ԹԻՄԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։

Ավելի քան 110 թիմերից 99-ը հաղթահարել են նախնական փուլը, իսկ 34-ն անցել են կիսաեզրափակիչ փուլ։ Ընտրությունն իրականացվել է 48 մասնագետների կողմից, որոնք յուրաքանչյուր հայտ ուսումնասիրել եւ գնահատել են՝ ըստ EWC-ի միջազգային գնահատման ստանդարտների։

EWC մրցույթի ազգային կիսաեզրափակիչը կանցկացվի օգոստոսի 1-ին եւ 2-ին։ Կանխատեսվում է, որ մոտ տասներկու ստարտափ թիմեր կանցնեն ազգային եզրափակիչ փուլ։

Օգոստոսի 4-ից 12-ը եզրափակիչ փուլ անցած թիմերը կմասնակցեն որակավորված մասնագետների եւ բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։

Ազգային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում: Սա կարող է համարվել ձեռներեցության մշակույթի տոն, որը հագեցած կլինի ոգեշնչող ելույթներով հետաքրքիր պանելային քննարկումով եւ ազգային եզրափակչի մրցույթով, որին ներկա կլինեն հատուկ հյուրեր, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ եւ ձեռնարկատերեր: Միջոցառմանը կհաջորդի հետընտրական երեկույթ՝ նշելու հաղթողների ձեռքբերումները եւ լիցքաթափվելու մի քանի ամսվա տքնաջան աշխատանքից հետո:

Նշենք, որ EWC միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ, ինչը փաստում է հայաստանյան ստարտափ համակարգի դրական աճի մասին։

EWC-ի ազգային եզրափակչին մասնակցելու համար գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է։

Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի գլխավոր կազմակերպիչը EPIC-ն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), TEAM Telecom Armenia-ի եւ «Թումո» լաբերի հետ:

 

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ): որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: Լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը: Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության եւ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Խախտման վերացման համար տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:

 

 

 




Լրահոս