ԵԳԻՊՏԱՑԻ ՌԵԺԻՍՈՐԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտացի լրագրող եւ ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային կյանքի, Արցախի փախստականների մասին, որոնք այժմ բնակվում են Սյունիքում:

 

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ հուլիսի 29-ին հանրության լայն շրջանակն այն դիտելու հնարավորություն ունեցավ «Նարեկացի» արվեստի միությունում:

Էսսամ Նագին կարծում է, որ միջազգային հանրությունն այնքան էլ խորամուխ չի լինում արցախյան հիմնախնդրի մեջ, ուստի իր պարտքն է  ֆիլմի միջոցով պատմել իրողությունը:

Նագին պատերազմի ընթացքում Հայաստանում չի եղել, եկել է պատերազմից վեց ամիս անց:

«Պատերազմի ժամանակ այնքան էլ հեշտ չէր գալ Հայաստան, քանի որ դա չափազանց էմոցիոնալ կլիներ: Ես չէի ցանկանում այդ ապրումները փոխանցել աշխարհին, ուզում էի՝ մարդիկ հանդարտվեն, խորհեն կատարվածի մասին»,-ն շեց նա:

Էսսամ Նագին կարծում է, որ հայերը բազմիցս կոտրվել են ու վերականգնվել, եւ նրանք ամուր հոգի ունեն: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է տեղեկացված լինի, իմանա ճշմարտությունը, կանգնի Հայաստանի կողքին, որպեսզի կատարվածը չկրկնվի:

Հեղինակը նախատեսում է կինոնկարը ցուցադրել Գորիսում եւ Գյումրիում, այնուհետեւ՝ կինոփառատոններում: Նա ֆիլմի միջոցով ուզում է ցույց տալ, որ հայերը միայնակ չեն:

Ռեժիսորի հետ զրուցելիս նկատեցինք, որ նա կրում է մատանիներ, որոնցից մեկի վրա գրված է՝ Երեւան, իսկ մյուսի վրա տերունական աղոթքն է: Նագին ասաց, որ տարիներ շարունակ կրում է մատանիները, քանի որ Հայաստանն իր սրտում է:

Էսամ Նագին վավերագրական ֆիլմեր է թողարկել եւ նկարահանել շատ երկրներում, որոնց թվում են Իրաքը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Ռուանդան, Հայաստանը, Ուգանդան եւ այլն: Հիմնել է Firsttree.art արտադրական ձեռնարկությունը, որն արվեստին առնչվող նախագծեր է առաջ քաշում եւ թողարկում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում:

Մառախլապատ Գորիսում 2020-ի պատերազմից մեկ տարի անց սկսվել են «Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմն ընդգրկում է հայ խիզախ կանանց նկարագրությունները՝ Հայաստանի պատմության հետ միահյուսված: «Մոռացված հայրենիքը» լուսաբանում է Հայաստանի, հատկապես՝ երկրի ամենահարավային մարզի՝ Սյունիքի աշխարհագրական եւ ռազմավարական կարեւորությունը, պատմական ու ներկա մարտահրավերները եւ մշուշոտ ապագան նման անկայուն տարածաշրջանում:

 

 

ՀՀ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ

Հայաստանի մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Վիբորգ» (Դանիա) – «Բ36 Տորսհավն» (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը, որը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 3-ին, դանիական Վիբորգ քաղաքում։ Խաղը կսպասարկեն հայ մրցավարները՝ Հենրիկ Նալբանդյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։

 

 

 

Forbes-Ի ՑԱՆԿՈՒՄ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը եւ «Դիլիջան» ազգային պարկը ներառվել են Forbes-ի՝ Կովկասի բնության հրաշքների ցանկում։

Հայտնի է, որ առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մոտ 1500 հին է Յելոուսթոունից։ Արգելոցը հարուստ է բուսական ու կենդանական աշխարհով։ «Դիլիջան» ազգային պարկը իր մեջ ներառում է ընդարձակ անտառներ, տեղական կենդանական աշխարհ եւ դարավոր կառույցներ հենց Հայաստանի սրտում։ Չնայած տարածաշրջանը լի է հայկական տիպիկ կաթնասուններով, թռչուններով եւ երկկենցաղներով, զբոսաշրջության ամենանշանավոր գրավչություններից մեկն այնուամենայնիվ տեղի բնակիչներն են: Դիլիջանում են գտնվում մի շարք պատմական կրոնական շինություններ, այդ թվում՝ Հաղարծին վանքը, ինչպես նաեւ Գոշավանքը՝ 800 տարի առաջ կառուցված հսկայական համալիրը:

 

 




Լրահոս