ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 65

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ տարվող իբրեւ թե անարդար քաղաքականությունը դեռեւս ուլտրաընդդիմադիր պատգամավորի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի խոսույթի հիմնական մեխերից մեկն էր: Ընդդիմադիր Փաշինյանը, օրինակ, 2017-ին այն համոզումն ուներ, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գինն անընդհատ բարձրանալու է: «Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու կամ մեր երկրի ինքնիշխանությունը կաշկանդելու մշտական գործիք է լինելու ՌԴ-ի ձեռքին: Գազի էժան գնի ասեղի վրա ՀՀ-ին նստեցնելն ու վախեցնելը հիբրիդային պատերազմով օկուպացնելու պարզ օրինակ է: 15-20 տարի մեր աչքն են կոխում, թե բա՝ էժան գազը, էժան գազը: Հասկացա՛նք»,- բարձրաձայնում էր ընդդիմադիր պատգամավորը:

Ընդամենը մեկ տարի անց, սակայն, նրա՝ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունների, ինչպես նաեւ պաշտոնական Մոսկվայի՝ «ՀՀ-ին գազի էժան գնի ասեղի դնելու մասին» պատկերացումները շեշտակի փոխվեցին, ավելին՝ վարչապետ Փաշինյանն անձամբ սկսեց գլուխ գովել, թե Ռուսաստանը պաշտոնական Երեւանին բավականին էժան գնով է գազ վաճառում:

Այսպես, 2018-ի սեպտեմբերի 9-ին, հայտարարում էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել, որ գազը Հայաստանին էժան մատակարարվի: «Դա ինչի՞ համար է արել. որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի: Պուտինն ինձ հետ զրույցում նույնիսկ հիշեց, որ նման հրահանգ է տվել Գյումրի կատարած այցից հետո: Շփվելով մարդկանց հետ՝ նա  զգացել է, որ գյումրեցիների, ՀՀ քաղաքացիների վիճակն այդքան էլ լավ չէ, ու որոշել է նման քայլով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- իրեն հատուկ գոհունակ ժպիտով հայտարարում էր Փաշինյանը:

Ստացվում է՝ գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ ստել է:

 

 

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» արդեն ներկայացվել է խորհրդարանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորներն այն կքննարկեն սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում, երբ խորհրդարանը ետ կգա արձակուրդից։ Մենք տեղեկացանք, որ այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի: Այսպիսով, ծրագրի ներածության մեջ անդրադարձ է կատարվել 2020-ին կորոնավիրուսային հիվանդության եւ 44-օրյա պատերազմի թողած ազդեցությանը կրթության համակարգի վրա եւ ծագած հրատապ խնդիրներին։ Ըստ նախարարության ծրագրի՝ հետեւանքները օրակարգ են բերում ոչ միայն կրթական միջավայրի անվտանգությանը, այլեւ կրթական բովանդակությանն առնչվող շեշտադրումների փոփոխության անհրաժեշտություն։ Առաջարկվում է, որ մինչեւ 2030 թվականը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսն ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում։ Այս ծրագիրն արդեն անցել է հանրային քննարկում, իսկ գլխավոր քննարկումը կանցկացվի խորհրդարանում։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն  նաեւ մեղադրանք  է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, եւ նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին: Նախկին ու ներկա իշխանությունների օրոք զենքի առեւտրով ու ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը եւ քրոջորդին կալանքի տակ էին մինչեւ ՊՆ գեներալին  կալանավորելը: Այսօր նրանք  ազատության մեջ են, իսկ գեներալ Հարությունյանը կալանքի տակ է: Ինչպես, ինչի դիմաց՝ անհասկանալի է: Գալստյանը կարողանում է բոլոր իշխանությունների օրոք հարցեր լուծել, անպատիժ մնալ: Դեռեւս  երկու տարի առաջ տեղեկացրել էինք, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը իր ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ: Դրանց դիմաց Գալստյանը 1 մլն 83.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: Փաստորեն, չկրակող արկերը պետության վրա վաճառողը ազատության մեջ է:

 

 

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարծենում է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճով՝ մոռանալով գյուղատնտեսության ոլորտի անկման ցուցանիշները: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, նվազել է 5.5 տոկոսով` կազմելով 291 մլրդ 864.6 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում: «Ժողովուրդ»  օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 351 մլրդ 570.6 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.4 տոկոսով:  Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 119 մլրդ 510 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 8.8 տոկոսով: Մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ո՛չ խորհրդատվությամբ է գյուղացուն օգնում, ո՛չ դիզվառելիքով եւ ո՛չ էլ սերմացուով: Կառավարությունը մեկ պարկ պարարտանյութի դիմաց վճարեց 9000 դրամ՝ մեծ բաժինը (14.000 դրամ) թողնելով գյուղացու ուսերին:

 

 




Լրահոս