ՀՀ կառավարության երեկվա նիստում փոփոխություն է կատարվել «Գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ. հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալուն առնչվող գործընթացների կատարելագործման, դրանց արդյունավետության բարձրացման եւ պարզեցման հետ:
Ընթացիկ իրավիճակը
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված է՝ նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) եւ ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը:
2018 թվականից գործածվող այսօրինակ կարգավորումը վերանայման անհրաժեշտություն ունի, քանի որ որեւէ կերպ հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզուների իմացությամբ եւ քաղաքացիների վճարունակ լինելով:
Առաջարկվող լուծում
Գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել: Մասնավորապես՝ կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի եւ մասնագիտությունների ցանկը, որոնցում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային եւ պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա:
Կատարված փոփոխությամբ հստակեցվում է բուհերի վարկանիշավորման ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից:
Կարգի կիրարկման ընթացքում քաղաքացիների իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է նաեւ «տվյալ տարվա ցանկեր» արտահայտությունը, քանի որ http://www.shanghairanking.com/ կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ: Նոր կարգավորմամբ սահմանված՝ «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա» կարգավորման նպատակն այն է, որ քաղաքացիներն ուսումնական հաստատություն ընտրելու պահին (դա կլինի նախորդող, թե դիմելու տարվա ընթացքում) արդեն իսկ վստահ կլինեն, որ տարկետման գործընթացում կդիտարկվի իրենց ընտրության պահին գործող բուհերի վարկանիշավորման ցանկը, եւ հետագա փոփոխություններն իր վրա չեն տարածվի: Նմանատիպ դեպքերում եւ՛ քաղաքացիների, եւ՛ վարչական մարմնի գործողությունների, եւ՛ նշանակալի նվաճման համապատասխանության որոշման հարցերում գործընթացը լինի կանխատեսելի եւ հստակ:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից, հետեւաբար 2023 թվականի ապրիլի 1-ից դիմող քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար որպես նվաճում կհամարվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու հանգամանքը: