ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգը՝ հայ արտիստների մասնակցությամբ: Մեծ կոմպոզիտորին նվիրված համերգը համախմբել էր Երգի պետական թատրոնի ներկա եւ հին սերունդին թանկ եւ ջերմ հուշերի ներքո, եւ պատահական չէր, որ համերգը կրում էր «Երեկ, այսօր, հավերժ…» խորագիրը:

 

Համերգը կազմակերպել են դուստրը՝ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանը, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբը, որոնք բոլորին համախմբեցին եւ կյանքի կոչեցին  Գրիգորիչին նվիրված հուշ-երեկոն:

Երգի պետական թատրոնի առաջին փայլուն սերունդի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Ալեւոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորությունների մասին եւ ասել, որ ողջ համերգի ընթացքում զգացել է Արթուր Գրիգորիչը  ներկայությունը:

«Մեր մեջ մեծ ցավ կա, որ Գրիգորիչը ֆիզիկապես ներկա չէ, բայց նաեւ հասկանում ենք, որ իր ներկայությունը կա, եւ դա տարիներ ի վեր մեզ հետ տանելու ենք, որովհետեւ այն երգերը, որ նա է գրել, այն աշխատանքը, որ արվել է,  անգնահատելի է: Նա այն տեսակն էր, որ իրենից հետո ապրեցնում է իր թողած գործը: Հիշում եմ, երբ պատրաստվում էինք ինչ-որ մի երկրում համերգի, սկսած ծրագրից, երգերի հերթականությունից, լույսից, ձայնից, բեմական պահվածքից, ամեն բան քննարկում էինք նրա հետ, եւ դա մնացել է մեզ, եւ սովորել ենք իր հետ շփման արդյունքում: Կոնկրետ իմ դեպքում նա շատ չէր միջամտում, ասում էր՝ դու ոնց զգում ես, այնպես էլ արա, քո մոտ շատ բնական է ստացվում»,- հուզված նշում է երգչուհին:

Ալլա Լեւոնյանի խոսքով՝ Արթուր Գրիգորիչը շարունակում է ապրել իրենց հուշերում եւ մտքերում. «Հիմա մենք ինչ-որ անում ենք, նա ներկա է, ուր էլ գնում ենք համերգի, ներկա է: Ես զգում եմ նրա ներկայությունը, ինչ թեմայի շուրջ որ խոսում ենք, անպայման իրեն մեջ ենք բերում. դա նշանակում է, որ նա ներկա է, մեզ հետ է: Համերգին բոլորս շատ հուզված էինք, բայց նաեւ ուրախ, ժպիտով հիշողությունների գիրկն էինք ընկել: Չեմ կարող նկարագրել, թե զգացողությունների ինչ տեղատարափ էր մեզ մոտ: Ընկերներիս ասում էի՝ վերջին մի քանի տարում առիթ չէր եղել, որ բոլորս հավաքվեինք նույն բեմում: Նա միշտ ասում էր՝ դուք պետք է լինեք համախմբված, եւ այդպես էլ եղավ. նա այնպես արեց, որ մենք կրկին միասին լինենք, Երգի թատրոնի բոլոր սերունդներով»:

Ալլա Լեւոնյանի կարծիքով՝ Արթուր Գրիգորիչը վառ անհատականություն էր, ում թողած  ժառանգությունը դեռ շատ երկար տարիներ կկրթի մեր ապագա երաժշտասերներին:

«Նա  շատ մեծ ներդրում ունի հայկական երգավեստի էստրադային ժանրի ձեւավորման գործում: Միայն նրա շնորհիվ է, որ այսօր շատ երգիչ, երգչուհիներ երգարվեստում իրենց ուրույն տեղն ունեն: Նա իսկապես ճաշակ էր թելադրում»,-հավելեց մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս