ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է Երեւանի քաղաքապետարանի 2018-2022թթ. գործունեությունը եւ հայտնաբերել է շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտումներ։

 

Ըստ ՊՎԾ-ի՝ խախտումները հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երեւան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման եւ ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման եւ դիզայներական ձեւավորման աշխատանքների ծրագրերին, ինչպես նաեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» եւ «Երեւանտրանս» ընկերությունների գործունեությանը։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացում եւ արտասահմանյան գործուղումների ծախսերում։

«Մասնավորապես, բացահայտվել են հետեւյալ առավել ուշագրավ եւ մեծածավալ խախտումները։ Պետական բյուջեից Երեւանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի եւ հողի հարկի բազային տվյալները, պակաս են ներկայացվել շուրջ 7,1 միլիարդ ՀՀ դրամի չափով։ Ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել բազաներում կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն դրամ գույքահարկի գումար։ Թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124,6 միլիոն դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել»,- նշված է հաղորդագրությունում։

Փողոցների եւ ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում վերահսկողական ծառայությունը արձանագրել է շուրջ 542,7 միլիոն դրամի ոչ նպատակային օգտագործման եւ չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր։

Ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու եւ հետագա ընթացքը լուծելու նպատակով:

«Պետք է նշել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման եւ ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7,3 միլիարդ դրամի խախտումներ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր»,- ասված է ՊՎԾ տարածած հաղորդագրությունում։

Նկատենք, որ խոսքը գնում է 2018-2022 թվականներում քաղաքապետարանի գործունեությանը, եւ վերը նշված խախտումները հայտնաբերվել են հենց հեղափոխությունից հետո, այսինքն՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ: Միեւնույն ժամանակ նշենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը երկար ժամանակ է՝ ուսումնասիրություններ էր կատարում այնտեղ, մինչ այդ էլ Ազգային անվտանգության ծառայությունն էր քաղաքապետարանում, եւ կրկին ուսումնասիրություններ էր ընթանում:

Վերջին ուսումնասիրությունը, որի ժամանակ էլ հայտնաբերվել են այս խախտումները, սկսվել է նախորդ տարվա տարեվերջին՝ դեկտեմբերին: Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները վաղ առավոտից էին որոշել ստուգումներ իրականացնել Երեւանի քաղաքապետարանում։ ՊՎԾ աշխատակիցներին քաղաքապետարան ուղարկելու եւ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը ուսումնասիրելու հրահանգը իջեցվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից։  Ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքապետարանի եկամուտների, բյուջի ծախսերի վերաբերյալ։ Իշխանությունները նպատակ ունեին գտնել ինչ-որ թերացումներ, որոնք հետագայում կարող են դառնալ քրեական գործ հարուցելու հիմք։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում Պաշտպանն աշխատակազմի հետ ամփոփել է իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները, ինչպես նաեւ քննարկել կատարվելիք աշխատանքները։ Իրականացվել են այցեր Տավուշի մարզի Բերքաբեր, Կոթի, Բարեկամավան եւ Սարիգյուղ գյուղերում, որտեղ համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ ծանոթացել են առկա անվտանգային եւ սոցիալ-կենցաղային, կրթության հասանելիության, բժշկական սպասարկմանն առնչվող մի շարք կարեւոր խնդիրների:

Ընդգծվել են խմելու եւ ոռոգման ջրի, գազամատակարարման հասանելիության, ինչպես նաեւ բնակչության զբաղվածության ու վերջիններիս անվտանգության ապահովման, բնակչությանը բժշկական ծառայությունների տրամադրման, դեղորայքի մատչելության, աջակցող միջոցների, հաշմանդամության կարգավիճակի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ հարցերը։

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։ Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.

«ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը եւ միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես՝ 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի։ Մենք դատապարտում եւ մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերը եւ միջազգային իրավունքը կեղծելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915թ. իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար եւ ազնիվ շրջանակներում»։

 

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Կասեցվել է դոնդողի արտադրամասի գործունեությունը: Այս մասին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը: Երեւանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող «Ռոբերտ Էմիլ» ՍՊԸ-ին պատկանող դոնդողի արտադրությունում (ք. Երեւան): Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար:

 

 

 

ԹՈՒՐՔԸ ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ահմեթ Այինին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022թ. հունիսի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, շրջանցելով Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի` Արմավիրի մարզի վարչական տարածքում տեղակայված զորամասի «Ջանֆիդա» ուղեկալի կողմից հսկվող տարածքում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը` առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ Թուրքիայի հանրապետության կողմից մուտք գործել Հայաստանի հանրապետություն, որտեղ բռնվել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

Այսինքն, Ահմեթ Շերիֆի Այդին կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 469 հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քր. օրի 329 հոդվածի 1-ին մասին: Գործը դատարանում է, Ահմեթ Այինին կալանավորված է:

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Armlur.am-ը տեղեկացավ, որ վարժական հավաքներին ներգրավվելու է 318 քաղաքացի, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Օրինակ՝ վարժական հավաքներին ներգրավվելու են հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչեւ 16 պահեստազորային, հետախուզական մասնագիտություններով մինչեւ 26 պահեստազորային, կապի մասնագիտություններով մինչեւ 71 պահեստազորային եւ այլն:

Ի դեպ, հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են այս տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Տեղեկացնենք, որ վարժական հավաքներում չեն ընդգրկվել հրթիռահրետանային եւ ինժեներական մասնագիտություններով պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2022թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ վերացել է այդ մասնագիտություններով պահեստազորայիններին վարժական հավաքներին ընգրկելու անհրաժեշտությունը:




Լրահոս