ԳԻՐՔ՝ «ՀԱՂԹԵՑԻՆ ԱՊՐԵԼՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի Ամերիկյան անկյունում տեղի է ունեցել Անի Մանուկյանի «Հաղթեցին ապրելով» գրքի շնորհանդեսը: Գիրքը Հայոց Մեծ եղեռնը վերապրած այն հայ աղջիկների մասին է, որոնք անցնելով մահասարսուռ ճանապարհներով՝ ի վերջո իրենց փրկությունը գտան Ալեքսանդրապոլ/Լենինականում՝ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույց ամերիկյան կոմիտեի հիմնած Պոլիգոնի, Կազաչի ու Սեւերսկի պոստերի որբանոցներում:

 

Գրքում զետեղված են երեսունչորս աղջիկների կյանքի իրական պատմություններ, որոնք համեմվել են Հայաստանի ազգային դիվանում պահվող նյութերով, ժառանգների տրամադրած լուսանկարներով, ձեռքի աշխատանքներով, անձնական փաստաթղթերով:

«Գրքում զետեղված է նաեւ իմ սեփական տատիկի պատմությունը: Ես վաղուց էի մտածում որբանոցում մեծացած սաների ճակատագրի մասին գրել ու որոշեցի իմ շուրջ հավաքել որբանոցում մեծացած աղջիկների հարազատներին:  Ընդհանուր առմամբ, գրքում ընդգրկված է 34 հուշապատում: Յուրաքանչյուր պատմության սկզբում նկարագրվում է հանդիպումը ժառանգի հետ: Ամեն զրույցից հետո նյութը մշակվել է, հարստացվել որբերի եւ նրանց անձնական իրերի լուսանկարներով, Հայաստանի ազգային դիվանում պահվող փաստաթղթերով:

Այդ աղջիկների պատմությունը ցույց է տալիս ցեղասպանության դաժանությունն ու վերապրածների անկոտրում ոգին»,- ընդգծեց հեղինակը, որն ինքը եւս Ալեքսանդրապոլի Պոլիգոնի ամերիկյան որբանոցում մեծացած Փիրուզայի  թոռնուհին է:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ցեղասպանությունը վերապրածների ու Ալեքսանդրապոլի որբանոցում հայտնվածների ժառանգներն ու հարազատները։

 

 

 

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում օրերս մասնակցել են Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին եւ 2 մեդալ նվաճել՝ 1 ոսկե եւ 1 բրոնզե: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

 

Եվրոպական համալսարանական խաղերի չեմպիոն է դարձել Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձեւի կումիտե մրցակարգի մինչեւ 75 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ։ Դավիթը 5 մենամարտ է անցկացրել եւ հաղթանակներ տարել: Կումիտե մրցակարգում Հայաստանը ներկայացրել է նաեւ Անիտա Մակյանը՝ դարձյալ ԵՊԲՀ-ից:

Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է եղել 3 բուհերի պատվիրակություններով: Բացի Երեւանի պետական բժշկական համալսարանից, թիմեր են ներկայացրել նաեւ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը, ինչպես նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակությունը 2022 թվականի Եվրոպական համալսարանական խաղերից վերադարձել է մեկ բրոնզե մեդալով, որը պարա սեղանի թենիս մարզաձեւում նվաճել է Գեւորգ Բեգլարյանը։ ՀՖԿՍՊԻ մյուս ներկայացուցիչ, ձյուդոիստ Մերուժան Սարգսյանն էլ գրավել է 5-րդ հորիզոնականը։ ՀՖԿՍՊԻ պատվիրակությունը խաղերին մասնակցել է ռեկտոր Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակության կազմում էլ ընդգրկված են եղել երկու շախմատիստներ, որոնք, չլինելով գրոսմայստերներ եւ ունենալով միայն առաջին կարգ, 20 թիմերի շարքում տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում, իսկ Ջանիկ Ղուլյանը բլից մրցաշարում 40 մասնակիցների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, որը նաեւ Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության անդամ է, բարձր է գնահատում հայ մարզիկների մասնակցությունը. «6 մարզիկով 2 մեդալ ենք նվաճել, որից մեկը՝ ոսկե: Միանշանակ գոհացնող արդյունք է: Մասնակից 38 երկրներից երեւի 10-15 երկիր է մեդալ նվաճել, եււ մենք այդ երկրների թվում ենք: Երկրներ կան, որոնք 400-500 պատվիրակությամբ էին մասնակցում եւ ընդամենը մի քանի մեդալ են նվաճել»:

Եվրոպական համալսարանական խաղերն այս տարի ամենախոշորներից է եղել:

Խաղերին 38 եվրոպական երկրների 450 համալսարանների 5000 պատվիրակներ են մասնակցել, իսկ մրցումներն անցկացվել են 20 մարզաձեւերից: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ֆեդերացիայի նախագահը նշում է, որ 2023 թվականի հունվարին նախատեսում են մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին, իսկ նույն տարվա ամռանը՝ Չինաստանում կայանալիք ամառային ունիվերսիադային:

Նշենք՝ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը, ինչը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, եւս մեծ նվաճում է:

 

 

 

ՆՈՐ ԿԱՐԻԵՐԱ՝ «ՍԵՎԻԼԻԱՅՈՒՄ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսը կարիերան կշարունակի «Սեւիլիայում»։ 29-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ կխաղա իսպանական թիմում։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Ալեքս Տելեսը մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Ալեքս Տելեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

 

 

 

ՄԵՐԺԵԼ Է «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻՆ»

Իտալական «Նապոլիից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած բելգիացի հարձակողական կիսապաշտպան Դրիս Մերտենսը մերժել է Թուրինի «Յուվենտուսին», որը նրան առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ հինգ միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։

35-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ հանդես գալ տիտղոսի համար պայքարում «Նապոլիի» հիմնական մրցակիցներից մեկի կազմում։

Դրիս Մերտենսը «Նապոլի» էր տեղափոխվել 2013 թվականին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից»։ Այս ընթացքում նա նեապոլյան թիմի հետ մասնակցել է 397 հանդիպման, խփել 148 գոլ` դառնալով ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

 

 

 

ԱՃՈՒՐԴԸ ԿԿԱՅԱՆԱ 27-ԻՆ

Silverstone աճուրդի տունը աճուրդ կանցկացնի, որի ընթացքում կառաջարկի արքայադուստր Դիանային պատկանող 1985 թվականի արտադրության եզակի Ford Escort RS Turbo-ն։

Լեդի Դին վարել է փոքրիկ ընտանեկան մեքենան երեք տարի (1985-ից 1988 թվականներին), մինչ արքայազներ Ուիլյամն ու Հարին փոքրիկ էին: Սակայն թագավորական անվտանգության ծառայությունը ստիպել է նրան այն փոխել ավելի թանկ ավտոմեքենայի մոդելով, որն ավելի մեծ անվտանգություն կապահովի արքայադստեր համար։

Ford Escort մակնիշի ավտոմեքենան վաճառքի է հանվել 40 հազար կմ-ից քիչ վազքով եւ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Չնայած այն հանգամանքին, որ Լեդի Դին ավելի թանկ մեքենաներ է վարել, աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ Ford Escort-ը շատ ավելի արժեքավոր մոդել է եւ կարող է գնվել նմանատիպ մոդելներից երեք անգամ թանկ:

«Մենք չենք զարմանա, եթե այն վաճառվի 100,000 դոլարով», – ասել է Silverstone Auctions-ի դասական մեքենաների մասնագետ Արվել Ռիչարդսը: Աճուրդը կկայանա օգոստոսի 27-ին։

 

 




Լրահոս