ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՏՏ ՈԼՈՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 18 մասնագիտություններից 11-ում որեւէ դիմորդ չի ընդունվել: Հատկացված 930 անվճար եւ վճարովի տեղերի համար դիմել է ընդամենը 192 դիմորդ, որոնց 80%-ից ավելին չի կարողացել հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը` 8 միավորը: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, մանկավարժ Սոֆյա Հովսեփյանի հետ:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, վերջերս վիճակագրություն հրապարակվեց, ըստ որի՝ հայաստանյան բուհերի վճարովի եւ անվճար տեղերի բավական մասը  թափուր էր մնացել: Սա մտահոգվելու տեղիք էր  տվել  մասնագետներին, թե  ինչպես է ստացվել, որ դիմորդների պակաս կա: Տեսակետ կա նաեւ, թե Հայաստանում, այսպես, թե այնպես, կրթական տեղերը  ուռճացված էին, եւ սա գուցե դրա վկայումն է, որ դիմորդների համեմատական փոփոխություն տեղի չի ունեցել,  պարզապես այդ ուռճացված տեղերն են թափուր մնացել: Ձեր գնահատականը ո՞րն է:

-Այն, ինչը ասում են՝ ուռճացված է, այդպես չէ, որովհետեւ փաստացի գուցե արհեստականորեն է, բայց եթե մենք նայենք այն կարեւոր մասնագիտությունները, որոնք կարեւոր եւ ռազմավարական են, տարիներ  դրանք եղել են թափուր, եւ որեւէ քայլ չի ձեռնարկվել այդ մասնագիտությունների առումով ունենալու առավել հետաքրքրվածություն կամ ավելի շատ դիմորդներ: Ֆիզիկայի ֆակուլտետը, Աստղագիտության, Մաթեմատիկայի այսինքն՝ բնագիտական ուղղություններով թափուր են: Գյուղատնտեսության ինստիտուտը ունի հզոր ճգնաժամ.  այս տարի ապացույց եղավ, որ գրեթե դիմորդներ չկան: Եթե ճիշտ եմ լսել, 35 դիմորդներ են եղել: Սա նշանակում է, որ մենք ունենք ամենակարեւոր ոլորտներից մեկում բառացի մասնագետների լուրջ պակաս: Անասնաբուժության մեջ, գյուղատնտեսական բոլոր բաժիններում խնդիր է առաջանալու, ինչն  արդեն իսկ խնդիր էր,  որովհոտեւ ունենք ե՛ւ պակասը, ե՛ւ պահանջը, եւ չկար որեւէ մոտիվացիա պետության կողմից, որ կարողանայինք հետաքրքրությունը այդ ոլորտների նկատմամբ մեծացնել:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես կազմակերպվել: Ո՞րն է պատճառը:

-Սա հետեւանքն է այն բանի, որ ռազմավարական առումով որեւէ  քայլ չէր ձեռնարկվում, եւ պատկերը այսպիսին եղավ: Հաջորդ խնդիրը. շատ տեղերում, օրինակ՝ բարձր վճարվող  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չի պահանջում բարձրագույն կրթություն, եւ շատերը  քոլեջներից անմիջապես հետո բարձրագույն կրթության վրա ժամանակ չեն ծախսում: Նրանք ուղղակիորեն մտնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Պետք է լեզուներ իմանալ, մաթեմատիկա իմանալ, շարունակում են աշխատել եւ ազատ գրաֆիկով աշխատել, եւ այդ ոլորտում բարձրագույն կրթության պարտադիր պահանջը չլինելու դեպքում ժամանակ չեն ծախսում ավել փաստաթղթեր ձեռք բերելու համար: Հաջորդ խնդիրն էլ այն է, որ չի թարմացվում եւ չի նորացվում կրթության որակը: Որքան էլ պնդենք, որ մենք ունենք բուհական  կրթություն եւ այլն, բայց միեւնույն ժամանակ քայլեր չանենք   որակական եւ ծրագրային փոփոխություններ բերելու, մենք պետք է ունենանք այդ պատկերը: Մանկավարժական համալսարանում դիմորդներ չկան: Ինչու՝ որովհետեւ անգամ եթե որակը տվյալ մասնագիտության դեպքում բարձր է, միեւնույնն է, որպես մասնագետ ուսուցիչները որակավորվում են, բայց չեն մտնում դպրոց աշխատելու:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՕՂԻ ՈՒ ԿՈՆՅԱԿ ԵՆ ԳՆԵԼ

Հայաստանի վարչապետի աշխատակազմը օղի է գնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունիսի 21-ին «Արտէքսիմ» ընկերության կողմից վարչապետի աշխատակազմ մատակարարվել է 2 շիշ օղի՝ Aralez Mulberry եւ Aralez Black Mulberry: Մեզ հայտնի դարձավ, որ դրանցից մեկը գնվել է 21 հազար 240 դրամով, մյուսը՝ 24 հազար 750 դրամով, այսինքն՝ օղիների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 46 հազար դրամ գումար:

Բացի այս, վարչապետի աշխատակազմը գնել է նաեւ կոնյակներ: Օրինակ, գնվել է 6 հատ «Նաիրի» կոնյակ, որոնց համար պետական միջոցներից ծախսվել է 142 հազար դրամ, 4 հատ «Դվին» կոնյակի համար՝ 55 հազար 600 դրամ, 34 հատ «Ախթամար» կոնյակի համար՝ 284 հազար 750 դրամ: Ընդհանուր կոնյակների համար պետական միջոցներից վարչապետի աշխատակազմը ծախսել է 482 հազար 400 դրամ:

 

 

 

ԱՄՆ-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն երեկ չզեկուցվող հարցերի թվում հավանության արժանացավ կառավարության կողմից: Ըստ այդ նախագծի՝ 120 մլն դոլար կատկացվի Հայաստանին ժողովրդավարության եւ տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացների համար: Նախագծի հիմնավորումից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջեւ հետեւյալ կերպ.

68,565,000 ԱՄՆ դոլար՝ ժողովրդավարության խթանման համար,

51,435,000 ԱՄՆ դոլար, տնտեսական անվտանգության բարելավման համար:

«Հաշվի առնելով COVID-19 համավարակով եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաեւ 2021թ. կայացած արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ եւ հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաեւ տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»:

 




Լրահոս