Ինչ է կատարվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում. ԲԴԽ-ն ստուգումներ է սկսել. դատավոր Սիմոնյանի հրաժարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Այսօր հայտնի դարձավ, որ կալանք տվող դատավորներից Տիգրան Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ ԲԴԽ-ն բավարարել է դատավորի դիմումը ու դատավորի լիազորությունները համարել են դադարեցված: Սակայն մինչ Տիգրան Սիմոնյանի հրաժարական տալը Վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ զարգացումներ են եղել: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով՝  հասած տեղեկությունների համաձայն Տիգրան Սիմոնյանի նկատմամբ Կարգապահական վարույթի հարուցման դիմում է եղել: Իսկ ինչն է եղել պատճառը: Բանն այն է, որ առաջին ատյանի դատարանը մի քաղաքացու կալանքի տանելու դատախազի եւ քննիչի միջնորդությունը մերժել է: Արդյունքում, դատախազն ու քննիչն այն բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան եւ կալանքի հարցը մակագրվել է դատավոր Սիմոնյանին:

Եվ ահա Սիմոնյանը բավարարել է դատախազի ու քննիչի որոշումը ու քաղաքացուն կալանքի է տարել: Այստեղից էլ սկսվել է կռիվ կինոն: Հաշվի առնելով, որ անձին ազատությունից զրկելու հարցն է, ըստ լուրերի՝ դատավոր Սիմոնյանը պետք է քաղաացուն կալանքի ակտը շուտ տրամադրեր կալնավորված անձի պաշտպաններին, սակայն այդ որոշումը տրամադրել է 2 ամիս անց:
Ստացվում է, որ կալանավորված անձի պաշտպանները չեն ունեցել դատարանի ակտը, որ կարողանան այն բողոքարկել ու ստիպված երկու ամիս սպասել են, ինչի արդյունքում իրենց պաշտպանյալն անհիմն երկու ամիսն մնացել է կալանքի տակ:

Եթե դատավոր Տիգրան Սիմոնյանը ժամանակին տար կալանքի ակտը, միգուցե կալանավորված անձն այն բողոքարկեր օրինակ Վճռաբեկ դատարան ու ազատության մեջ հայտնվեր:

Եվ ահա կալանավորված անձի պաշտպանական կողմ էլ այս գործելաոճի մասով դիմել է դատական համակարգ՝ Տիգրան Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Տիգրան Սիմոնյանը դիմում է ԲԴԽ եւ ասում, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորներն են ուշացնում կալանքի ակտերը: Բանը հասնում է ստուգումներին:

ԲԴԽ-ն մտնում է ստուգումների եւ ուշագրավ բացահայտում անում: Մասնավորապես բացահայտվում է մոտ 32 նմանօրինակ դեպք, որ անձի կալանավորման ակտերը դատավորները ուշացրել են մեկ, երկու ամսով ու մարդիկ հնարավորություն չեն ունեցել իրենց անազատության մեջ գտնվելու հարցը բողոքարկել: Սակայն այստեղ ամենազարմանալին այն է, որ ԲԴԽ-ն բացահայտում է, որ հիմանականում կալանքի ակտը շաբաթներով ուշ տվող դատավորը եղել է հենց Տիգրան Սիմոնյանը:

Դատելով իրավիճակից՝  դատավոր Սիմոնյանը փորձում է արդարացնել իր գործողությունները, սակայն ԲԴԽ-ի բացահայտումը նրան ավելի վատ վիճակի մեջ է գցում: Ըստ մեզ հասած լուրերի՝  ԲԴԽ-ն այս հանագամանքը բացահայտելուց հետո նրա լիազորությունները կդադարեցներ, սակայն Տիգրան Սիմոնյանն առաջ է ընկնում եւ հասկանալով, որ չունի թիկունք, չկա ՀՀ վերաքննիչ քրեկաան դատարանի նախկին նախագահ Տիգրան Սահակյանը, որ մտներ ԲԴԽ եւ բարեխոսեր իր համար, որոշել է ինքը դիմում ներկայացնել եւ ազատվել պաշտոնից: Փորձեցինք այս մասով կապ հաստատել դատավորի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն:

Քնար Մանուկյան




Լրահոս