Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով Կանադային եւ միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի վերջին խախտումն է։ Ես անհանգստացած եմ Ադրբեջանի վերսկսված ագրեսիայի առիթով եւ կոչ եմ անում Կանադային ու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն»,- գրել է նա:
«Միացյալ Նահանգներն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ»,- Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը՝ արձանագրելով, որ այդ մարտերի հետեւանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ:
«Մենք մոտիկից հետեւում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից:
Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման կարեւորությունը»,- նշել է Օսթրիանը:
Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ կոչ անելով դեէսկալացնել իրադրությունն ու ուղիղ շփումներ սկսել՝ նվազեցնելու լարվածությունը: «Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաեւ որպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության հաստատմանը եւ օգնել հասնել հակամարտության տեւական քաղաքական կարգավորման»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։
«Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
Պայթուցիչի օգտագործման կանոնները խախտելու եւ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով վիրավորում են ստացել ՊԲ 2 պայմանագրային զինծառայողներ. տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։ Մասնավորապես, վիրավորում են ստացել Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը եւ Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Նշենք, որ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը եւ երեկ՝ ժամը 12:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ «Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները դադարեցրել են երեկ կառավարության մոտ կազմակերպած իրենց բողոքի ակցիան։ Նրանք դեռ նախօրեից կառավարության շենքի առջեւ էին: Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն, եւ հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները։ Հիշեցնենք, որ Շիրակցի զինծառայողները գերեվարվել են Խծաբերդում 2020-ի դեկտեմբերի 16-ին՝ եռակողմ հայտարարությունից հետո։ Գերիների ծնողները, այլ հարազատներ քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։ Պաշտոնական տվյալներով` առնվազն 40 անձ դեռեւս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ գերիների թիվը շատ ավելին է։
ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՆԻ
«ԱՄՆ-ն պետք է միջուկային զենքը հեռացնի երրորդ երկրներից»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Զենքի չտարածման եւ վերահսկողության վարչություն փոխտնօրեն Իգոր Վիշնեւեցկին։ «ԱՄՆ միջուկային զենքը պետք է բերվի ազգային տարածք»,- ասել է Վիշնեւեցկին ՄԱԿ-ում: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն բացահայտորեն իրեն հռչակում է որպես միջուկային դաշինք, եւ որ ԱՄՆ միջուկային զենքը գտնվում է ոչ միջուկային երկրների տարածքում: Վիշնեւեցկին սա անվանել է գործոն, որը բացասաբար է անդրադառնում անվտանգության վրա, մեծացնում է միջուկային հակամարտության վտանգը եւ արգելակ է զինաթափման համար։ Նա հավելել է, որ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա AUKUS գործընկերությունը նախադրյալներ է ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի համար:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մարտի 18-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, ներկա գտնվելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր որդու վերաբերյալ քննվող թիվ ԼԴ/0141/01/14 քրեական գործի դատաքննությանը եւ դրսեւորելով բարոյական նորմերը խախտող վարքագիծ, բազմաթիվ անձանց, դատավորի եւ դատական նիստերի քարտուղարի ներկայությամբ դատաքննության մասնակից, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի անձն անպարկեշտ ձեւով ստորացնելու դիտավորությամբ աղմուկ-աղաղակ է բարձրացրել, ցուցադրաբար մոտենալով վերջինիս՝ սպառնացել է, ապա Վ. Դոլմազյանի հասցեին հնչեցրել է անձնական վիրավորանքներ՝ նման եղանակով դատարանի նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք:
3,5 ՏԱՐԻ՝ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ
Շուրջ 3,5 տարի է՝ դատարանը քննում է գործարար բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի դեմ հարուցված քրեական գործը: Դատարանը 3,5 տարի անց՝ 2022թթ. հունիսի 28-ին, որոշել է պաշտպան Նիկոլայ Հակոբյանի կողմից ներկայացված՝ Բարսեղ Բեգլարյանի անշարժ եւ շարժական գույքերը կալանքից հանելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել: Ստացվում է, որ գործարարը 3,5 տարի չի կարողացել իր գույքը տնօրինել:
Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է ինքնիրավչության մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ Բեգլարյանի որդուն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Նախնական քննության տվյալներով՝ Ն. Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերանս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու համար: Պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավապահ մարմիններին դիմելու եւ օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումը ստանալու փոխարեն՝ բռնության գործադրմամբ, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։