Ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանն առնչվող մտահոգությունները հայկական կողմը դեռ 2021 թվականի փետրվարին է փոխանցել ռուսական ղեկավարությանը, այս մասին հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը», – գրել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, միևնույն ժամանակ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։
Իսկ դրանից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Մոսկվան դեռ չի տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելուն առնչվող Հայաստանի վարչապետի առաջարկները։
Հավելենք, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն․Հ․