«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-Ը՝ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկանուշ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իրականացնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի հաշվապահի, այնուհետեւ հաճախորդների սպասարկման բաժնի պետի, գանձապահի պարտականությունները, հանդիսանալով մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ,

 

մասնաճյուղի կարավարիչ Սարգիս Գարեգինյանի օգտին, ինչի արդյունքում մասնաճյուղի գանձապահ Շուշանիկ Հարությունյանի, ՀՍԲ պետ Հովինե Սարգսյանի եւ վերջիններիս պարտականությունները կատարած Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի հետ խոչընդոտներ վերացնելով` օժանդակել է Սարգիս Գարեգինյանի կողմից յուրացման եղանակով, միասնական դիտավորությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատկանող եւ պահպանության հանձնված առանձնապես խոշոր չափերով գումարը ու քաղաքացիների կողմից գրավադրած ոսկյա զարդերը հափշտակելուն: Այսպես, Սարգիս Գարեգինյանը, հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ եւ այլ լիազորություններն օգտագործել է ՓԲԸ-ի շահերին հակառակ, իր օգտին, մասնաճյուղի արժեքների համար նյութապատասխանատու մյուս անձանց` Շուշանիկ Հարությունյանի, Հովինե Սարգսյանի եւ վերջիններիս պարտականությունները կատարած Հայկանուշ Արշակյանի, Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի օժանդակությամբ, ուրիշի գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016 թվականի վերջերից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով` 48.350.040 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա իրերը դուրս է բերել դրամապահոցից, միաժամանակ նույն ժամանակահատվածում մասնաճյուղի էլեկտրոնային հաշիվներից Շ. Հարությունյանի, Հ. Սարգսյանի, Վ. Բաբայանի, Հ. Արշակյանի, Ս. Սարգսյանի միջոցով իր կնոջ` Լիլիթ Սեդրակյանի քարտային հաշվով կատարել է 1.125.459.520 ՀՀ դրամի չափով շրջանառություն` փոխանցումներ եւ կանխիկացումներ, այդ գումարներից, ինչպես նաեւ մասնաճյուղի գործառնական դրամարկղից, բանկոմատի դրամատուփերից անձամբ վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 126.457.437 ՀՀ դրամ, 30.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո, 170.000 ՌԴ ռուբլի գումար եւ հափշտակել է դրանք:

Հովինե Սարգսյանը, Շուշանիկ Հարությունյանը եւ վերջիններիս պարտականությունները 07.05.2019 թվականից մինչեւ 22.05.2019 թվականը, 24.05.2019թ., 31.05.2019թ., 17.06.2019 թվականից մինչեւ 28.06.2019 թվականը, 13.08.2019 թվականից մինչեւ 16.08.2019 թվականը կատարած Սոնա Սարգսյանը, 08.06.2017թ., 16.06.2017թ., 30.10.2017 թվականից մինչեւ 06.05.2019թ. Վարդինե Բաբայանը, 19.01.2018թ., 01.02.2018թ., 02.02.2018թ., 24.05.2018թ., 03.08.2018 թվականից մինչեւ 17.08.2018 թվականը, 18.08.2017թ., 20.08.2018թ. կատարած Հայկանուշ Արշակյանը Սարգիս Գարեգինյանի հիշյալ հանցավոր գործողությունների իրականացման համար խոչընդոտները վերացրել են, այն է` Սարգիս Գարեգինյանի պահանջով Լիլիթ Սեդրակյանի քարտային հաշվին գումարները փոխանցել են, կատարված փոխանցումները հաստատել են, թույլ են տվել, որ Սարգիս Գարեգինյանը դրամարկղում եղած կանխիկ գումարները վերցնի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից սահմանված արժեքների հաշվառման, գույքագրման եւ պահպանության իրականացման ընթացակարգի 7.1.24 դրույթի պահանջը խախտելով, դրամապահոցը փակելուց առաջ չեն ստուգել մասնաճյուղի ծրագրային մնացորդների եւ դրամապահոցի արժեքների համապատասխանությունը, 7.2.1.4 եւ 7.2.14 դրույթերի պահաջները խախտելով՝ պարտադիր կատարման ենթակա գույքագրում, հանձնում-ընդունում չեն իրականացրել, համապատասխան կարգով չեն արձագանքել մասնաճյուղի ծրագրային մնացորդների եւ դրամապահոցի արժեքների անհամապատասխանությանը, ընդհակառակը՝ հաստատապես տեղյակ լինելով անհամապատասխանության մասին` հաստատել են, որ մասնաճյուղի ծրագրային մնացորդները համապատասխանում են դրամապահոցի արժեքների հետ, որով էական վնաս է պատճառվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի օրինական շահերին, մասնավորապես` որպես քաղաքացիների վստահությունը վայելող կազմակերպության բարի համբավին, ռեսուրսներին, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ: Քրեական գործը դատարանում է:

Ք.Մ.

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

2020 թվականի դեկտեմբերի 19-ին նռնակ էր պայթել Սեւան քաղաքի Բաբաջանյան փողոցում, ինչի հետեւանքով վնասվել էր երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, մարդ չէր տուժել: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին միջոցառումներ, սակայն պարզել, թե ով եւ ինչ նպատակով էր պայթեցրել նռնակը, չէր հաջողվել: Օրերս ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացնելիս պարզվել է հետեւյալը. Բաբաջանյան փողոցի տներից մեկում ամուսինների միջեւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 34-ամյա ամուսինը սպառնացել էր պայթեցնել իրենց եւ երեխային ու քաշել էր նռնակի օղակը, հետո կնոջ ներկայությամբ նռնակը նետել էր մոտիկ առանձնատան բակ, որտեղ էլ այն պայթել էր՝ վնասելով մեքենաները: Սեւանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին 34-ամյա տղամարդը մեղայականով եկել է ոստիկանության Սեւանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ «օրենքով գող» օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին, կալանավայրից տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` բուժզննման:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրա առողջական վիճակը վատացել է, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, մեզ հայտնեցին, որ նրա հիվանդասենյակի մոտ խիստ հսկողություն է սահմանված:

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՄԱՀԸ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Պարզվել է, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են VAZ-2110 եւ BMW X5 մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները VAZ-2110 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին. բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։

 

 

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու կալանավորման միջնորդությունը, եւ նա ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ ձերբակալվել էր Արսեն Երեւանսկին. նրա դեմ բողոք էր ներկայացրել մի քաղաքացի: Դատարանը մերժել է նախաքննական մարմնի՝ նրան կալանքի տանելու միջնորդությունը:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՂԱԶԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

Հուլիսի 27-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է Աշտարակի բաժին, ապա տեղափոխվել նախաքննական մարմին եւ ձերբակալվել:

Հուլիսի 26-ի գիշերը՝ ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվեց երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան: Նրանց հարցին որդիներն ու մայրը պատասխանեցին, թե վնասվածքները հասցրել է անհայտ անձը: Իրավապահները շուտով պարզեցին, որ նրանց հայտնածը հեռու չէ իրականությունից:

Գիշերվա ժամը երկուսի սահմաններում անձնական հարցերի շուրջ վեճ է ծագել տուժած քաղաքացիների 26-ամյա հարեւանի եւ Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդի միջեւ, այդ ընթացքում աշտարակցին հոր «Իժ» հրացանից կրակել էր 26-ամյա ղազարավանցու ուղղությամբ: Նա փախել ու մտել էր հարեւանի բակ։ Հետապնդելով նրան` աշտարակցին եւս մեկ կրակոց էր արձակել արդեն հարեւան տան մոտ, ինչի հետեւանքով էլ աղմուկից դուրս եկած մայրն ու որդիները ստացել էին հրազենային վնասվածքներ: Միջադեպին միջամտել էր ընտանիքի հայրը եւ աշտարակցու ձեռքից խլել հրացանը, ինչից հետո կրակոցներ արձակած երիտասարդը փախել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու պարկուճ:

 

 




Լրահոս