ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության ոլորտում փոփոխություններ են սպասվում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են մի շարք ուղղությունների: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսպես է բնորոշել նախագիծը՝ խստացված և պարզեցված: Այսինքն՝ մի շարք ուղղություններով խստացումներ են նախատեսվում, մի շարք ուղղություններով՝ պարզեցումներ:

 

«Մենք ընդլայնել ենք այն ոլորտները, որոնք պետք է անցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության գործընթաց: Օրինակ՝ ՀԷԿ-երը: Եթե մեկ ՄգՎտ հզորությունը գերազանցում է, ապա նոր գործող օրենսդրությամբ նախատեսվում է ՇՄԱԳ փորձաքննություն: Հիմա նոր փոփոխությամբ բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար անհրաժեշտ է լինելու համապատասխան փորձաքննություն: Սա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր ՀԷԿ-երի շահագործման հետեւանքով ունենք բավականին վատ իրավիճակ՝ գետերի հետ կապված»,-ասաց Գայանե Գաբրիելյանը: Խստացումների թեման շարունակելով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում եւս փոփոխություններ են նախատեսված: Գործող օրենքը պատասխանատվություն է նախատեսում՝ առանց փորձաքննության դրական եզրակացության գործունեություն ծավալելու համար: Նոր փոփոխություններով՝ պատասխանատվության չափը բավականին խստացվել է: «Գործող օրենսգրքում տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի, մինչեւ 150-ապատիկ է սահմանված, այս նոր նախագծով՝ մինչեւ 5000-ապատիկ: Դրանից բացի, առանց փորձաքննության դրական եզրակացության պարագայում գործունեություն սահմանելու դեպքում՝ Բնապահպանության եւ ընդրեքի տեսչական մարմինը կարող է կասեցնել տնտեսվարողների գործունեությունը»,-ասաց Գայանե Գաբրիելյանը: Գործող օրենքում բացակայում է պատասխանատվությունը՝ փորձաքննության պահանջների եւ պայմանների չկատարման համար: Նոր նախագծով նաեւ դրա համար է սահմանվել պատասխանատվություն:  Եթե տնտեսվարողը ցանկանում է գործունեությունն ընդլայնել կամ վերապրոֆիլավորել ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նորից ներկայացնել փորձաքննության, ապա պարտավոր է դա կատարել, հակառակ դեպքում՝ օրենքով պատասխանատվություն է նախատեսված: Ինչ վերաբերում է գործընթացների պարզեցումներին, ապա նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ բիզնեսը կամ պատասխանատու կառույցն իր նախագծի շուրջ կարող է հանրային լսումներ կատարել երկու անգամ՝ գործող 4-ի փոխարեն: Նախարարի տեղակալը նկատեց, որ եթե երկուսից ավելի հանրային լսումների անհրաժեշտություն կա, ապա օրենքը չի արգելում, դա կարող է արվել: Պարզապես հանրային լսումների նվազագույն պահանջը սահմանվել է 2: Նախագիծն այժմ շրջանառվում է կառավարությունում: Նախատեսվում է, որ գործադիրն այն հավանության կարժանացնի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ակնկալվում է, որ այս նոր նախագիծը կլինի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում:

Ն. Հ.

 

 

 




Լրահոս