ԴԱՏԱՎՈՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Երեկ հայտնի դարձավ, որ կալանք տվող դատավորներից Տիգրան Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ ԲԴԽ-ն բավարարել է դատավորի դիմումը, ու դատավորի լիազորությունները համարել են դադարեցված: Սակայն մինչ Տիգրան Սիմոնյանի հրաժարական տալը Վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ զարգացումներ են եղել: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, Տիգրան Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման դիմում է եղել: Իսկ ի՞նչն է եղել պատճառը: Բանն այն է, որ Առաջին ատյանի դատարանը մի քաղաքացու կալանքի տանելու դատախազի եւ քննիչի միջնորդությունը մերժել է: Արդյունքում դատախազն ու քննիչն այն բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, եւ կալանքի հարցը մակագրվել է դատավոր Սիմոնյանին:

 

Եվ, ահա, Սիմոնյանը բավարարել է դատախազի ու քննիչի որոշումը ու քաղաքացուն կալանքի է տարել: Այստեղից էլ սկսվել է «կռիվ կինոն»: Հաշվի առնելով, որ անձին ազատությունից զրկելու հարց է, ըստ լուրերի, դատավոր Սիմոնյանը պետք է քաղաքացու կալանքի ակտը շուտ տրամադրեր կալնավորված անձի պաշտպաններին, սակայն այդ որոշումը տրամադրել է 2 ամիս անց:

Ստացվում է, որ կալանավորված անձի պաշտպանները չեն ունեցել դատարանի ակտը, որ կարողանան այն բողոքարկել, ու ստիպված երկու ամիս սպասել են, ինչի հետեւանքով իրենց պաշտպանյալն անհիմն երկու ամիսն մնացել է կալանքի տակ: Եթե դատավոր Տիգրան Սիմոնյանը ժամանակին տար կալանքի ակտը, միգուցե կալանավորված անձն այն բողոքարկեր Վճռաբեկ դատարան ու ազատության մեջ հայտնվեր:

Եվ, ահա, կալանավորված անձի պաշտպանական կողմն էլ այս գործելաոճի մասով դիմել է դատական համակարգ՝ Տիգրան Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Տիգրան Սիմոնյանը դիմում է ԲԴԽ եւ ասում, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորներն են ուշացնում կալանքի ակտերը: Բանը հասնում է ստուգումներին:

ԲԴԽ-ն մտնում է ստուգումների եւ ուշագրավ բացահայտում անում. բացահայտվում է մոտ 32 նմանօրինակ դեպք, որ անձի կալանավորման ակտերը դատավորները ուշացրել են մեկ, երկու ամսով, ու մարդիկ հնարավորություն չեն ունեցել իրենց անազատության մեջ գտնվելու հարցը բողոքարկել: Սակայն այստեղ ամենազարմանալին այն է, որ ԲԴԽ-ն բացահայտում է, որ հիմնականում կալանքի ակտը շաբաթներով ուշ տվող դատավորը եղել է հենց Տիգրան Սիմոնյանը:

Դատելով իրավիճակից՝  դատավոր Սիմոնյանը փորձում է արդարացնել իր գործողությունները, սակայն ԲԴԽ-ի բացահայտումը նրան ավելի վատ վիճակի մեջ է գցում: Ըստ մեզ հասած լուրերի՝  ԲԴԽ-ն այս հանգամանքը բացահայտելուց հետո նրա լիազորությունները կդադարեցներ, սակայն Տիգրան Սիմոնյանն առաջ է ընկել եւ հասկանալով, որ չունի թիկունք, չկա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Տիգրան Սահակյանը, որ մտներ ԲԴԽ եւ բարեխոսեր իր համար, որոշել է ինքը դիմում ներկայացնել եւ ազատվել պաշտոնից: Փորձեցինք տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել դատավորի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել քրեական գործը Երեւանից տեղափոխել Արմավիրի մարզի քննչական բաժին՝ քննությունը այնտեղ շարունակելու համար:

 

Գրել էինք, որ տեւական ժամանակ քննարկում է, թե որ բաժինը քննի վերջինիս մահվան փաստի առթիվ հարուցված քրեական վարույթը: Մասնավորապես, քննարկվում է ՝քրեական վարույթը քննել Արմավիրի մարզում, թե այն տեղափոխել Երեւան, եւ քննությունը շարունակել Երեւանում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը դիմել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին եւ կոնկրետ փաստաթղթեր պահանջել վերջինիս առողջական խնդիրների եւ խցում գտնվելու պայմանների մասին:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը կհարցաքննի քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողերին՝ հասկանալու համար, թե քրեակատարողական հիմնարկում Արմեն Գրիգորյանի ճնշումը չափել են արդյոք, առողջական վիճակը ստուգել են եւ հետո ուղարկել դատարան:

Ըստ էության, իրավապահ համակարգը կփորձի այս քննության ընթացքում հասկանալ, թե բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու որեւէ հանգամանք կա, թե ոչ, սակայն հիմնական հարցը կմնա օդից կախված:

Իրավապահների համար քննության առարկա չի դառնա ամենակարեւոր հարցը՝ արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավոր էր, թե ոչ:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

Հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող Հով. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցում։

Այդ օրը Երեւանի շտապօգնության թիվ 62 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, այնուհետեւ շտապօգնության խումբը ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ այդ քաղաքացին մահացել է: Ոստիկաններն ու քննիչնեը պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 77-ամյա Զուլալ Ս-ն էր։  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրրական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

 

 

ԴԱՆԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ

Հուլիսի 24-ին ոստիկանություն դիմած արտասահմանցին հայտնեց, որ ժամը 2-ի սահմաններում իր երկու ընկերների հետ եղել է Կասկադի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ։ Նրանցից մեկը, որի ձեռքին դանակ է եղել, պահանջել է փող ու ոսկի։ Իրենք տվել են ոսկյա մատանի եւ արծաթյա շղթա։ Դրանից հետո անծանոթների սպառնալիքների տակ մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատներից մեկին, եւ արտասահմանցիներից մեկը կանխիկացրել է 18 հազար դրամ, տվել անծանոթներին, ինչից հետո նրանք հեռացել են։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզեցին, որ օտարերկրացիներին մոտեցել ու ավազակություն են արել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Շուտով ճշտվեց նաեւ նրանց ինքնությունը. Մարտունի քաղաքի 23-ամյա, եւ Ներքին Գետաշեն գյուղի 20-ամյա բնակիչներ։

Դեպքից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, նրանցից մեկը հայտնաբերվեց Երեւանում, իսկ մյուսը՝ Մարտունիում։

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Արտաշատ քաղաքում ձերբակալել եւ բաժին են բերել Հայանիստ գյուղի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման սուր հոտով զանգված` մոտ ութ գրամ: Երիտասարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 




Լրահոս