ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 64

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ քառօրյա պատերազմն Ադրբեջանը համաձանեցրած է եղել Ռուսաստանի հետ: Այս մասին նա հայտարարում էր 2016-ի հուլիսի մեկին: «Էդ պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր»,- հավելում էր նա:  Ընդդիմադիր ժամանակ Փաշինյանը, ի դեպ, միշտ է աչքի ընկել իր հակառուսական տրամադրություններով, բայց 2018-ի իշխանափոխությունից հետո մեկ էլ հանկարծ ընդգծված ռուսամետ, ռուսասեր եւ ռուսահպատակ դարձավ։ Այսպես, 2018-ի հունիսի 28-ին, երբ նա արդեն վարչապետի աթոռն էր զբաղեցնում, հպարտորեն հայտարարում էր, թե «հայ-ռուսական հարաբերությունները շատ ակտիվ կերպով զարգանում ու ծավալվում են»: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման մասին նա նաեւ 2018-ի սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ էր խոսում՝ ասելով. «Շատ երջանիկ եմ, որ այսպիսի մթնոլորտում եմ հայտնվել Մոսկվայում: Հաճելի է շփվել ոչ միայն միջպետական, այլ նաեւ անձնական բնույթի շփում ունենալ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփումները նկատի ուներ-խմբ.): Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք, ու դրանք գնալով ավելի ու ավելի լավանալու են»:  Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունները (դրանցից եւ որեւէ մեկը մինչեւ օրս չի ապացուցվել) սուտ ու կեղծիք են եղել:

 

 

Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները 16 օր ունեն տարածքից դուրս գալու համար։ Բանն այն է, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի եւ շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակչության՝ մինչեւ սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Նշենք, որ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն վերջին ամիսներին ակտիվորեն պայքարում է ՀՀ իշխանությունների հեռացման համար, խոսում ՀՀ եւ Արցախի սահմանների անառիկության, Արցախի հայկական մնալու անհրաժեշտության մասին։ Ինչպես տեսնում ենք, սակայն, այս օրերին «Դաշնակցություն»-ը լուռ է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից պարզել՝ ինչու են նրանք լռում, սակայն վերջինս վստահեցնում է՝ իրենք բազմիցս են խոսել այդ մասին։ «Միայն «Դաշնակցություն»-ն էր խոսում, որեւէ մեկը ոչ մի բան չէր ասում։ Ես ինքս անձամբ 2021 թվականի օգոստոսին, երբ խորհրդարանը նոր էր ձեւավորվել, այդ հարցը տվել եմ, դրանից հետո՝ բաց եւ փակ նիստերի ժամանակ։ Բացարձակապես լուռ չէինք, սակայն ընդդիմությունն ունի այնքան ուժ եւ կարողություն, ինչքան ձայն ստացել է, եւ որքան մարդ իր հետեւից դուրս է գալիս փողոց։ Այն մարդիկ, որոնք ընդդիմության գործունեության նկատմամբ վերապահություն ունեն, թող ասեն՝ երբ ասում էինք՝ երկիրը կործանվում է, իրենք լսեցի՞ն ընդդիմությանը», – նկատեց նա։ Նա համաձայն չէ, որ կարող էին որեւէ բան անել եւ չեն արել։ Չնայած դրան՝ անհասկանալի է, թե դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը՝ փաստացի մաս կազմելով հայրենիքի հանձնման գործընթացին: Ոչ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն է հրաժարվում պաշտոնից, ոչ «Դաշնակցություն»-ն է Աղավնոյի հանձնմանը մասնակից կուսակցին հեռացնում կուսակցությունից:

 

 

 

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի եւ պարեկների միջադեպի գործով Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. պիտի որոշեն, թե ով է միջադեպի մեղավորը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, եւ ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին: Ինչպես հայտնի է, հուլիսի  8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը՝ Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր: Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ բանը հասել է մեղադրանքի փուլին:

 

 

Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաեւ գույքի գները։ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավականին բարձրացել են: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու: Մյուս կողմից՝ կառուցապատողները զգուշացնում են, որ եթե շինանյութերի գները շարունակեն բարձրանալ, ապա դա կարող է մեծ ազդեցություն ունենալ բնակարանների գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1700 դոլարը կամ 744 հազար 100 դրամ է: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն 622 հազար դրամ է կազմել, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 122 հազար 100 դրամով: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ տարվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գներն ավելացել են 4100, Ավանում՝ 3950 դրամով, Աջափնյակում՝ 2600 դրամով, Մալաթիայում՝ 3900 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1000 դրամով: Օրինակ՝ Արաբկիրում հունիսին բնակարանի մեկ քմ-ի արժեքը 526 հազար 600 դրամ է կազմել, իսկ մայիսին՝ 522 հազար 500 դրամ: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում այս տարվա հունիսին արժեցել է 204 հազար 300 դրամ: Անշարժ գույքի շուկայի մասնագետների խոսքերով՝ բնակարան գնողները հիմնականում օգտվում են հիփոթեքային վարկերից:

 




Լրահոս