Հայաստանի ժողովրդագրական վիճակը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում՝ հակառակ այն բանի, որ իշխանությունները խոստացել էին այն էապես բարելավել: Հայաստանում ծնվածների թիվը բավականին պակասել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 17 հազար 249, իսկ այս տարվա 6 ամիսներին այն կազմել է 16 հազար 511: Այսինքն ծնվածների թիվը պակասել է 738-ով։ Ի դեպ, նշենք, որ այս տարվա հունվար-հունիսին, նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.3 տղա՝ 100 աղջկա հաշվով: Այսինքն ծնվող տղաների ու աղջիկների թվի տարբերությունը բավականին մեծ է:
Այս դիսբալանսը, ըստ մասնագետների՝ մինչծննդյան տեխնոլոգիաների արագ զարգացման հետևանք կարող է լինել, որոնց միջոցով ծնողները հնարավորություն են ունենում նախապես իմանալ երեխայի սեռը և ընդհատել հղիությունն այն դեպքում, երբ ապագա երեխայի սեռը իգական է լինում: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ այս տարվա վեց ամիսների ընթացքում 239-ից հասնելով 220-ի: Ի դեպ, տեղեկացնենք, որ 0-1 տարեկան մահվան դեպքերի քանակը այս տարվա 6 ամիսներին կազմել է 121, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է։ Իսկ 0-4 տարեկան մահվան դեպքերի քանակը կազմել է 136:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.