«Արցախում տիրող իրավիճակն ապացուցում է, որ Արցախը պետք է հայաթափվի»: Այս մասին ասաց ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը: Նրա խոսքով՝ իրենք դիմում են Մինսկի խմբի համանախագահող պետություններին, որպեսզի նրանք կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են: Հայրյանը հավելեց, որ 1994 թվականի պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ. պատերազմի դադարից հետո Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները ասել են, որ Արցախի հարցը պատերազմական լուծում չունի, սակայն 2020 թվականի պատերազմը այլ բան ցույց տվեց:
Լեւոն Հայրյանը ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, թե ո՞վ է մեղավոր Հադրութի եւ Շուշիի հանձման համար:
«Ով հիմա հանձնում է Աղավնոն, Բերձորը, նա էլ հանձնել է Հադրութը եւ Շուշին: Պարզապես պատերազմը հնարավորություն տվեց ծածկադմփոց անել, իսկ հիմա պատերազմ չկա, չեն կարողանում ծածկադմփոց անել: Պարզապես հիմա նրանց չինովնիկներից մեկը՝ Հայկ Խանումյան անունով, գնացել է Աղավնո եւ Բերձոր եւ ասել է, որ ժողովուրդը դուրս գա տներից: Մարդկանց մեծ մասը ցանկացել է դուրս գալուց առաջ այրել իրենց տները, բայց այդ չինովնիկը ասել է՝ չհամարձակվեք այրել, եթե այրեք, փոխհատուցում չենք տա»,- ասաց նա:
Երեւանում գտնվող արցախցիներին վրդովվեցրել է այն, որ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը կոչ է արել միջազգային կառույցներին չօգնել Երեւանում ապաստանած Արցախցիներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք չվերադառնան Արցախ:
«Սա ասում են նրանք, ովքեր պետական քաղաքականությամբ մանր-մանր հայաթափում են Արցախը: Ու՞ր է Ղարաբաղը, քարտեզի վրա ցույց տվեք՝ տեսնեմ, ու՞ր է այն: Հենց Ղարաբաղում ազատագրական պայքար սկսի, մեզ չեք տեսնի, մեր պայքարը մենք կշարունակենք այնտեղ»,- ասաց նա:
Լեւոն Հայրյանը ներկայացրեց այն պահանջները, որով իրենք եկել են ԱՄՆ դեսպանատան մոտ:
«Մեր պահանջը այն է, որ վերականգնեն Արցախի Հանրապետության 1994 թվականի սահմանները, նոր դրանից հետո բանակցային ճանապարհով հարցերը լուծեն: ԱՄՆ-ին ուղղված նամակում՝ նախ, մենք անդրադարձել ենք ամենակարեւոր փաստին. մենք գրել ենք, որ Արցախում կատարվում են անմարդկային անարդարություններ, եւ Ամերիկան, որպես ժողովրդավարության դրոշակակիր, իրավունք չունի անտարբեր լինել: Մենք ԱՄՆ-ին շնորհակալություն ենք հայտնել այս տարիներին Հայաստանին օգնելու համար: Ես խոսել եմ նաեւ փախստականների մասին: Հիմա փախստականների վիճակն անմխիթար է»,- ասաց Լեւոն Հայրյանը:
Նշենք, որ այսօր Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ: Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Այսօր նրանք այցելելու են նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ` ներկայացնելով իրենց գրավոր պահանջը` երաշխավորել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ն. Հ.
683 ԱՀԱԶԱՆԳ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 ահազանգ, որից 624-ը՝ ճանաչողական բնույթի: Այս մասին հայտնում են ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից։ Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 6, տեխնածին՝ 14 եւ սոցիալ-կենցաղային բնույթի՝ 14 կանչ: Գրանցված 6 հրդեհի դեպքերը արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները եւ հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես՝ չոր խոտատարածքներում ու այգիներում, -«Մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը»: Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 5 դռան եւ 2 վերելակի բացում, փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 4 կանչերի:
Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու եւ շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ՝ վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ եւ գնդիկաբեկորային 5 ավիառումբ:
5-6 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում եւ Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա՝ 5-6 աստիճանով: Երեւանի առանձին հատվածներում օգոստոսի 8-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին եւ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Շրջանների զգալի մասում օգոստոսի 8-ին, օգոստոսի 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում կտեղա կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւելյան 2-5մ/վ: Երեկոյան ժամերին եւ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանի պետական վիճակագրության կոմիտեն հրապարակել է Հայաստանի բնակության մասին տվյալներ, ըստ որի՝ 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզի բնակչության քանակը 119 հազար 500 է, որից 49 հազար 700 մարդը՝ քաղաքաբնակ, 69,8-ը՝ գյուղական բնակչություն։
2021թ. հուլիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզի բնակչությունը 119 հազար 900 էր, որից 50 հազար 100-ը՝ քաղաքային, 69 հազար 800-ը՝ գյուղական բնակչություն։ Անցած մեկ տարում՝ 2021թ. հուլիսի 1-ից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը Տավուշի մարզի բնակչությունը նվազել է 400 մարդով, որոնք եղել են մարզի քաղաքների բնակիչներ։ 1996թ. փետրվարի 18-ին, երբ կազմավորվեց Տավուշի մարզը, մարզի բնակչության թիվը 134.100 էր։ Այսինքն՝ անցած 26 տարում Տավուշի մարզը 14 հազար 600 մարդ, մարզի երկու քաղաքի՝ Նոյեմբերյանի եւ Բերդի ընդհանուր թվով բնակչության, կամ՝ Տավուշի մարզի միջին չափի բնակչություն ունեցող 14 գյուղի կորուստ է ունեցել։
Սահմանամերձ, սոցիալական մեծ խնդիրներ ունեցող մարզի բնակչության նվազման հիմնական պատճառը՝ մարզի բնակավայրերում մահվան դեպքերի մեծ թիվը եւ ծնունդների համեմտաբար փոքր քանակն է եւ արտագաղթը։ Տավուշի մարզից հիմնականում գաղթել են Ռուսաստան, փոքր չափով ներքին միգրացիա է եղել, այսինքն՝ սահմանամերձ գյուղերից տեղափոխվել են Երեւան կամ՝ Հայաստանի այլ բնակավայրեր: Երեք տարի առաջ մայիսի 9-ին Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիները միասին տոնել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, այդ քեֆին մասնակցել է մոտ 200 բարեկամավանցի։
Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում այժմ փաստացի բնակվում է նույնքան՝ մոտ 200 մարդ։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից մեծ արտագաղթ եղել, ոսկեպարցիները հիմնականում բնակվում են Բոլգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, Վորոնեժում, Կուրսկում եւ այլուր։ Ոսկեպարցիները համահավաք ապրում են Ստարի Օսկոլ քաղաքում, որին կատակով Նովի Ոսկեպար են կոչում։ Արտագաղթը մեծ է եղել նաեւ Բերդ համայնքի բնակավայրերում, հատկապես՝ սահմանամերձ Մովսես գյուղում, որի շատ բնակիչներ հաստատվել են Մոսկվայում եւ այնտեղ գործարարությամբ են զբաղվում։ Մոսկվայում ռուսական հանրակրթական դպրոցներ կան, որտեղ դասարանների աշակերտների մեծ մասը Մովսեսից գաղթածների երեխաներն են։ Արտագաղթը ցայտուն է երեւում Տավուշի մարզի սահմանամերձ, փոքր գյուղերում, որոնցում թաղեր կան, ուր երեկոները տներից մեկ-երկուսում է լույս վառվում, այնտեղ էլ հիմնականում ծերեր են մնացել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ