Օգոստոսի յոթին Գազայում տեղական ժամանակով ժամը 20:00-ին Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարը տեղի կունենա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը համաձայնել է Գազայում Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկված հրադադարին։
«Գազայում հրադադարը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20:00-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր,որ Իսրայելը Եգիպտոսի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններ է վարում: Գազայի հատվածում ուրբաթ իսրայելական բանակը գործողություն էր սկսել «Իսլամական ջիհադ» կազմակերպության դեմ։
Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
Հաղորդվել է նաև «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատարներ Թայսիր ալ Ջաբարիի և Խալեդ Մանսուրի մահվան մասին։
Էսկալացիայի սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 580 հրթիռ, ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
«Հավանաբար, դրանք ավելի շատ կլինեն: Դրանցից 450-ը հարվածել են Իսրայելի տարածքին, 20 տոկոսը անհաջող արձակումներ են», – ասել է նա:
Նշվում է, որ «Երկաթ գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից որսված հրթիռների մասնաբաժինը մոտավորապես 97 տոկոս է։