Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց «Կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին, եւ ժամանակի հրամայական է երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը: «Այն անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին, շարունակական կրթությանը, ելնում այն դրույթից, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ հանրային կյանքի առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման գործում շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով: Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության եւ հասարակության զարգացման համար: Պետք է ասեմ, որ ծրագրի կենտրոնում մարդն է, նրա հնարավորությունների բացահայտումը»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Ծրագրի վերջնական նպատակը մրցունակ կրթական համակարգ ձեւավորելն է: Սահմանվել են ռազմավարական 3 հետեւյալ ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ձեւավորումը Հայաստանի ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացումը եւ կրթական ծառայությունների միջազգայնացումն ու արտահանումը:
«Մի քանի կարեւոր դրույթներ առանձնացնեմ՝ ապահովել ուսումնական հաստատությունների համընդհանուր ծածկույթ, դպրոց ընդունվող երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր ուսումնական հաստատությունները կունենան պատշաճ կահավորմամբ, անհրաժեշտ սարքավորումներում հագեցած շենքեր, լաբորատորիաներ, աշխատանքային տարածքներ: Մանկավարժները կլինեն ատեստավորված: Ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»,-ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը բավական ծավալուն է, այն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովին, եւ դեռ հնարավորություններ լինելու են մանրամասն ներկայացնելու: «Մի քանի չափանիշներ ենք սահմանել: Առաջինն այն է, որ պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները՝ 2021-2026 թվականի ծրագիրը: Մեզ համար շատ կարեւոր է, որ բարձր առաջադիմություն ցույց տվող որեւէ ուսանող ուսման վարձավճարի պատճառով չզրկվի մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից: Ընդհանրապես, կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում»,-ասաց Համբարձում Մաթեւոսյանը: Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Կառավարությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում մի քանի հարյուր դպրոց ու մանկապարտեզ է կառուցվում, հիմնանորոգվում:
Ն.Հ.
ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔԸ
Ամառային զորակոչի ընթացքում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքների եւ ահազանգերի հաշվառմամբ, Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցեր են իրականացրել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժնումներ (զինկոմիսատրիատներ)։
Այցերի ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների, ինչպես նաեւ վարժական հավաքներին ներգրավվող անձանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել բժշկական հետազոտությունների եւ փորձաքննությունների, դրանց շրջանակում կայացված որոշումների բողոքարկման, բժշկական փաստաթղթերը զորակոչիկներին տրամադրելու ընթացքում պրակտիկայում առաջացող խնդիրներին։
Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժնումների ղեկավարների հետ քննարկվել են զինծառայության ներգրավման եւ գրավչության բարձրացման, զորակոչիկների կրթական ցենզի, առողջական վիճակի հետ կապված եւ Պաշտպանին հասցեագրվող բողոքներով վերհանված մի շարք հարցեր։
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի եւս կես տարով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Այսպիսով, աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչեւ 21 ամիս: Այդ զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։
Հուլիսի 11-ի դրությամբ նշված կատեգորիայի ընտանիքները 76-ն էին, նրանց վճարումները դադարեցվել են 2022 թվականի մարտի 1-ից: Այսպիսով, նրանց հետին թվով օգնություն կվճարվի միանգամից երեք ամսվա համար՝ մարտից մինչեւ հունիս: Զինվորականին անհետ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։
Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ եւ ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։
Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 մլն դրամի միանվագ վճարում եւ համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։