Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում: Այս մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ ընդհանուր լեզու գտնելու, փոխընդունելի հիմնարար սկզբունքների, խաղաղության համաձայնագրի պարամետրերի հասնելու համար», – ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը նույնպես Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարեւոր ուղղություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության բարելավման ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մոսկվայի խորհրդատվական դերն այս գործընթացում արձանագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ։
«Մեր կողմից մենք միշտ պատրաստ ենք ընդունել մեր հայ եւ ադրբեջանցի ընկերներին Ռուսաստանի տարածքում: Համոզված ենք, որ հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանագծման առումով մեր երկրի եզակի մասնագիտական հնարավորություններն ու կարողությունները կարող են զգալիորեն ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,- ասել է նա։
Ռուսաստանը, ըստ Զախարովայի, ելնում է նրանից, որ Երեւանն ու Բաքուն կորոշեն որոշակի միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական ասպեկտներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
Հավելենք, որ երկու օր է՝ Արցախում է լարված իրավիճակ տիրում ղարաբաղաադրբեջանական սահմանին։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ:
Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը:
Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակում է պահպանվել, եւ Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին, առանց մարդկային ու դիրքային կորուստների:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթեւեկության ապահովումը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Վեդի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարը պաշտոնավարման ընթացքում՝ 1999-2021 թթ. ընկած ժամանակահատվածում, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով անձանց իրավունքներին, ինչպես նաեւ հասարակության եւ պետության օրինական շահերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
ՆՈՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏ
2022 թվականի հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ՝ ընդդեմ Ադրբեջանի:
Ինչպես տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նշված գանգատն, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ եւ Փարուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաեւ 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը:
ՀՀ ԵՎ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը եւ հայրենադարձումը:
Կողմերն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:
ՊԱՊՈՅԱՆԸ` ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել դատավոր Մխիթար Պապոյանին: Այս մասին տեղեկությունը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին լրացել է Վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին նախագահ Տիգրան Սահակյանի 65 տարին, իսկ ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով դատավորը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարին լրանալը, այսինքն՝ Տիգրան Սահակյանի՝ որպես դատավորի լիազորությունները դադարել են: ԲԴԽ նախագահը դեռեւս Գագիկ Ջհանգիրյանն էր, որպես Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հավանական թեկնածու շրջանառվում էր դատավոր Սեւակ Համբարձումյանի անունը, սակայն Ջհանգիրյանի՝ լիազորությունների դադարումից հետո իրավական համայնքում որպես Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածու ակտիվորեն սկսեց շրջանառվել Մխիթար Պապոյանի անունը, որը, փաստորեն, ընտրվել է նախագահ:
Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանի գնալուց հետո ԲԴԽ-ում իրավիճակ է փոխվել, եւ ԲԴԽ անդամները ընտրեցին դատավոր Մխիթար Պապոյանին, որն այն դատավորներից մեկն էր, որ ահազանգում էր դատական համակարգում առկա վիճակի մասին եւ մի քանի այլ համարձակ դատավորների հետ միասին կռիվ էր տալիս դատական համակարգում անարդարությունների դեմ։
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Պետական դավաճանության դեպքով ԱԱԾ-ն հերթական քաղաքացուն է կալանավորել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք: Վերջինս կալանավորված է, իսկ գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, եւ այն ուղարկվել է դատարան:
ՏՈՒԳԱՆՔ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Հանրային վայրերում կամ բացօթյա տարածքներում ստեղծագործական ելույթների իրականացման կարգը խախտելու համար կազմակերպչի նկատմամբ տուգանք կնշանակվի: Խոսքը 100 հազար դրամից 200 հազար դրամ գումարի մասին է: Իսկ եթե նույն արարքը տուգանվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կատարվի, ապա կազմակերպչի նկատմամբ կնշանակվի 500.000-800.000 դրամի չափով տուգանք: Բացի այս, կբռնագրավվի խախտողի երաժշտական գործիքը: Ըստ ՏԿԵՆ-ի՝ ցանկացած ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որեւէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաեւ խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը: