ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա.Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վաճառքի արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ Հայկ Յուրիկի Ենգոյանից ունենալով 2.200 ԱՄՆ դոլար գումարային պահանջ, 2020 թվականի փետրվարի 18-ին, ազգականի` Եղիշե Կոլյայի Տիգրանյանի հետ այցելել է Գյումրի քաղաքի Չկալով փողոցի 1-ին հասցեում գործող «Գյումրվա բաղնիք» կոչվող շինություն, որտեղ հանդիպել է Հայկ Ենգոյանին և վերջինիս ազգական Արտյոմ Կիրակոսյանին, ապա Հայկ Ենգոյանից պահանջել է մարել պարտավորությունները, որի կապակցությամբ վերջինս պարտավորվել է Արտյոմ Կիրակոսյանի միջոցով 2020 թվականի փետրվարի 25-ին հիշյալ պարտքից մարել 460 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած մասը՝ 4 ամսվա ընթացքում:
Այնուհետեւ՝ 2020 թվականի փետրվարի 26-ին` ժամը 14:30-ի սահմաններում, «Գյումրվա բաղնիք» կոչվող շինությունում Եղիշե Տիգրանյանի հետ միասին հանդիպել են Հայկ Ենգոյանին եւ Արտյոմ Կիրակոսյանին, որի ընթացքում, ինքը եւ Եղիշե Տիգրանյանը Արտյոմ Կիրակոսյանի, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի բնակիչներ Արմեն Մնոյանի եւ Վազգեն Ղուկասյանի ներկայությամբ նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, նվաստացնելով եւ ոտնահարելով Հայկ Ենգոյանի պատիվն ու արժանապատվությունը, սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել վերջինի հասցեին, ինչին, սակայն, Հայկ Ենգոյանը չի հակադարձել՝ գտնվելով հոգեբանորեն ճնշված վիճակում: Միաժամանակ՝ իր իրական իրավունքներն ինքնակամ իրականացնելով, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունով նախատեսված դրամական պարտավորությունների վերադարձի համար սահմանված կարգի խախտմամբ, պարտք եղած գումարը Հայկ Ենգոյանից ստանալու նպատակով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքերով շուրջ 6-7 անգամ հարվածներ է հասցրել վերջինի դեմքի հատվածին` պատճառելով ձախ-վերհոնքային, ձախ-ականջախեցու, քթի, աջ թեւի եւ ձախ ականջախեցու բլթակի արյունազեղման ձեւերով՝ առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ. ապա իրական իրավունքներն ինքնակամ իրականացնելու վերը նշված դիտավորությամբ, Հայկ Ենգոյանին սպառնացել՝ է գումարը նշված ժամանակահատվածում չվերադարձնելու դեպքում Հ. Ենգոյանի ազգական Արտյոմ Կիրակոսյանի կյանքի եւ առողջության համար գործադրել բռնություն, առեւանգել վերջինիս, որից հետո նրանք հեռացել են այդտեղից՝ ներկայացնելով պահանջ՝ մինչեւ նույն օրվա ժամը 00-ն վերադարձնել գումարը, այդ կերպ փորձելով Հայկ Ենգոյանին պատճառել էական վնաս, այն է՝ իր իրական իրավունքները օրենքի խախտմամբ իրացնելու եղանակով ստիպել է Հայկ Ենգոյանին իրենց տալ 2.200 ԱՄՆ դոլլար գումարը, որպիսի պայմաններում վերջինս կհայտնվեր ֆինանսական ծանր դրության մեջ: Ինչը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցվել, քանի որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Հայկ Ենգոյանը ինքնասպանություն է գործել։
Ք.Մ.
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ օգոստոսի 6-ին Երեւանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։ Այդ օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 2/Ա շենքի բնակարաններից մեկում դի կա։ Պարզվել է, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել նշված հասցեի բնակիչ՝ 48-ամյա Արման Ե-ի եւ 74-ամյա Վարդան Ե-ի միջեւ, որի ժամանակ, Արման Ե-ն հրել է Վարդան Ե-ին, ով վայր ընկնելու հետեւանքով՝ գլուխը հարվածել է բազմոցին եւ տեղում մահացել։ Հաղթանակ թաղամասում հայտնաբերվել է Արման Ե-ն եւ սպանության կասկածանքով տեղափոխվել ոստիկանության բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվածը մահացածի որդին է։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՀՀ ՊՆ-ն պարբերբար հայտարարում է եռամսյա վարժական հավաքների մասին: Արդյունքում՝ եղել էին անձինք, որոնք հրաժարվել էին վարժական հավաքներին մասնակցելուց, իսկ որոշ դեպքեր էլ եղել էին, որ մասնակցել էին, իսկ որոշ ժամանակ անց լքել էին զորամասը, որտեղ անցկացվել էր եռամսյա վարժական հավաքները:
Եվ, ահա, դատարանը հրապարակել է առաջին վճիռը՝ վարժական հավաքներից խուսափած անձանց մասով: Մ. Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խուսափել էր մասնակցել 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը անցկացվող վարժական հավաքներին՝ դրանից ազատվելու հիմքերի բացակայության դեպքում: Արդյունքում՝ այս տարվա հուլիսի 17-ին դատարանը վճիռ է հրապարակել Մ.Մանուչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 /երկու/ ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ համաձայնեցված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանել փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով, որպես պարտականություն սահմանել նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության՝ չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը։
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկված վարութային եւ քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ եւ աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի: ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է. նա Երեւանի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Կատարվում է նախաքննություն:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Այս մասին հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո:
Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Դեպքը տեղի էր ունեցել նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց: Վերմիշյանը դատավարության կողմերին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը տասն օր առաջ, հիշեցնենք, հանկարծամահ էր եղել նույն դահլիճում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ քայլը համարել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոշել էր դատական սանկցիա կիրառել Վերմիշյանի նկատմամբ եւ նիստերի դահլիճից տասը ժամով նրան հեռացնելու որոշում կայացրել: Վերմիշյանը դատավորի պահվածքից վրդովվել էր ու նրա ինքնազգացողությունը վատացել էր: Վերմիշյանին, սակայն, հիվանդանոց չէին տեղափոխել։