«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։
-Պրն Համբարյան, մի քանի օրից Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն Բերձորն ու Աղավնոն։ Արցախի իշխանությունները գյուղի բնակիչներին հրահանգել են տները չհրկիզել, անվնաս հանձնել Ադրբեջանին։ Ի՞նչ գնահատական կտաք։
-Ինչպես եւ կանխատեսվում էր, 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո մենք կապիտուլյացիան կապիտուլյացիայի հետեւից ենք տալիս եւ ավելի նվաստացուցիչ եւ ստորացուցիչ հարվածներ ենք ստանալու: Ինձ համար սա բացարձակ նորություն չի, խնդիրը հետեւյալն է, որ իշխանությունները փորձեցին իրենց, հատկապես՝ վարչապետին է սա վերաբերում՝ իր խորամանկությամբ այդ 6 կմ-անոց ճանապարհը չկառուցել, որքան հնարավոր է, եւ ունեցանք այն, ինչ ունեցանք: Այսինքն՝ ադրբեջանական կողմը իր պարտականությունները՝ կապված այլընտրանքային ճանապարհի հետ՝ Լաչինի միջանցքի, արել է, այդ 30 կմ-ն կառուցել է, իսկ հայկական կողմը այդ 6 կմ-անոց մասը չի էլ կատարել, եւ Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող կապիտուլյանտը, մի քանի օր առաջ կառավարության նիստին արված հայտարարությունների ժամանակ որեւիցէ քննարկում՝ այլընտրանքային ճանապարհի ուժեղացման առումով, չի իրականացրել, եւ այլընտրանքային ճանապարհի կոնկրետ ստացման պահով կոնկրետ օրեր նշված չեն: Ամեն դեպքում, որքան էլ ռուսական կողմը պարտականություններ ունի վերահսկելու այդ ճանապարհը, միեւնույն ժամանակ, պետք է պարտադիր նշենք, որ առանց հայկական կողմի համաձայնության ճանապարհը թուրքերին չէր հանձնվի: Այստեղ մենք գործ ունենք եռակողմ հակահայկական որոշման եւ դավադրության հետ:
Ե՛վ դավադրության հետ, ե՛ւ պաշտոնական Մոսկվայի, չզարմանաք՝ Երեւանի շահերը համընկնում են. Նիկոլ «Անհողը» հիմա էսպես դերասանություններ է անում, իբրեւ թե չի ուզում, եւ ռուսներն են իրեն պարտադրում, բայց չի կարող այդպես լինել: Այո, ռուսները մեր թիկունքում, հաշվի առնելով, որ մենք բանակցային սեղանի շուրջ չենք այլ՝ վրա, հարցերն է լուծում Թուրքիայի, Անկարայի հետ: Այստեղ անգամ Թուրքերը կոնկրետ հաղթանակած լինելով՝ թուրք-ադրբեջանական տանկերի մասին է խոսքս, հայերի նկատմամբ՝ Արցախի պատերազմի մասին է խոսքս, խնդիրներ են ստեղծում, եւ Ռուսաստանը, իհարկե, ցանկություն չունի իր ունեցած այլ խնդիրներին գումարել նաեւ Արցախի հակամարտության գոտում նոր խնդիրներ եւ գնում է զիջումների: Պաշտոնական Երեւանը բացահայտ կողմ է այդ ամենին, այնպես որ, այստեղ միայն ռուսական կողմին մեղադրելով չէ: Այստեղ գործում է եռակողմ՝ Բաքու-Երեւան- Մոսկվա համաձայնագիր, այդ եռակողմ համաձայնության դեպքում էլ՝ Աղավնոն, Սոսին եւ Բերձորը հանձնվում են թշնամուն օգոստոսի 25-ին:
-Սոցիալական ցանցերում բացի մեկը մյուսին մեղադրելուց ու լացուկոծ դնելուց որեւէ գործուն քայլ չի իրականացվում՝ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ հասարակության այլ զանգվածների կողմից։
-Ինչ վերաբերվում է հասարակությանը, ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ամբողջությամբ կորցրել է ինքնապաշտպանվելու բնազդը, եւ կարող եմ նշել, թե այսպիսի հասարակությունները, որքան կարող են գոյատեւել:
Ես, իհարկե, չեմ ուզում բացարձակ հոռետեսական կարծիքներ տարածել եւ պարտվողականություն փառաբանել, բայց այն, ինչ որ տեղի է ունենում մեզ հետ, աղետ է: Աղետ է, երբ մենք եւս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մենք ազգ չենք: Սա ժողովուրդ է, որը արհամարհած ունի իր պատմությունը, իր պատմական հայրենքիը. կարեւորը գումարն է, տեղ լինի՝ ման գան, ուրախանան եւ վերջ: Եթե մեր հասարակության ինչ-որ զանգվածի՝ խորհրդային քարտեզները ձեռքների տակ դրած, ասում ես՝ մեր հայրենիքն է, ասում են՝ չէ, քարտեզով Ադրբեջանինն է, էլ ինչ խոսես դրանց հետ: Այն աստիճանի տգետ են, որ նախկինները 4 տարի է իշխանության չեն, կրկին փորձում են նախկինների վրա այս ամենը բարդել: Որոշ մասը ուղղակի Նիկոլին պաշտպանելու համար ասում է՝ թող նախկինները այդ հարցը լուծեին, Նիկոլը չժառանգեր: Այնքան տգետ են, որ չգիտեն, որ աշխարհի երկրների 80 տոկոսը հարեւանների հետ տարածքային խնդիր ունի, եւ աշխարհում միակ ազգը, որ առանց պատերազմի կարող է հանձնել իր պատմական հայրենիքի տարածքները, հայերն են:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՏԱՆ
Այս տարվա հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված, ավարտած եւ 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման իրավունքով պատրաստի ծառայողական բնակարանների հատկացում: Ի դեպ, հատկացման կարգն ու պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:
Ի դեպ, պատրաստի բնակարանների ձեռքբերման գործընթացն իրականացվելու է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից, ինչից հետո դրանք ՀՀ կառավարության որոշմամբ՝ հետ վերցնելով կոմիտեից կամրացվեն պաշտպանության նախարարությանը:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ զինծառայողին ծառայողական բնակարան հատկացվելու է Երեւանում. հատկացվող բնակարանները պետք է լինեն 75-ից մինչեւ 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, վերանորոգված եւ կահավորված վիճակում: Նշենք, որ ծառայողական բնակարանների հատկացումն ապահովելու համար անցկացվելու է վիճակահանություն. արկղում դրվելու են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվելու է մեկ բնակարանի հասցեն, հարկը եւ համարը: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Բացի այս, պարզվում է, որ այս որոշման նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում՝ սկսած 2026 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում, առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի տարեկան չափը կարող է կազմել մոտ 12,5 մլրդ դրամ:
Ս.Հ.
ՄՏԱՀՈԳԻՉ ԹՎԵՐ
Հայաստանի ժողովրդագրական վիճակը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում՝ հակառակ այն բանի, որ իշխանությունները խոստացել էին այն էապես բարելավել: Հայաստանում ծնվածների թիվը բավականին պակասել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում, եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 17.249, իսկ այս տարվա 6 ամիսներին այն կազմել է 16. 511: Այսինքն՝ ծնվածների թիվը պակասել է 738-ով։ Ի դեպ, նշենք, որ այս տարվա հունվար-հունիսին, նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.3 տղա՝ 100 աղջկա հաշվով: Այսինքն՝ ծնվող տղաների ու աղջիկների թվի տարբերությունը բավականին մեծ է: Այս դիսբալանսը, ըստ մասնագետների, մինչծննդյան տեխնոլոգիաների արագ զարգացման հետեւանք կարող է լինել, որոնց միջոցով ծնողները հնարավորություն են ունենում նախապես իմանալ երեխայի սեռը եւ ընդհատել հղիությունն այն դեպքում, երբ ապագա երեխայի սեռը իգական է լինում: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ այս տարվա վեց ամիսների ընթացքում 239-ից հասնելով 220-ի: Ի դեպ, տեղեկացնենք, որ 0-1 տարեկան մահվան դեպքերի քանակը այս տարվա 6 ամիսներին կազմել է 121, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է։ Իսկ 0-4 տարեկան մահվան դեպքերի քանակը կազմել է 136:
ԿԱՐՈՂ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Սովորողը ծնողի գրավոր համաձայնության դեպքում կկարողանա օգտագործել հիբրիդային դասագիրք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել նաեւ թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը, կամ էլ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք: Նշենք, որ դասագրքի ստեղծման մրցույթին կարող է մասնակցել այն դասագիրքը, որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, եւ մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային եւ հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը տարրական, միջին եւ ավագ դասարաններում 3-ից մինչեւ 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից: Նշենք, որ հայաստանյան դպրոցները, հիբրիդային ուսուցման գնացին կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ հայտարարված արտակարգ դրության ժամանակ դպրոցները երկար ժամանակով փակ մնացին: Սակայն ուսուցիչների մի հատվածի համար հեռավար դասերը որոշ դժվարություններ ստեղծեցին, քանի որ կան տարիքով ուսուցիչներ, որոնք դժվարությամբ են օգտվում նորագույն տեխնոլոգիաներից: Իսկ մի հատվածի համար, թեեւ օնլայն դասերն արդյունավետ են եղել, բայց շատերը նախընտրում են օֆլայն տարբերակը, քանի որ մարդկային շփումը կորչում է օնլայն դասի ժամանակ։