2022թ. օգոստոսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:
2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 9.4%:
Երկրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումները: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտարկվում է տնտեսական ակտիվության դանդաղում: Միջազգային ապրանքահումքային շուկայում նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Սա կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպմանը: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռևս կպահպանվի:
2022թ-ի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն: Այն դրսևորվել է հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաև արդյունաբերության և արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճի ձևավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները: Վերջինս շարունակում է մեծամասամբ պայմանավորվել միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնման և բարձր գնաճային սպասումների պահպանման: ՀՀ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը:
Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի ներքո 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2022թ. օգոստոսի 16-ը հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):