ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 59

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում իշխանությունների կողմից եղել են հակասական հայտարարություններ։ Խոսքը նաեւ դիմակը կրելու մասին է։ «Ես մասնագետների հետ քննարկման արդյունքում կարող եմ ասել հետեւյալը, որ նաեւ առողջապահության նախարարն ասաց, որ մարդիկ ուղղակի դիմակ կրելու եւ քայլելու անհրաժեշտություն չունեն». սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի մարտի 13-ին։ Օրեր անց՝ մարտի 19-ին, այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում էր. «Ձեր կրած սովորական դիմակները վիրուսից չեն պաշտպանում։ Վիրուսն ավելի փոքր է, քան դիմակների մեջ եղած ծակերը»։ Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն  մայիսի 24-ին ասում էր. «Դիմակի կրման կարգապահությունը, դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը։ Նաեւ համաճարակաբանների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրակացության, որ տանը պատրաստված դիմակներն անգամ կարող են արդյունավետ լինել դրանց կրման որակի պայմաններում»։ Դրանից երկու ամիս առաջ Արսեն Թորոսյանն ասում էր, թե դիմակը պետք է փոխել մի քանի ժամը մեկ, եւ շատ կարեւոր է դրանց պատրաստման որակը։ Այսպիսով, ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ պաշտոնյաներն իրարից անկախ են հայտարարություններ արել, իսկ Փաշինյանի այն պնդումները, թե սովորական կամ ինքնաշեն դիմակները կարող են պաշտպանել վիրուսից, սուտ են եղել։ Նա խաբել է քաղաքացիներին՝ վտանգելով մարդկանց առողջությունը:

 

 

«Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաեւ «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու: «Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- նշեց մեր զրուցակիցը: Տեղեկությունը մեկնաբանելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին դիմեցինք, նա, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: «Առանց մեկնաբանության»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թեւն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Մեր դիտարկմանը Մանուկյանն այսկերպ արձագանքեց. «Շնորհակալություն գնահատականի համար»:

 

 

 

Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում: «Մի քանի օր անց զանգեցին ու ասացին, որ Վիտոն թուրքի հետ Ասկերանով, Ստեփանակերտով եկել անցել է դեպի Կարմիր շուկա։ Ճիշտն ասած՝ աչքովս չեմ տեսել, բայց Վիտոյից էդքանը հաստատ սպասելի է»,- տեղեկացրել է կուսակցության ղեկավարը: Տեղեկությունը փորձեցինք Բալասանյանի կուսակցությունից ճշտել, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրա գլխավորած «Արդարություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ շրջանառվող տեղեկությունը սուտ է:  «Միանշանակ այն ենթատեքստը, որն առկա է, իրականություն չէ: Այդ տղան Նիկոլ Փաշինյանի հետ մի շատ կարեւոր ընդհանրություն ունի. ատում է հաղթանակ տարած բոլոր գեներալներին, Բալասանյանի նկատմամբ անձնական ատելություն ունի: Ընտրությունների ժամանակ էլ միացել է Մասիս Մայիլյանին ու Սամվել Բաբայանին»,- ասաց մեր զրուցակիցը՝ այդպես հերքելով տեղեկությունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեն այս օրերին քննարկում  է  2008թ. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի հարցը: Տեղեկացանք, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դիմում է ներկայացրել  նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ  Պետրոսյանի  դեմ  հարուցված քրեական  գործը կարճվի, եւ նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին  հայտնի «ԿԳԲ-ի պադվալից»  ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի  ազատ արձակվելուց հետո որեւէ  քննչական  գործողություն չի արվել, եւ  քրեական  գործը մնացել է Հակակոռուպցիոն  կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի եւ դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, եւ այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց:

 

 




Լրահոս