«Օդը փակե՛ք». սա 44-օրյա պատերազմի ժամանակ ամենից հաճախ հնչող, արտաբերվող, գրվող ու տարածվող արտահայտությունն էր: 44 օր շարունակ անօդաչու թռչող սարքերը, տարատեսակ հրթիռներն ասես անձրեւի պես էին տեղում թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց վրա, ու այդ օրերին բոլորն այն համոզմանն էին, որ եթե «օդը փակ» լիներ, ապա մեր մեջքը կոտրել չէր ստացվի: Աղետաբեր պատերազմից մոտ երկու տարի անց, սակայն, պարզվում է՝ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի «օդը փակելու» հարցում թերացել կամ անգամ գործուն քայլեր չի կատարել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Կատարվածի ապացույցն այս օրերին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններն են: 2 զոհն ու 2 տասնյակի հասնող վիրավորներն ԱԹՍ-ների հարվածներից են զոհվել (թող լույս իջնի նրանց հոգիներին):
Կհիշեք՝ ավելի քան 2 ամիս առաջ տիեզերք ուղարկված հայկական արբանյակի մասին լուրն իշխանականները որպես «Ամերիկա բացահայտել» ներկայացրին՝ հուսադրելով, թե տիեզերքից ուղարկված լուսանկարներով հնարավոր կլինի տեղորոշել հակառակորդի ռազմավարական օբյեկտները, կանխել նրանց գործողությունները եւ այլն, եւ այլն: Մոտ 2.5 ամիս անց, սակայն, «նմանը չունեցող» այդ արբանյակից որեւէ լուսանկար չի արվել, համենայնդեպս, այդ մասին հրապարակումներ չեն եղել:
Իսկ ավելի վաղ՝ պատերազմից հետո՝ մի քանի ամիս անց՝ 2021-ի մայիսին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր ահազանգում, թե սահմանը պատշաճ կահավորված չէ: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովվում էր, թե՝ «ինչպես պետք է, այնպես էլ կահավորում ենք»: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետեւ դրա մեծ մասն արվում է գաղտնի»,- հավելում էր նա:
Փաշինյանի վերամբարձ հայտարարությունից ավելի քան մեկ տարի անց, սակայն, ցավով ենք արձանագրում՝ սահմանի՝ մեզ համար իբրեւ թե անտեսանելի կահավորումն ու վերազինումը, փաստորեն, հերթական սուտն է եղել:
ՀՀ վարչապետի աշխատակազմը որոշել է գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, այդ նպատակով նրանք փոփոխություններ են կատարել ՀՀ պետական բյուջեում: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման «Կապի ծառայություններ» եւ «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածներից համապատասխանաբար նվազեցվել է 3 մլն 307 հազար դրամ եւ 4 մլն 940 հազ. դրամ եւ ուղղվել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագրի «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը: Որպես հիմնավորվում նշվում է առաջնահերթությունների փոփոխությունը: Սակայն հետաքրքիր է, որ այս որոշումն իր մեջ նաեւ հույժ գաղտնի կետեր է պարունակում, ընդ որում՝ թե կոնկրետ որ հասարակական կազմակերպություններին են ուղղվելու այդ գումարները, եւս անհայտ են, եւ այդ մասին, համենայնդեպս, փաստաթղթերում խոսք չկա: Իհարկե, ավանդույթ է դարձել հեղափոխական իշխանության համար, որ այս կամ այն կազմակերպութուններին գումարներ են տրամադրում, սակայն արդյունքն այդպես էլ անհայտ է մնում: Այս դեպքում էլ չի բացառվում, որ դրանք տրամադրվել են մերձիշխանական հասարակական կազմակերպություններին, որոնք չեն քննադատում կառավարությանը կամ վարչապետին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով ԱԱԾ-ն կրկին հիշել է ԶՈՒ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին եւ հարցաքննության հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով շոշափվել է նաեւ բանակին զենք մատակարարող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի անունը՝ մարդ, որը վերջերս դուրս եկավ բանտից: Ի դեպ, նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակը դեռ շարունակում է պահպանել: Իսկ թե այս քրեական գործով ինչ կապ ու կարգավիճակ կունենա, «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի առաջիկայում:
«Ժողովուրդ» օրաթերթը, տեւական ժամանակ է, ինչ «Վեոլիա ջուր» ընկերության մի շարք աշխատակիցներից ահազանգեր է ստանում ընկերության վատ կառավարման մասին: Այն, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից, դա մեկ անգամ չէ, որ ասվել է, եւ մեկ անգամ չէ, որ գրել ենք: Պարզվում է, որ անառողջ մթնոլորտ է նաեւ ընկերության ներսում: «Վեոլիա ջրի» աշխատողները մեզ պատմեցին, որ տնօրեն Մարիաննա Շահինյանն իր մի քանի համակուրսեցիներին հավաքել է, ու ընկերության կառավարումը վերցրել են իրենց ձեռքը, փակել են բոլոր հնարավոր օղակները՝ աշխատակիցների հետ շփման: Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ եւ պարզաբանումներ ստանալ ընկերությունը ղեկավարող տիկնոջից, սակայն մեզ չհաջողվեց այնպես, ինչպես շատ սպառողների չի հաջողվում ընկերության օպերատորներից որեւէ մեկի հետ կապ հաստատել ու իր դժգոհությունը հայտնել որեւէ հարցի շուրջ: Բացի այս, «Վեոլիա ջրից» մեզ ահազանգած աշխատողների պատմելով՝ անարդարություն է նաեւ աշխատավարձերի վճարման մասով, որովհետեւ ղեկավար կազմը՝ Մարիաննա Շահինյանն ու իր կուրսեցիները, ստանում են մի քանի միլիոն դրամների հասնող աշխատավարձ, մինչդեռ շարքային աշխատողները, որոնք ծանր գործն են անում, «կոպեկներ են ստանում»: Ստացվում է՝ մի քանի հոգի՝ ղեկավարությունը, որակազրկում են ֆրանսիական բրենդը, այնինչ ֆրանսիական կազմակերպությունները մինչեւ հիմա բոլորի մոտ ընկալվել են որպես օրինակելի: Մենք բախվեցինք բեսպրեդելի, երբ մի ամբողջ օր այդպես էլ չկարողացանք մեկնաբանություն վերցնել ընկերությունից: Փոխարենը զրուցեցինք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ տեղյակ է արդյոք, թե ինչ է կատարվում ընկերության ներսում: Բաղրամյանը փոխանցեց, որ սպառողի հետ կապված ցանկացած խնդիր հանձնաժողովը կարող է ուսումնասիրել: «Բազմաթիվ են բողոքները, եւ ամեն տարի՝ ամռան սեզոնին, կարելի է ասել՝ դրանք կրկնապատկվում, եռապատկվում են, հասկանալի է, նաեւ օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ ամռանը ջրաքանակը շատանում է»,- հայտնեց Գ. Բաղրամյանը: