ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախությամբ, կաշառքի պատրվակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 54-ամյա բնակիչը իր օժանդակությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու պատրվակով ծրագրել եւ պլանավորել է մեկ միասնական դիտավորությամբ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Այսպես, վերջինս, ներկայանալով ոստիկանության համակարգի նախկին ծառայող եւ ոստիկանությունում կայուն կապեր եւ մտերիմներ ունեցող անձ, իրեն դիմած մի շարք քաղաքացիների կեղծ խոստումներ է տվել, թե, իբր, տվյալ ոլորտի պաշտոնատար անձանց իր միջոցով փոխանցված կաշառքի դիմաց կարող է կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց: Քաղաքացիների շրջանակը մեծացնելու նպատակով 54-ամյա տղամարդը հանդիպել է ավտոմեքենա վարելու դասընթացներ կազմակերպող ընկերության երկու աշխատակիցների հետ եւ թաքցնելով խարդախությամբ գումար հափշտակելու իր իրական մտադրությունը՝ նրանց եւս տեղեկացրել է, որ հանդիսանում է ոստիկանության համակարգի նախկին ծառայող, հայտնել, թե, իբր, կարող է իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով, որպես կաշառք փոխանցված գումարի դիմաց, կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց՝ նրանց առաջարկելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիներ լինելու դեպքում դիմել իրեն՝ դրա դիմաց խոստանալով գումար. նշված աշխատակիցները նպաստել են վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող 4 քաղաքացիների եւ 54-ամյա տղամարդու միջեւ կաշառքի շուրջ համաձայնությանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 54-ամյա տղամարդը 25 քաղաքացիներից ստացել եւ խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.148.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, 54-ամյա տղամարդը, տեղեկանալով Երեւան քաղաքի մեկ այլ բնակչի՝ աշխատանքի ընդունվելու ցանկության մասին, կրկին ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից եւ ոստիկանությունում կայուն կապեր ունեցող անձ, հավաստիացրել, որ կարող է այդ հարցում օգնել, որից հետո կաշառք տալու փորձի դրդչությամբ մաս-մաս նրանից ստացել եւ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի՝ 550.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ որոշում է կայացվել կաշառք տալու փորձ կատարած 23 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ գործուն զղջալու հիմքով, նույն հիմքով մեկ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), հիշյալ 2 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով, 3 քաղաքացիների՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ 10 400 000 ՀՀ ԴՐԱՄ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական եւ վարութային անհետաձգելի գործողություններ՝ Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած ավազակության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 05:55-ին, Ստեփանավան քաղաքի բնակչից, որը տեղեկացրել է դիմակավորված անձանց՝ իր առանձնատուն մտելնելու եւ գումար ու ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անձինք ապօրինի մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Դուրյան փողոցում գտնվող առանձնատուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ եւ վերջինիս կնոջ ձեռքերն ու ոտքերը, այնուհետեւ, դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ տալով, տեղեկանալով գումարի եւ ոսկյա զարդերի գտնվելու վայրը, հափշտակել, նախնական տվյալներով, շուրջ 10 400 000 ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր, բանկային քարտ, ինչպես նաեւ 2 բջջային հեռախոս:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տանտերը եւ վերջինիս կինը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Վարութային գործողությունների ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են կպչուն ժապավեններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարանող սարքի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Գեղարքունիքի մարզում օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Արտյոմ Պ.-ի վարած Mercedes մակնիշի եւ 20-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով Mitsubishi-ի ուղեւոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Ջեմմա Մախմուրյանը տեղում մահացել է։ Իսկ Mitsubishi-ի վարորդ Արտյոմ Մ.ն, նրա ուղեւորներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Թելլի Ս.-ն, 46-ամյա Արմենուհի Մ.-ն, Mercedes-ի վարորդ Արտյոմ Պ.-ն եւ նրա ուղեւոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՇԱՌՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք:
Մասնավորապես` ոստիկանության պարեկներ Հ. Պ.-ն եւ Ա. Կ.-ն ծառայության ընթացքում` ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան եւ ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Դրանից հետո Կ. Մ.-ն, իր օգտին ապօրինի անգործության, այն է` տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու եւ տրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու համար պարեկ Հ. Պ.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք: Պարեկը չի ընդունել նշված առաջարկը, այլ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել է Կ. Մ.-ին եւ նրան տեղափոխել ոստիկանության բաժին:
2022 թվականի հուլիսի 29-ին Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար: Նախաքննությունը շարունակվում է:
Նկատի ունենալով վերջին շրջանում հաճախ արձանագրվող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը՝ կրկին հիշեցնում ենք, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաեւ առաջարկելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց եւ դրսեւորել իրավաչափ վարքագիծ: