի՛ք է»:

Տարիներ առաջ, սակայն, 2018-ի ապրիլի 15-ին նույն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բարձրաձայնում էր, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են: «էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ, ու, կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա՝ առանց բացատրության»,- նշում էր նա:

Քաղաքացիներին բանկային պարտավորություններից, ինչպես նաեւ հարկերի, վարկերի տակ «ճռալու» բեռը թեթեւացնելու մասին սրտակեղեք հայտարարություն անելով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Երբ դարձավ վարչապետ, մոռացավ բանկերի վարկերի տակ կքած քաղաքացիներին:

 

 

 

Դեռ այս տարվա ապրիլի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է տնտեսական քաղաքականության խորհուրդ: Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով խորհրդի անդամներն այցելելու են Հայաստան, եւ, բնականաբար, նրանց այցի կապակցությամբ ճանապարհածախսի, կեցության, սննդի, արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսեր են կատարվելու պետբյուջեի հաշվին: Նախ՝ նշենք, որ խորհրդի անդամներից են նաեւ պրոֆեսորներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից եւ այլ երկրներից, եւ հենց նրանց՝ Հայաստանում գտնվելու ծախսերն են հոգալու պետբյուջեի հաշվին: Իսկ ինչո՞վ է զբաղվելու նորաստեղծ խորհուրդը։ «Ժողովուրդ» օրաթերթը խորհրդի գործունեության կարգի մեջ կարդում է. «Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների, նախագծերի մշակումը եւ դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին»։ Իհարկե, առաջին հայացքից այս խորհուրդը կարող է կարեւոր աշխատանք կատարել, սակայն, ինչպես հաճախ է կատարվում, կա՛մ ընդունված որոշումները կմնան թղթի վրա, կա՛մ էլ այդպես էլ որոշումներ չեն կայացվի, փոխարենը պետբյուջեից միջոցներ կծախսվեն՝ խորհրդի անդամներին այստեղ հյուրընկալելու համար: Փաստորեն, իշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ խորհրդատվությունների վրա հսկայական գումարներ էր ծախսում. օրինակ՝ Աֆրիկայից մարդիկ էին գալիս հայ գյուղատնտեսներին խորհուրդ տալու, թե ինչպես աճեցնեն հայկական ծիրանը: Նիկոլ Փաշինյանն էլ կարծես այդ ճանապարհով է գնում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններում խառնաշփոթ է ստեղծվել: Քրեական  դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո իրավապահ համակարգում քննարկում է եղել քրեական գործերի ենթակայության հարցը բարձրացնել, եւ եթե որեւէ նախաքննական մարմնում, օրինակ՝ ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում կան այնպիսի քրեական գործեր, որոնք իրենց կառույցի քննության ենթակա գործ չեն, ապա ուղարկել՝ ըստ ենթակայության: Արդյունքում նախաքննական մարմինները սկսել են քրեական գործերը մեկը մյուսին ուղարկել, ինչը համակարգում աշխատանքային խառնաշփոթ է ստեղծել: Այս իրավիճակն առավել զայրացրել է փաստաբաններին, քանի որ գործերի քննությունները կանգ են առել, ու, ըստ նրանց, մինչեւ նոր քննիչը ծանոթանա արդեն մեկ տարի քննված գործին, իրենց պաշտպանյալի իրավունքները կխախտվեն:

 

 

 

Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից եւ հասնում են մինչեւ 150-200 հազար դրամի: Կան նաեւ ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ: Երեւանում ամսական 100 հազար դրամով բնակարան վարձելն այլեւս քաղցր հուշ է: Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից: Օրինակ՝ Նորքի 3-րդ զանգվածում 65 քմ բնակարանի վարձը 350 հազար դրամ է, իսկ Արաբկիր վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից, Ազատության պողոտայում 50 քմ բնակարանի ամսական վարձը 380 հազար դրամ է: Կհիշեք՝ դեռեւս ապրիլ ամսին կառավարությունը խոստացավ կարգավորել վարձու բնակարանների շուկան՝ ավելացնելով վարձով բնակարանների թիվը եւ այդկերպ զսպելով շուկայում առաջացած գնաճը, բայց ոչինչ չարվեց. այս շուկան դեռ շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում: Բնակարանների բարձր վարձավճարների պատճառով քաղաքացիներն անգամ կառավարության շենքի առջեւ են բողոքի ակցիաներ իրականացնում:

 




Լրահոս