ԴԱՏԱՎՈՐԸ ՄԵՐԺԵՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին մերժեց ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Մնացական Մարտիրոսյանը մերժել է միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

 

Նշենք, որ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ շեշտելով, որ Մնացական Մարտիրոսյանն օբյեկտիվ կերպով չի քննում գործը, ինչպես նաեւ հաշվի չի առնում Աղվան Հովսեփյանի առողջական ծանր վիճակը։

Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման պայմաններում դատարանը պարտավոր է անհապաղ դատական նիստ հրավիրել եւ փոխել նրա խափանման միջոցի հարցը. «Մնացական Մարտիրոսյանը ընտրեց խուսափելու մեթոդը, իբր թե նոր հանգամանք չենք ասել։ Այս աբսուրդների մակարդակը, որ պարոն Մարտիրոսյանը անում է եւ փորձում է փաթաթել հասարակության վզին, իրավաբանական մեթոդներ է կարդում, ուզում է տպավորություն թողնել, թե, իբր, օրինական որոշում կայացրեց»,- ասել է Ե. Սարգսյանը։

Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ ինքնաբացարկի միջնորդությունը հաստատ չի ընդունվելու դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, որովհետեւ ինքը խնդիր ունի այս գործը քննելու, Աղվան Հովսեփյանին երկարաժամկետ կալանքի տակ պահելու եւ կայացնի պատվիրված դատական ակտը։ «Այս պրիմիտիվ հանգամանքը, որ ինքը խափանման միջոցի հարցը չի քննարկում, առանց քննության է թողնում ու ասում է՝ նոր հանգամանք չկա։ Այստեղ այնքան պարզ տրամաբանական հարց է, որը ինքը չի հասկանում, այսինքն՝ հասկանում է, բայց չի անում։ Ասում ենք՝ անձն ունի ծանր հիվանդություն, ավելի ծանր ընթացք է ստացել, եւ այլ հիվանդություններ ունի։ Այս հանգամանքը յուրաքանչյուր դատավորի պարտավորեցնում է անհապաղ քննարկել, տեսնել՝ այդ հիվանդությունների պայմաններում արդյոք անձին պետք է ազատ արձակի, թե ոչ։ Մնացական Մարտիրոսյանը ընտրեց խուսափելու մեթոդը, իբր թե նոր հանգամանք չենք ասել։ Այս աբսուրդների մակարդակը, որ պարոն Մարտիրոսյանը անում է եւ փորձում է փաթաթել հասարակության վզին, իրավաբանական մեթոդներ է կարդում, ուզում է տպավորություն թողնել, թե, իբր, օրինական որոշում կայացրեց»,-նշեց նա։

Նշենք, որ Հովսեփյանի պաշտպանները միջնորդել էին հրատապ դատական նիստ հրավիրելու մասին։

Երեմ Սարգսյանը շեշտել է, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը ծանր է, եւ անհասկանալի է, թե ինչին է սպասում դատավոր Մարտիրոսյանը. «Ասում է՝ սա բժշկի կարծիք է, բա ո՞ւմ կարծիքն եք ուզում. որ քեզ վերեւից զանգեն, ասեն՝ ընգե՛ր, այլեւս մեր կարծիքը փոխվեց, բժիշկինը կարեւոր չի, ո՞վ է քեզ համար այդ հեղինակավոր կարծիքը. այս փաստաթուղթը տանենք, իրեն ներկայացնենք։ Ես այստեղ դատարան չեմ տեսնում»։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ՝ շուրջ 1.5 տարի, քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։  Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու, որ նա կարող է թաքնվել քննությունից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ն. Հ.

 

 

 

ԹՄՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

Համացանցային «Տելեգրամ» հավելվածը հայտնի է նաեւ ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պաքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում եւ որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց:

 

Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի, Անիի եւ Ախուրյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով:

Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվեցին եւ ոստիկանության Կումայրիի բաժին բերվեցին Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա տղամարդ եւ 31-ամյա կին՝ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվեցին Մեթամֆետամինի 10 եւ «ԼԴՍ»-ի հինգ հաբ, նաեւ մոտ 35 գրամ Հաշիշ:

Շարունակելով միջոցառումները` նույն կասկածանքով պետք է ձերբակալվեին եւս երկու օտարերկրացի: Նրանցից մեկը, որ սպորտային կազմվածքով էր, նկատելով քրեական հետախույզներին, դիմում է փախուստի: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ՀԿԳ ավագ օպերլիազորը, մի քանի հարյուր մետր հետապնդելով, կարողանում է բռնել փախչողին:

Երկուսն էլ ձերբակալվում ու բերվում են Կումայրիի բաժին: Հենց նրանք էին վարում տելեգրամյան «Գրին Հաուս 420» էջը:

30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 130 գրամ Հաշիշ: Փախուստի դիմած տղամարդն ընթացքում ձեռքի փաթեթը նետել էր տներից մեկի տանիք: Փաթեթում կային Մեթամֆետամին, Հաշիշ եւ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցներ ու հալյուցինոգեն սնկեր` ընդհանուր մոտ 180 գրամ քաշով:

Նրանց բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչներ, էլեկտրոնային կշեռք, դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ կալանավորվել են։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համակարգային խնդիրներ է հայտնաբերել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում։ Ըստ ՄԻՊ-ի՝ Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքում համակարգային խնդիրներ են արձանագրվել անվտանգային ոլորտի, ինչպես նաեւ մարդու՝ պատշաճ եւ մատչելի եղանակով տեղեկություններ ստանալու իրավունքի, խմելու եւ ոռոգման ջրի, գազի մատակարարման, բնակիչների զբաղվածության ապահովման հետ կապված։

Այդ համայնքներում նաեւ երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմամասնագիտական թիմերի սղության, նեղ մասնագիտական ծառայությունների հասանելիության, հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի վերաբերյալ իրազեկվածության խնդիրներ կան։

Այս ամենից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ վարչական շրջաններում բուժօգնություն եւ սպասարկում ապահովող կենտրոնների օղակների շենքային պայմանների եւ նյութատեխնիկական հագեցվածության, դեղորայքի եւ մի շարք բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրներ է արձանագրել։

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Նախօրեին Գյուրջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ Նոր Նորքի բաժին է ներկայացվել 24-ամյա Արթուր Ս.-ն, որը հուլիսի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

 

 

ՀՐԴԵՀ՝ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Երեկ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երեւանում։ Ահազանգ է ստացվել, որ Երեւանի բուսաբանական այգու տարածում խոշոր հրդեհ է բռնկվել։ Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը կրակի դեմ պայքարում էին Բուսաբանական այգու աշխատակիցները, այդ թվում՝ տարեցները։ Այրվել է մոտ 8 հազար քմ տարածք։

 

 




Լրահոս