ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից Արցախում սկսված սահմանային լարվածությանը սկսել է արձագանքել միջազգային հանրությունը։

 

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է եւ ուշադրությամբ հետեւում է հաղորդումներին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի եւ մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում։

«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության. այս մասին Փալոնեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Սա Ալիեւի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիեւի վտանգավոր գործողությունները»,- ասվում է գրառման մեջ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել Եվրամիությանը անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին. այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

Ֆուրլասը մասնավորապես նշել է. «Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, որոնք այս պահին ունեն մեր կարիքը»։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն արձանագրել է, որ օգոստոսի 3-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում:

«Արձանագրվում է իրավիճակի սրացում զորախմբի պատասխանատվության գոտում: Սարիբաբա բարձունքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ:

«ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների եւ մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ Զասը:

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երեւանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության հետ. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը: Կարեւորը կյանքի կոչել բոլոր պարտավորությունները, որոնք այդ փաստաթղթերով կողմերը ստանձնել են: Եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է դրանց պատասխանել: Միեւնույն ժամանակ հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում ունենք սերտ շփումներ, որոնք մեզ թույլ կտան հստակեցնել առկա հարցերը»,- ասել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր:

Ն.Հ.

 

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ԱԱԾ-ԻՆ

Կառավարությունը նիստում որոշեց ԱԱԾ-ին 723,7 մլն դրամ հատկացնել: Որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր եւ նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման եւ ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի եւ կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, իսկ կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող փոխադրամիջոցներով:

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառը պարզելու համար։

 

 

 

ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ

Արաքս գետի հունից անթույլատրելի ծավալներով ավազ է արդյունահանվում, ինչի արդյունքում գետն աստիճանաբար փոխում է իր հունը: Արդյունքում ոչ միայն ՀՀ սահմանն է նեղանում, այլեւ անվերականգնելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին, եւ ստեղծվում է հեղեղումների լուրջ վտանգ: Մասնագետների պնդմամբ` վերջին տարիներին Արաքս գետի երկայնքով ձգվող ավազահանքերի պատճառով հայկական կողմից գետի հունը ներս է եկել` խախտելով հայ-թուրքական սահմանը՝ հօգուտ Թուրքիայի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է գետի հունից արդյունահանման դեպքերը բացահայտել եւ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերել:

Մեզ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը լուծման իր տարբերակն է առաջ քաշում: Պետական այս կառույցն առաջարկում է սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքների իրականացումը ապահովել GPS համակարգով կահավորված հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ մեքենաների եւ սարքավորումների միջոցով: Կհաջողվի արդյոք այս տարբերակով վերահսկել ավազի արդյունահանումը՝ ցույց կտա ժամանակը: Միաժամանակ նկատենք, որ կառավարության այս քայլը բավականին ուշացած է:

 

 

 

ԹԱՔՑՐԵԼ Է ՏՎՅԱԼՆԵՐ

Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին մեղադրանք է ներկայացվել: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ համայնքապետը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար, որը հանգեցրել է խոշոր չափի գույքը չհայտարարագրելուն:

Տիտանյանը ավելի վաղ այդ կասկածանքով ձերբակալվել էր: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը: Նա Օձուն համայնքը ղեկավարում է 2008 թվականից:

 

 

 

ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում եւ ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Այս մասին  գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ այցից հետո: «Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում եւ ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են»,-նշել է Ավանեսյանը: Նախարարը եւս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին պատվաստվել:

 




Լրահոս