ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վայոց ձորում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել ջրահեռացման առվի մեջ։

Վթարի հետեւանքով Ա. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ պատասխանել, թե անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ով պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:

Լուսինե Սարգսյան (51 տարեկան)

 

ՊԱՏԱԽՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն):

Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:

 

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ով կարող է աշխատել որպես ուսուցիչ։

Սերինե Ավդալյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը,

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։

1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

ՀՀ կրթության, գիտության,  մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է եւ շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:

 

 




Լրահոս