Ծովինար գյուղի երկու բնակչի ծեծկռտուքի դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նշված գյուղի 33-ամյա բնակչի «գլխի բազմաթիվ վնասվածքներ», ինչպես նաև նույն գյուղի մեկ այլ՝ 57-ամյա բնակչի «ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն դիմելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է օգոստոսի 9-ին:

«Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ծովինար գյուղին հարակից անտառամերձ ճանապարհին, նախկինում ունեցած անձնական խնդիրների պատճառով, 33 և 57-ամյա համագյուղացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ընթացքում վերջինս ատրճանակից կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է 33-ամյա տղամարդու կողմից իրավապահներին ներկայացված հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համագյուղացիների միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի փաստի առթիվ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս