ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում քիչ ամուսնանում են, շատ ամուսնալուծվում. մարզերից առաջատարը Լոռին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քիչ ամուսնանում են, շատ ամուսնալուծվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 6 ամիսներին գրանցվել է ամուսնության 7 հազար 926 դեպք: Նախորդ տարի այս թիվը կազմել է 8130: Այսինքն մեկ տարվա ընթացքում 204-ով պակասել են ամուսնության դեպքերը: Պետք է արձանագրենք, որ ավելացել է ամուսնալուծվող զույգերի թիվը: Պաշտոնապես, մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին ամուսնալուծության 2207 դեպք է գրանցվել: Մինչդեռ նախորդ տարվա հունվար-հունիսին ամուսնալուծվել է 2002 մարդ:

ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, թե որ մարզում են ամենաշատն ամուսնալուծվում: Պարզվեց, որ ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երեւանում. դրանց թիվը կազմում է 1099: Ցանկում հաջորդը Լոռու մարզն է, որտեղ ամուսնալուծության դեպքերի քանակը կազմել է 166: Սրան զուգահեռ նկատենք, որ Լոռիում ամուսնացել է 609 մարդ:
Իսկ ահա Արմավիրում ամուսնալուծվել է 138, ամուսնացել՝ 703 մարդ, Շիրակում ամուսնալուծվել է 137 մարդ, ամուսնացել 636-ը: Նշենք, որ Արարատ մարզն ամուսնալուծությունների թվով եւս առաջատար դիրքերում է. այս մարզում ամուսնալուծվել է 157 մարդ, իսկ ամուսնացել 647-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզում ամուսնալուծվել է 65 մարդ, իսկ ամուսնացել՝ 276 մարդ, Սյունիքում ամուսնալուծության 88 դեպք է գրանցվել, իսկ ամուսնության դեպքերը 352 են կազմել: Իսկ ահա Գեղարքունիքում 91 մարդ է ամուսնալուծվել, 631 մարդ ամուսնացել:

Մասնագետները կարծում են, որ զույգերի ամուսնալուծության պատճառները սոցիալական և ֆինանսական խնդիրներն են: Օրինակ, ՀՀ որոշ մարզերում սոցիալական ապահովվածության մակարդակը բավականին ցածր է, ընտանիքը չի կարողանում դիմանալ և տարաձայնությունները, անհամերաշխությունը հանգեցնում են հիասթափության եւ ամուսնալուծության: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները:
Իսկ ահա եվրոպական երկրներում ամուսնալուծությունների հիմնական պատճառը անհավատարմությունն է: Մասնագետների խոսքերով, մեր երկրում կնոջ դավաճանության դեպքերը շատ քիչ են: Հայաստանում հիմնականում տղամարդիկ հավատարիմ չեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս