Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Մտահոգված ենք վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդումներով: Եվրամիությունը հանձնառու է՝ խորացնելու ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:
Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել պատերազմի՝ տասնամյակների էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- գրել է Կլաարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել։