ԱՐՑԱԽ ԳՆԱՑՈՂ ՃԱՆՊԱՐՀՆԵՐԸ ԿՓԱԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասում է, որ եթե Լաչինի միջանցքի փոխարեն նոր ճանապարհ գործարկվի, ապա Ադրբեջանը Հայաստանից դեպի Արցախ գնացող բոլոր ճանապարհները կարող է խուլ փակել:

 

-Պարո՛ն Ղազարյան, Արցախի նախագահը, կառավարությունը  հայտարարություն էին տարածել, որ Ադրբեջանական կողմից  ռուս խաղապահների միջոցով  հաղորդագրություն է փոխանակվել Լաչինի միջանցքի առնչությամբ, որ այլընտրանքային ճանապարհով պետք է կազմակերպվի  երթեւեկը: Ի՞նչ է  սա ենթադրում, նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը Արցախին կապող միջանցք այլեւս չի լինելու, եւ  այսպես անարգելք այլեւս չենք կարող Արցախ մեկնել: Այս ճանապարհի գործարկումը ի՞նչ վտանգներ ունի արհասարակ:

-Մենք դրա մասին խոսելու շատ առիթներ ենք ունեցել, եւ իրականությունը, ցավոք սրտի,   համապատասխանում է  մեր՝ նախկինում հնչեցրած անհանգստությանը: Նախ՝ ասեմ Ձեզ, որ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ, Լաչինի միջանցքը տարածք է, որով անցնում են նաեւ ավտոմոբիլային միջոցները, որովհետեւ Լաչինի միջանցքում, ճանապարհից բացի, գոյություն ունեն նաեւ հայկական բնակավայրեր, գոյություն ունի գազատար, էլեկտրահաղորդման բարձր լարման գծեր, կապի մալուխներ, որոնցով Արցախը կապվում է Հայաստանի հետ, եւ դրանք Արցախի կենսագործունեության համար ունեն կենսական նշանակություն: Լաչինի միջանցքը այն միակ տարածքն է, որի մեջ ներառված է նաեւ ավտոմաբիլային ճանապարհ, որով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել ապահովել անվտանգությունը մարդկանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների անխափան շարժի:

-Պարո՛ն Ղազարյան, իսկ ի՞նչ կասեք այն մասին, եթե հիմա հայկական կողմը համաձայնի դուրս գալ Լաչինի միջանցքից: Ի՞նչ է սպասվում մեզ:

-Եթե հիմա հայկական կողմը համաձայնի դուրս գալ Լաչինի միջանցքից, որից դուրս գալը որեւէ տեղ չի կարգավորվում կամ կանոնակարգվում, նույնիսկ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությամբ, նշանակում է, որ ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի  ունեցած բանավոր պայմանավորվածությամբ մեզ հանում են երաշխավորված գոտուց, տանում են մի ճանապարհ, որը կառուցվել է իրենց միջոցներով եւ անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով: Սա նշանակում է, որ  ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ուղղակի խուլ փակել Հայաստանից Արցախ գնալու բոլոր հնարավորությունները: Պարզ է, որ երբ ռուս խաղաղապահները տեղափոխվեն Լաչինի միջանցքից դեպի  նոր ճանապարհ, եւ այնտեղ խաղաղապահներ չլինեն, կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ կտեղահանվեն այնտեղի հայկական բնակավայրերը, եւ ադրբեջանցիները կփակեն գյուղից դեպի Արցախ տանող այդ Լաչինի ճանապարհը: Կտեղադրեն իրենց սահմանի վրա անցակետեր եւ կփակեն այդ ճանապարհը, այնտեղ հետ վերադառնալու ոչ մի հնարավորություն չենք ունենա, իսկ այս ճանապարհը կվերահսկվի իրենց կողմից: Ադրբեջանը շահում է բոլոր առումներով, այսինքն՝ կտրում է  մեր կապը Արցախի հետ, ճանապարհը դարձնում միայն իր կողմից վերահսկելի,  եւ երրորդը՝ կարող է պահանջ դնել  հայկական կողմին իր  հետագա ծրագրերի համար: Իրենք ասում են՝ դուք տվե՛ք մեզ Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող հնարավորություն, որը նրանք հիմա չունեն: Հիմա նրանք այդ ճանապարհի դեպքում կասեն՝ եթե ուզում եք այս ճանապարհը միջանցքի  կարգավիճակ ունենա, ուրեմն տվե՛ք նույն տիպի ճանապարհ  մեզ համար նույն ռեժիմով: Եթե դուք մեզ ճանապարհ եք տալու՝ վերահսկելով անձնագրային  ռեժիմով, ուրեմն դուք էլ  այս կողմից պետք է անցնեք անձնագրային ռեժիմով: Այսինքն՝ կբերեն եւ կհավասարեցնեն եւ նոր պահանջներ իրագործելու ռեալ  հնարավորություն կստանան: Հետեւաբար Լաչինի ճանապարհից դուրս գալը ուղղակի հերթական  դավաճանական որոշումը կլինի հայկական կողմից՝ Նիկոլ Փաշինյանի  եւ Արայիկ Հարությունյանի  կողմից: Այն ուղղակի վտանգելու է Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը, եւ Արցախի հայաթափման հարցը դառնալու է խիստ օրակարգային:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԽՄԻՉՔՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հայաստանում սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, սննդամթերքի գներն աճել են 13.5 տոկոսով: Հուլիսին, հունիս ամսվա համեմատ, սննդամթերքն էժանացել է 4.3 տոկոսով:

 

Գնանկում արձանագրել է Վիճակագրական կոմիտեն, բայց ինքը՝ քաղաքացին, այդ գնանկումը չի զգում:  Հայաստանի բոլոր քաղաքներում հուլիսին, հունիսի համեմատ, սննդամթերքի գները նվազել են, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իջեւանում: Հիմնականում էժանացել է լոբին, բրինձը, հնդկացորենը, ոսպը:  Մյուս կողմից՝ հացն է թանկացել 1.2 տոկոսով, իսկ մակարոնեղենի գներն աճել են 1.5 տոկոսով, ընդ որում՝ մականորեղենի ու հացի շուկայում գնաճ արձանագրվել է դեռեւս նախորդ տարվանից: Պանրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 26.2 տոկոսով: Թանկացել է նաեւ ձուն. ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում ձվի գինը բարձրացել է 2.7 տոկոսով:

Շաքարավազի շուկայում եւս գնանկում է արձանագրվել 1.6 տոկոսի չափով, բայց, միեւնույնն էմ շաքարավազը շարունակում է բարձր գնով վաճառվել: Այս ապրանքատեսակը այս տարվա հուլիսին, նախորդ տավա նույն ամսվա համեմատ, թանկացել է 7.5 տոկոսով: Ալյուրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 18 տոկոսով: Նախորդ ամիս ձեթն է էժանացել. Վիճակագրական կոմիտեն այս շուկայում արձանագրել է 3.7 տոկոս գնանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կարագի շուկայում եւս գնանկում է արձանագրվել: Բանջարեղենի շուկայում հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է 33.7 տոկոս գնանկում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց աշնանային կիսավերարկու կտրամադրեն, իսկ կանանց, կիսաշրջազգեստի փոխարեն, ըստ ցանկության, կտրվի նաեւ տաբատը։ Պարզվում է՝ տեսչական մարմնի աշխատողներն ունեն միայն ձմեռային վերարկու, եւ կառավարությունը որոշել է նրանց ապահովել աշնանային վերարկուով:

Ըստ պաշտոնական հիմնավորման՝ ձմեռային կիսավերարկուն բավականին հաստ տեսակի է, եւ հնարավոր չէ աշնանը օգտագործել։ Բացի այդ, նրանք կիսավերարկուները կրում են ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում, իսկ պետական վերահսկողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր տարբեր վայրերում, մասնավորապես՝ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող պահեստներում, անասնագոմերում, դաշտերում, մեքենաների բեռնախցիկներում:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

Ադրբեջանը Շուշիում թատրոնի շենք կկառուցի: Այս մասին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն է հայտարարել:

«Չնայած որ Շուշիի գլխավոր հատակագիծը հաստատված է, այնուամենայնիվ, քննարկվում է, թե մշակութային ինչ հաստատություններ են լինելու քաղաքում: Պետք է հաշվի առնել հանգամանքը, որ քաղաքի տարածքն այդքան էլ մեծ չէ, հետեւաբար մշակութային հաստատությունների տեղակայման համար օպտիմալ լուծում պետք է գտնենք: Ենթադրելի է, որ այստեղ թատրոնի նոր շենք կկառուցվի»,- ասել է նա:

Նշենք նաեւ, որ այս օրերին հայկական Շուշիում պաշտոնական Բաքուն կազմակերպել ու անցկացնում է ադրբեջանական սփյուռքի երիտասարդների թվով 3-րդ ամառային ճամբարը: Այն կտեւի մինչեւ օգոստոսի 8-ը: Ճամբարին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 52 երկրից ներկայացված երիտասարդներ են մասնակցում:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական Շուշին, հիշեցնենք, Ադրբեջանը մշակութային մայրաքաղաք է հռչակել ու լայնածավալ շինարարություն է այնտեղ իրականացնում՝ վերացնելով հայկական մշակույթի ու հոգեւոր ժառանգության հետքը:

 

 




Լրահոս