Օգոստոսի 1-ից Արցախում սկսված սահմանային լարվածությանը սկսել է արձագանքել միջազգային հանրությունը։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է հաղորդումներին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում։
«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության, այս մասին Փալոնեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»,- ասվում է գրառման մեջ։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել Եվրամիությանը անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
Ֆուրլասը մասնավորապես նշել է, որ «Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ»՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ «Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, ովքեր այս պահին ունեն մեր կարիքը»,- նշել է նա։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն արձանագրել է, որ օգոստոսի 3-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում:
«Արձանագրվում է իրավիճակի սրացում զորախմբի պատասխանատվության գոտում: Սարիբաբա բարձունքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն․Հ․