ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԵԶ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

 

-Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը հերթական սադրանքներն է իրականացնում Արցախի տարածքում, եւ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահը, Արցախի կառավարությունը հայտարարում են, որ ադրբեջանցիները իրենց մեսիջներ են ուղարկել առ այն, որ պետք է պատրաստվեն մոտ ժամանակներս արդեն Լաչինի փոխարինող ճանապարհը շահագործելուն: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այդ սադրանքներից առաջ Ադրբեջանը տեղեկատվական հիմքեր է նախապատրաստել հստակ այդ առումով: Հիշում ենք՝ դրա նախօրեին Զաքիր Հասանովի հայտարարությունը, երբ, իբրեւ, իրենք փորձում են կանխել հայկական կողմի սադրանքները, բայց բոլորին պարզ է, որ Հայաստանը չունի ոչ մի շահագրգռվածություն սադրանքների գնալու հարցում: Դրան նախորդել է Պետական անվտանգության ծառայության պետի հայտարարությունը, այսինքն՝ ե՛ւ տեղեկատվական դաշտի,  ե՛ւ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները գալիս էին փաստելու, որ Ադրբեջանը  գնում է նոր սադրանքների, ընդ որում՝ ե՛ւ Հայաստանի Հանրապետության հետ սահմանների հարցում, ե՛ւ Արցախում:

-Ի՞նչ է կատարվում Արցախում:

-Արցախի հետ կապված կոնկրետ որոշակի պահանջներ ենք դնում առնվազն հրապարակային կամ ոչ հրապարակային:Հրապարակային, ինչպես նշեցինք, ուժեղանում է ճնշումը Բերձորի հետ կապված, թեեւ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության համաձայն՝  երեք տարի անց, այսինքն՝ 2023թ.-ին, պետք է նախագիծը հաստատվեր  այլնտրանքային ճանապարհի: Իսկ հիմա իրենք պահանջում են դատարկել գյուղը եւ դուրս գալ այնտեղից: Ընդ որում՝ նշեմ, որ երբ այդ աղմուկը բարձրացավ մի քանի ամիս առաջ, Սոս, Աղավնու որոշ գյուղի գյուղացիներ հայտնեցին, որ դուրս չեն գալու իրենց տներից, եւ, դրան զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան հրապարակումներ արեց, որ իրենք պատրաստվում են հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկել: Այն միֆը, որ անընդհատ տարածում են, որ խաղաղ կապրեն, անվտանգության երաշխիքների կարիք չկա, ամբողջությամբ հօդս ցնդեց՝ ցույց տալով, որ եթե մարդը որոշել է մնալ իր տանը, իրենք պատրաստ են ոչնչացնելու այդ մարդուն: Սա է իրենց քաղաքականությունը, եւ իրենք այս ուղղությամբ են շարժվում:

-Ձեր գնահատականը  զինծառայողների հարցին. ի՞նչ է կատարվում Արցախում:

-Զինծառայողների թեման, որ ակտիվորեն արծարծվել է Ադրբեջանի կողմից, առանձնակի թափ հավաքեց հուլիսի 15-ի Իհլամ Ալիեւի  հայտարարությունից հետո, ի պատասխան, ցավոք, հայկական կողմը, անվտանգության խորհրդի քարտուղարը հուլիսի 9-ին արեց այնպիսի խնդրահարույց հայտարարություն, որ ուղղակի, ինչպես ասում են, գործիք տվեց Ադրբեջանի ձեռքին հետագա ճնշումների համար: Ինչքան էլ հետագայում հայկական կողմը  պնդի, որ զորքերը դուրս է բերված… Թեեւ հետ գնանք,  նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման կետ գոյություն չունի: Կա կետ, որ զորքերը մնում են իրենց դիրքերում, հետո կան Քարվաճառի, Բերձորի եւ Ակնայի վերադարձի հետ կապված կետեր: Այսինքն՝ որ Լեռնային Ղարաբաղում զորքերը  չպետք է լինեն, նման ձեւակերպումներ չկան այդ հայտարարությունում: Ադրբեջանական կողմը Արմեն Գրիգորյանի այս հայտարարության  միջոցով սկսեց տեղեկատվական արշավ, որ կրկին չակերտավոր գնալու են հակաահաբեկչական գործողությունների Արցախում, եւ ամբողջ դաշտը նախապատրաստելով դրան՝ արդեն ճնշումները շարունակում են այդ ուղղությամբ: Որքան էլ հայկական կողմը պնդի,  որ չկան որեւէ զինված ուժեր հայկական կողմից, Ադրբեջանը շարունակելու է հայտարարել, որ կա նման բան, եւ դրա ներքո գնալու է սադրանքի: Ուստի այդ պաշտոնյայի հայտարարությունը  իսկապես շատ վտանգավոր եւ խնդրահարույց դարձավ մեր պետության համար: Բնական է, որ նորմալ պայմաններում նա անմիջապես պետք է հրաժարական տար,  եւ նրա խոսքերը ի չիք դառնային, բայց, իհարկե, նա կշարունակի պաշտոնավարել եւ նոր խնդրահարույց հայտարարություններով հանդես գալ, որոնք կուղղվեն մեր պետության դեմ:

-Հայտարարությունները Արմեն Գրիգորյանը, այսպես ասած, ի՞նքն է անում: Պարզ է, որ ինչ-որ տեղից են գալիս, որ դա իր քաղաքականությունը չէ:

-Իհարկե, միանշանակ պարզ է, թե որտեղից են գալիս,  ում հրահանգներն է կատարում. առաջին դեմքի հրահանգներն է կատարում, ինքը իրենով երբեք նման հայտարարություն չէր անի: Ամբողջությամբ հրահանգավորված աշխատում է,  ընդ որում՝ հետաքրքրական է ինձ համար, որ նրա հայտարարությունները շատ հաճախ հակասության մեջ են Արտգործ նախարարության դիրքորոշումների եւ հայտարարությունների հետ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը իրականացնում է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր։ Ունենք զոհեր եւ վիրավորներ։

Ադրբեջանի հանցավոր այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, ոտնահարում արցախահայերի կյանքի իրավունքի երաշխիքները, ինչպես նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմը եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, ընդ որում՝ ադրբեջանական պետության՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը եւս չի բխում հայտարարությունից, քանի որ կա ժամկետի (3 տարի), նոր ճանապարհի կառուցման, պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու պայմանավորվածություն։

Սա վկայում է, որ Ադրբեջանը երբեւէ նպատակ չի ունեցել եւ չի պատրաստվում գնալ խաղաղության, եւ այս պետության կողմից հայատյացությունը շարունակում է մնալ կանոնակարգված քաղաքականություն, իսկ մեր իշխանության կողմից, փոխարենը ստանձնելու Արցախի անվտանգության երաշխավորի դերը, թմբկահարվում են խաղաղության կեզծ թեզեր, արդյունքը՝ յուրաքանչյուր անգամ, երբ Ադրբեջանի որեւէ պահանջ չի բավարարվում, վերջինս դիմում է ուժի կիրառմանը կամ դրա սպառնալիքին՝ այս միջոցով պարտադրելով ցավոտ զիջումներ։

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, իսկ ուշացած արձագանքը՝ անդառնալի հետեւանքներ թողնում եւ մարդկային կյանքեր արժենում, ուստի կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային գործընկերներիս, հակամարտության լուծմանը ներգրավված դերակատարներին հանդես գալ համարժեք գնահատականով եւ զսպել ադրբեջանական ագրեսիան։ Համապատասխան գրությունները իմ կողմից ուղարկվում են միջազգային կառույցներին։

Խաղաղություն բոլորիս»։

 

 

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Գործադիրը որոշել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ազատել 2021 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջեի նկատմամբ առաջացած 308 մլն 664 հազար դրամ շահութաբաժնի վճարումից: Մեզ հայտնի դարձավ, որ նշված գումարով թարմացվելու են արտոնյալ կարգավիճակում գտնվող պետական այս հիմնարկի նկարահանման տաղավարները: ArmLur.am-ը պարզեց, որ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել շահութաբաժինը չվճարելու առաջարկություն` «Առաջին» լրատվական ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումների եւ հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդաշարերի նկարահանման տաղավարների տեխնիկական վերազինման ու դեկորացիաների ձեռքբերման համար: Ավելին՝ նորացվելու եւ փոփոխվելու է նաեւ «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման տաղավարը, քանի որ նկարահանումները իրականացվում են 2018 թվականին ձեռք բերված դեկորացիաներով ձեւավորված տաղավարներում։

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Օգոստոսի 1-ին Երեւանի Մոլդովական փողոցի բակերից մեկում երկու հարեւան վիճել են, ու վեճի ժամանակ նրանցից ավագը դանակահարել է մյուսին: «Այդ երեկո մարմնական վնասվածքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու ահազանգ է ստացվել. առաջինն օպերատիվ կառավարման կենտրոնից էր. հայտնում էին, որ Մոլդովական փողոցում դանակահարություն է եղել, երկրորդ ահազանգն արդեն հիվանդանոցից էր. «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 59-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չէր ցուցմունք տալու: Նոր Նորքի քրեական հետախույզները պարեկային ծառայության Երեւանի գնդի ոստիկանների հետ իրականացրած միջոցառումներով արագ ճշտեցին, թե որ շենքի մոտ, ստույգ որ հատվածում է կատարվել դեպքը: Արդյունավետ էին նաեւ ականատես վկաներ հայտնաբերելուն ուղղված միջոցառումները. օպերատիվ հարցումներով ստացված տեղեկությունները վկայում էին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր 72-ամյա հարեւանը: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով՝ 72-ամյա տղամարդը նույն օրը ձերբակալվել էր»: Ըստ աղբյուրի՝ տարածքի զննությամբ հայտնաբերվել էին դանակ, արնանման հետքեր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դանակահարված քաղաքացին մահացել է:

 

 

 




Լրահոս