2022թ. հուլիսի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված է Գարիկ Հայակի Դադայանի դատավարության հերթական նիստը։
Ըստ «Դատալեքս» համակարգի՝ 1954թ. ծնված, միջնակարգ կրթությամբ, նախկինում դատված, պատժի կրումից վաղաժամկետ ազատված, Երեւանում բնակվող Գ. Դադայանը մեղադրվել է այն բանի համար, որ 2010թ. մարտ ամսվա սկզբներին գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում, Երեւան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիներ Հրանտ Օհանյանից եւ Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով ստանալով առաջարկ` Վրաստանում գերհարստացված «Ուրան» ռադիոակտիվ նյութ իրացնելու նպատակով այն հայթայթելու եւ իրենց տրամադրելու վերաբերյալ` գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով հանցավոր համաձայնության է եկել վերջիններիս հետ հանցավոր մտահղացման իրագործմանը մասնակցելու եւ օժանդակելու հարցում եւ «Յունիստրիմ» բանկային փոխանցման համակարգով ստանալով իր կողմից որպես ճանապարհածախս պահանջված եւ Սումբատ Տոնոյանի անունից ուղարկված 1000 ԱՄՆ դոլար գումարը՝ 2010թ. մարտի 10-ին Մոսկվա-Երեւան չվերթով վերադարձել է Երեւան եւ նույն օրը Հրանտ Օհանյանին տրամադրել ապօրինի ձեռք բերված, ծխախոտի տուփի մեջ տեղադրված 17 գրամ կշռով գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ, որից հետո վերջինս Սումբատ Տոնոյանի հետ 2010թ. մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Վրաստանի Թբիլիսի քաղաք եւ նույն օրը փորձել իրացնել այն, սակայն հայտնաբերվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Բացի այդ, երբ 2011թ. ապրիլի 22-ին Գարիկ Դադայանը բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, նրա մոտ հայտնաբերվել է օձի թույն:
2011թ. մայիսի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Մարդանյանը վճռել է Գարիկ Դադայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, նրան մեղավոր ճանաչել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, պատիժները լրիվ գումարելու միջոցով Գարիկ Դադայանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ։
Գ. Դադայանի պաշտպանները այդ դատավճռի դեմ վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոքներ են ներկայացրել։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, վճռաբեկ դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Գ. Դադայանի պաշտպաններ Կ. Սարդարյանի եւ Ա. Սարդարյանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձվել է: ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 0710 հրահանգի թիվ 3 հավելվածի համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Գ.Դադայանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետը, նշանակված պատժաչափը կրճատվել է 6 ամիս ժամկետով եւ թողնվել է կրելու ազատազրկում՝ 6 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ նախագահի 2015 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանագրով Գ.Դադայանին շնորհվել է ներում, նշանակված պատժաչափը կրճատվել է 1 տարի ժամկետով եւ թողնվել է կրելու ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով:
2015 թվականի հոկտեմբերի 22-ին Գ.Դադայանն ազատ է արձակվել՝ ամբողջությամբ կրելով նշանակված պատիժը: Գ.Դադայանի գանգատի հիման վրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով» 2018 թվականի սեպտեմբերի 6-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Գ.Դադայանի` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով եւ 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված իրավունքների խախտման փաստը ?րպես նոր հանգամանք, վկայակոչելով «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ Գ. Դադայանի պաշտպան Կ.Սարդարյանը 2019 թվականի մարտի 6-ին բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան։
2019թ. սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, Գարիկ Դադայանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2011 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել, վերանայման արդյունքում Գարիկ Դադայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 233-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի մայիսի 25-ի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԽԱՌՆԱՇՓՈԹ՝ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Գազալցակայաններում իսկական խառնաշփոթ է. այսօրվանից ուժի մեջ է մտել գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Գազալցակայաններում չեն սպասարկում այն վարորդներին, որոնք չունեն գազաբալոնի վկայագիր: Մերժված վարորդները ստիպված են լինում իրենց ավտոմեքենան լցավորել բենզինով, որի մեկ լիտրը սկսում է 520 դրամից:
Տեղեկացնենք, որ գործում է համապատասխան թվային համակարգ, որով գազաբալոնների վկայագրումը ստուգելու հնարավորություն ունեն գազալցակայանների աշխատակիցները: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ գազալցակայանների մեծ մասը միացված չէր թվային այդ համակարգին: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ գազաբալոնների տվյալների շտեմարանն ամբողջությամբ պատրաստ է, իսկ գազալցակայաններն էլ միացված են համակարգին: Ավելին, այս գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տվել գազալցակայաններ մոտենալիս սկզբնական փուլում, ամեն դեպքում, ձեռքի տակ ունենալ թղթային տարբերակը:
«Էքսպերտ Թեչ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման եւ տեղադրման լիցենզավորված ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ երեկ վարորդներից մեկին գազալցակայանում հրաժարվել են սպասարկել նույնիսկ գազաբալոնի վկայագրման առկայության դեպքում. «Գազալցակայաններում բացարձակ լցավորում չեն անում. օրինակ՝ հենց նոր զանգեցին Ավանի գազալցակայանից, ասում են՝ փաստաթղթով գնացել եմ էնտեղ, չեն լցավորում, ասում է՝ չարեցին, թողեցի դուրս եկա: Խնդիրը գազալցկայանների հետ է. համակարգիչ չեն դրել. համապատասխան ծրագիր չեն մտել»:
Նշենք, որ վարորդների զգալի հատվածը գազաբալոնների վկայագրումը թողել է վերջին օրվան, ու հիմա վկայագրման կայաններում բավական մեծ ծավալի հերթեր են: Ի դեպ, օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ գազաբալոնների վկայագրման ճնշակայաններն օրերս շահագործվելիք էլեկտրոնային հարթակում կգրանցեն մեքենայի տվյալները, դրանք տեսանելի կլինեն նաեւ գազալցակայանների համար, ինչն էլ գազ լիցքավորողների համար հիմք կլինի սպասարկելու դեռեւս վկայագիր չունեցող, բայց հերթագրված ավտոմեքենան:
«300 հոգի մարդ առավոտից եկել, հերթագրվել են, խառը վիճակ է, պետական կառույցներից հայտարարել են, ու վարորդները ընկել են աժիոտաժի մեջ: Մարդկանց հնարավորություն են տալիս, որ գազով լցավորեն իրենց ավտոմեքենաները, մինչեւ իրենց հերթը հասնի»,- ասաց Մ. Տիգրանյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Բերդի սահմանագոտում՝ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի սկզբանամասում, ճանապարհը, դրա դիմաց գտնվող բարձունքներում տեղակայված, ամրացված հենակետերում գտնվող ադրբեջանական զինուժի գնդակոծություններից պաշտպանող գաբիոններով սարքված պատի մի մասը քանդվել է, սակայն արդեն մի քանի տարի նորոգման համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում։ Հայաստան-Վրաստան միջպետական հիմնական ավոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, գտնվելով ադրբեջանական գնդակոծության գոտում, նախկինում պարբերաբար ենթարկվել է հակառակորդի գնդակոծությանը։ 1990-ական թվականներին սահմանագոտով ձգվող, սահմանի ավելի խոցելի հատվածում քարից ու հողից թմբեր էին կառուցված, որոնք միջպետական ավտոճանապարհով անցնող ավտոմեքենաների երթեւեկը պաշտպանում էին ադրբեջանական գնդակոծություններից։ Հետո այդ հողաթմբերը, չգիտես՝ ինչու, քանդվեցին, եւ տրանսպորտային միջոցները հակառակորդի գնդակոծության համար դարձան խոցելի։ Ադրբեջանի Ղազախի շրջանում՝ Մազամ գյուղի տարածքում, երկար հենապատ է կառուցվել, որ գյուղ մտնող ավտոճանապարհը պաշտպանում է հայկական դիրքերից գնդակոծություններից։ Կառուցվել է Ղազախ քաղաքից դեպի Ղուշչի-Այրում սահմանամերձ գյուղ տանող հողաշեն ռազմավարական նշանակության ավտոճանապարհ։
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Երեւանում գործող, պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ընդդեմ «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի 2022թ. հունվարի 10-ի որոշմամբ՝ դիմումն ընդունվել է դատարանի վարույթ, դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցի ապահվման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը: Հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ն. Դալլաքյանը որոշում է ընդունել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, որոնց մեջ որպես գործի լուծման համար նշանակության ունեցող փաստ է համարել այն, որ «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ին մատարակարել է պրեֆորմաներ (նախակաղապարներ), որի վերաբերյալ հայցադիմումով ներկայացված պահանջը կազմում է 3 միլիոն 16 հազար 675 հազար դրամ, որից 2 միլիոն 865 հազար 81 դրամը՝ որպես հիմնական պարտքի չվճարված մաս, 160 հազար 594 դրամը՝ որպես հաշվարկված տոկոսներ: Դիլիջանի հանքային ջրերի գործարանի արտադրանքը իրացվում է Հայաստանում, գործարանն ինչպե՞ս է հայտնվել ժամկետանց պարտքի տակ եւ դատական գործընթացում:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ