ՄԻՊ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին եւ Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաեւ Վերին Շորժայի սարատեղի։ Քրիստինե Գրիգորյանի փաստահավաք այցը մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։

 

Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վերին եւ Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Մարդիկ Պաշտպանին մտահոգություն են հայտնել, հիմնականում՝ անվտանգային հարցերի վերաբերյալ: Նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում՝ ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։

Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախեւառաջ անվտանգության ապահովման հարցեր։ Բնակիչներն առաջնահերթ են համարել նաեւ խմելու եւ ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաեւ նշել, որ խոտհարքների եւ արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Բարձրացվել են նաեւ համայնքի վարելահողերից հենց համայնքի բնակիչների կողմից օգտվելու հետ կապված խնդիրներ։

Կութի բնակիչները նշել են նաեւ առաջնային լուծում պահանջող խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման եւ լուսավորության ապահովման հարցերը: Դեռեւս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։

Սոթքում մշտադիտարկման այցի ընթացքում բնակիչները Պաշտպանին մտահոգություն են հայտնել անվտանգային եւ զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, նշել են, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատատեղերի կրճատման պատճառով համայնքի բնակիչները հայտնվել են գործազուրկ մնալու վտանգի առջեւ: Բնակիչները հայտնել են, որ ադրբեջանական ներխուժումներից հետո բնակավայրում մարդկանց բնականոն կյանքը խաթարվել է, դժվարությամբ են կարողանում կենսական կարիքները հոգալ, ունեն խմելու եւ ոռոգման ջրի խնդիր, արոտավայրերի պակասի պատճառով չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել:

Փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաեւ բնակիչների կողմից բարձրացված հարցերը քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնք նշել են, որ մի շարք հարցեր արդեն իսկ լուծման ընթացքի մեջ են:

Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ պահելու եւ վնասարարությամբ զբաղվելու դեպքերի մասին, որոնք համակարգված ու միատեսակ ձեռագրով իրականացվող գործողություններ են։ Մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերը մեծ ծավալներով այրում են գյուղացիների հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ, կրակում իրենց դիրքերին մոտ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ, որոնք մշակում են սեփականությամբ իրենց պատկանող հողը, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, թռչող անօդաչու սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում գիշեր թե ցերեկ։

Նկարագրված գործողությունները վկայում են, որ իրենց բնակավայրերում  համայնքների կյանքն անհնարին դարձնելուն միտված ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր գործողությունները կրում են շարունակական, համակարգված ու մեկ կետից ղեկավարվող բնույթ։

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

«Հայ հեղափոխական դաշնակցության» Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի` Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

 

«Սա պատմական խայտառակություն է հայ ժողովրդի եւ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համար»,- ակցիայի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Երիտասարդի ձայնը» հասարակական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

«Երիտասարդի ձայնը» հասարակական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը բողոքի ակցիային ժամանակ շեշտել է, որ Արտաքին գործերի նախարարությունը կոչվել է ներկայացնելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը արտաքին հարաբերություններում, բայց տարիներ շարունակ իրականացնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող քաղաքականություն։

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր աշխարհում երկու մարդ կա, որոնք հայերի սեւ ցուցակ ունեն` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։

«Բայց շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է հենց հիմա սա կատարվում, եւ ինչու են հենց այս մարդկանց նկատմամբ կատարվում հետապնդումները,- ասաց նա:- Մենք այստեղից էլ կարող ենք հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չբավարարվելով նոյեմբերի 9-ի հայտարարությունով, գնում են նոր նոյեմբերի 9-ի հետեւից։ Եվ հիմա որպեսզի իրենք կարողանան այդ ծրագիրը հաջողել, կարողանան այդ փակ, վերելակային, հեռախոսային բանակցությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններն իրականացնել, պետք է մարդկանց, որոնք ունակ են համազգային դիմադրություն ձեւավորելու ու վիժեցնելու այդ նոր նոյեմբերի 9-ը եւ դրա արդյունքում Արցախի ու Հայաստանի հայաթափումը, մեկուսացնեն, այդ մարդկանց մուտքը Հայաստան պետք է արգելեն»։

Որպես հիշեցում ասեմ, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մասին է:

 

 

 

 

ԿՈԱԼԻՑԻԱ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

Օգոստոսի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի   նստավայրում  նշանակված էր Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի  դատավարության հերթական նիստը։ Հ. Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց, որ նիստը չի կայացել,   ինքը եւ Հ. Մանուչարյանի  մյուս պաշտպան Հայկ Ալումյանը դատական նիստին չեն ներկայացել։ Սույն դատավարության հաջորդ նիստի օրը հայտնի չէ։ Նախկինում այս դատավարությունը վարում էր  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը, սակայն նա իրեն ինքնաբացարկ է հայտնել, դատը վարում է   դատավոր Սամվել Մարդանյանը։ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (Պաշտոնեական կեղծիքը)։

Հ. Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հ. Մանուչարյանն անազատության մեջ է  2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Բերդ համայնքի ղեկավարին կալանավորելը  շատերի կողմից դիտարկվում է որպես պատիժ իշխանությունների կողմից. Հ. Մանուչարյանին պատժել են նրա համար, որ նա 2020 հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին չի սատարել։ 2022թ. սեպտեմբերի 25-ին նշանակված են Բերդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ ՔՊ-ական իշխանությունը ծրագիր է մշակել սեպտեմբերի 25-ին Հ. Մանուչարյանին հաղթելու համար, որի էությունը ընտրողների ձայները կուսակցությունների միջեւ փոշիացնելը եւ ընտրություններից հետո կոալիցիայով ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցանկի առաջին համար, Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանին խոշորացված համայնքի ղեկավար ընտրելն է։

Բերդից «Ժողովուրդ» օրաթերթ ստացված տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների ցանկը հավանաբար կգլխավորի Սոնա Մարալյանը, որը Չորաթանի գյուղապետարանում աշխատել է որպես համակարգչային մասնագետ, մոտ երկու ամիս առաջ աշխատանքից ազատվել է։ ԱԺԲ-ի-ի թեկնածուների ցանկը, իմ տեղեկություններով, կգլխավորի Աշոտ Մելիքյանը, որը նախկինում Բերդում գործող ձեռնոցների գործարանի հերթափոխի պետ է եղել։ Թեեւ թեկնածուների առաջադրումը պաշտոնապես չի սկսվել, սակայն Բերդից հայտնում են, որ ավագանու ապագա թեկնածուներն ընտրողների ձայների համար արդեն տնետուն են անում։ Մինչեւ սեպտեմբերի 25-ը  կուսակցությունների կամ թեկնածուների մասնակցության հարցում կարող են որոշ փոփոխություններ լինել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս