Այս օրերին, երբ Ադրբեջանն Արցախում լարվածություն է հրահրում ու կրակ բացում, ՀՀ իշխանության ձայն-ծպտունը չի լսվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, դեռ հանգստի մեջ է, վայելում է արձակուրդը, իսկ մյուս պաշտոնյաներն էլ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, «հանգիստ նստել են տեղները»:
Ուղիղ վեց տարի առաջ՝ 2016-ի հուլիսի 6-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, որ Արցախին վերաբերող ամեն հարցի մասին ամենասուր ձեւով էր քննադատում ՀՀԿ-ականներին, հայտարարում էր. «Ամբողջ քաղաքական էլիտան բոլորիս ուզում է հասցնել մի իրավիճակի, որ ասենք՝ չենք կարողանում այդ հողերը պահել (Արցախը նկատի ունի- խմբ.)… 15-20 տարվա թալանը արդարացրել են, թե բա՝ զենք ենք առնում: Դրանից հետո եկել, ասում են՝ 80-ականների զենքով են կռվում, 800 հա տարածք էլ կորցրել ենք: Հարց է ծագում՝ դուք ո՞վ եք ու էս երկրում ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես»:
Լրագրողի կոնկրետ հարցին, թե Հայաստանի ու Արցախի՝ գոյություն ունեցող սահմանի մեջ կա արդյոք մի տարածք, որ հնարավոր է թուրքերին տալ ինչ-որ մի բանի դիմաց, Փաշինյանը խիստ եւ հստակ է պատասխանում. «Ոչ, չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջերս հստակ հայտարարել է՝ այն տարածքը, որ ունենք, կենսական տարածք է»:
2016-ից հետո, սակայն, այսօր շատ բան է փոխվել, ու արդեն ոչ թե 800 հա տարածք, այլ Արցախի 75 տոկոսն ենք կորցրել, ու դա տեղի է ունեցել Փաշինյանի կառավարման ժամանակ: Նրա համոզումը, թե Արցախից հակառակորդին հանձնելու որեւէ տարածք չկա, փուչիկի պես տրաքեց, երբ հայտարարեց, թե՝ «դուք ուզում եք համոզել, որ 90 եւ ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր. դժբախտ, դժգույն մի քաղաք»: Փաստացի, նրա՝ Արցախի ու Հայաստանի տարածքները չզիջելու մասին հայտարարությունները սուտ են եղել:
Օգոստոսի 3-ից՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետներ եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Սա երեկ երեկոյի պաշտոնական թվերն են, որոնք իրականում կարող են ավելանալ կամ փոփոխվել։ Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այս իրավիճակում։ Նախ՝ նշենք, որ այս օրերի լարված իրավիճակից հետո՝ երեկ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք է հայտարարել, հայտարարություն է տարածել նաեւ Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ դիմելով միջազգային հանրությանը։ Ազգային ժողովը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ ամբողջ օրը փորձեցինք կառավարությունից պարզել՝ կլինի հայտարարություն, կամ Փաշինյանը կվերադառնա արձակուրդից, թե ոչ, սակայն մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, իսկ պաշտոնական հաղորդագրության այդպես էլ չհանդիպեցինք։ Միայն ՀՀ արտաքին գործերի նախարարն էր ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն խոսակցությունը գլոբալ էր եւ ոչ հասցեական։ Ստացվում է՝ Հայաստանը, կարծես թե, իր ձեռքերը լվացել է Արցախից, եւ այն, ինչ հուլիսի 29-ին հայտարարել էր ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը, կատարվում է։ Նա ասել էր. «Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը»։ Իշխանությունների մոտ կարծես թե ստացվում է։ Նիկոլ Փաշինյանի թիմը մոռացել է ՀՀ գլխավոր պարտավորությունը, այն է՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է:
Ուշագրավ իրավիճակ՝ դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ, չի բացառվում, առաջիկայում ազատման դիմումներ ներկայացնեն: Բանն այն է, որ շատ դատավորներ կորցրել են իրենց թիկունքը եւ այդ պայմաններում նախընտրում են պաշտոնից ազատման դիմում գրել: Առաջին հրաժարական տվողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն է լինելու, ու չի բացառվում՝ Վերաքննիչում այս մեկ հրաժարականը չլինի, եւ այլ դատավորներ եւս հրաժարականի դիմում ներկայացնեն: Ի դեպ, դատավորների այս խառնաշփոթն ու անպաշտպան լինելու զգացողությունը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը, այլ ոչ թե Գագիկ Ջհանգիրյանի նախընտրելի թեկնածու Սեւակ Համբարձումյանը:
Տեղական խոզի միսը թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի գինը հուլիս ամսին, հունիսի համեմատ, բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի: Մանագետների խոսքով՝ չի բացառվում, որ այն առաջիկայում է՛լ ավելի թանկանա: Մյուս կողմից՝ նշենք, որ ոչ միայն խոզի մսի գինն է բարձրացել, այլեւ խոզերի գլխաքանակի անկում է արձանագրվել: Թեեւ Հայաստանը խոզի միս ներկրում է, բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ներկրվածը իրացման շուկայում չնչին ծավալներ ունի եւ չի լրացնում բացը: Միաժամանակ նկատենք, որ այս տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալներն են բավականին պակասել (16.1 տոկոսով): Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինն էլ է բարձրացել: Տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: Տավարի մսի գնաճի պատճառներից մեկը անասնակերի խնդիրն է: Նախորդ տարի, եղանակային պայմաններից ելնելով, բավարար քանակությամբ անասնակեր չկուտակվեց, բացի դրանից, որոշ տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, այս պատճառով անասնապահությունը Հայաստանում դարձել է ոչ եկամտաբեր: Պատասխանատու կառույցը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, լուրջ եւ առարկայական քայլեր չի ձեռնարկում։